‘Սաակաշվիլիի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում’

1227

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոշտ քննադատություն է հնչեցրել Ռուսաստանի հասցեին: Իր քննադատական ելույթում Սաակաշվիլին շեշտել է, որ Ռուսաստանին ձեռնտու չեն նախկին խորհրդային  ուժեղ պետություններ՝ Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Ադրբեջան: «Դուք կարծում եք, թե Պուտինն ուզո՞ւմ է, որ Հայաստանը հաղթի Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ո՛չ: Դա Հայաստանը չափազանց ուժեղ կդարձներ և հնարավորինս՝ չափազանց անկախ: Թե՞ կարծում եք, որ հակառակն է ճիշտ՝ թե Մոսկվան ուզում է, որ Բաքուն հաղթի Երևանին: Ո՛չ, նրանք չեն ուզում, որ որևէ մեկն առհասարակ հաղթի, հենց հակամարտությունն է նրանց նպատակը, քանի որ այն խանգարում է ժողովուրդներին անկախ դառնալ և արգելափակում է նրանց ինտեգրումը Եվրոպական միությանը»,- ասել է Սաակաշվիլին: Նա նաև ընդգծել է, որ «Եվրասիական միությունը Պուտինի կողմից կազմավորվել է որպես այլընտրանք Եվրամիությանը և նրա նոր նախագահական ժամկետի հիմնական նախագիծն է»: «Եվրասիական միությունը հիմնվում է Եվրամիության սկզբունքներին հակադիր սկզբունքների վրա: Նա սնվում է անհանդուրժողականությամբ, այն ղեկավարում են ԿԳԲ-ի նախկին գործակալներ, նրա նպատակն է վերածնել հին կայսրությունը: Եվրասիական միությանը միանալը շատ հեշտ է՝ չկա ոչ մի սոցիալական, քաղաքական կամ տնտեսական չափանիշ: Գաղութ դառնալը շատ հեշտ է: Միակ պահանջը՝ պասիվություն և միջակություն»,- ասել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախագահի ելույթից քիչ անց ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «2008 թ. Հարավային Օսիայում սանձազերծած արյունալի արկածախնդրությունից հետո Սաակաշվիլիի ելույթները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում աչքի են ընկնում կոշտ հակառուսաստանյան հարձակումներով: Այս անգամ դա նույնիսկ ելույթ չէր, այլ զառանցանքների հավաքածու, որը ոչ միայն հակառուսաստանյան, այլև ռուսոֆոբիական և հակաուղղափառ բնույթ ուներ: Վրաց ժողովրդի համար՝ բարեբախտաբար՝ մոտ է այդ մարդու քաղաքական կարիերայի մայրամուտը, որի հոգեկան վիճակը մասնագիտական գնահատականի կարիք ունի», փոխանցում է golos-ameriki.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իրանը ցանկանում է համաձայնագիր ստորագրել միջուկային ծրագրի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Այո՝ հայաստանակենտրոնություն’