‘Խմբագրական. Անկախության երթ’

1691

Սեպտեմբերի 21-ին՝ անկախության օրը, Երեւանում տեղի ունեցավ բավականին նշանակալի իրադարձություն: Մի խումբ քաղաքացիների նախաձեռնությամբ կազմակերպվեց եւ իրականացվեց Անկախության երթ, որն իր մեջ պարունակում էր թե՛ տոնական տրամադրություն, թե՛ քաղաքական բողոքի տարրեր՝ ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյանի հեռացման պահանջ: Չնայած երթի շուրջ հետագայում արտահայտված որոշ տարաձայնությունների, որոնք կարող են մասամբ ստվերել դրա արդյունքում ստեղծված դրական մթնոլորտը, կարծում ենք, որ այս քաղաքացիական գործողությունը ուշագրավ նորամուծություն էր մեր հասարակական կյանքում: Խնդիրն այն է, որ ցայսօր անկախության տոնը նշվել է մեզանում միայն պաշտոնական մակարդակով, բնականաբար՝ սովետական եւ հետսովետական պատշտոնականին բնորոշ բոլոր առանձնահատկություններով՝ բովանդակազուրկ ծիսականությամբ, խոսքի եւ իրականության անդունդային հակասությամբ, կեղծիքով: Պաշտոնյաներն ու ընտրյալները հավաքվում են դահլիճներում՝ բրեժնևյան միջոցառման, իսկ ժողովրդի համար նախատեսված է «հանդես»՝ էստրադային ոճի համերգ՝ տեղական կամ բերված «աստղերի» մասնակցությամբ: Լավագույն դեպքերում՝ անկախության օրը եղել է զորահանդես: Այդպիսով՝ անկախության օրվա նշումը կենդանությունից, բովանդակությունից զուրկ մի արարողության էր վերածվում:

Բնական է, որ բռնապետությունը պետք է միշտ էլ ամեն բան անի, որպեսզի անկախությունը, որպես անխուսափելիորեն քաղաքական բովանդակություն ունեցող տոն, զրկվի այդ բովանդակությունից, ապաքաղաքականացվի: Բռնապետությունն ու անկախությունն ուղիղ հակասության մեջ են միմյանց հետ: Անկախության օրվա խորհուրդը մարդկանց հուշում է ազատության, քաղաքացիական ներգրավվածության, զանգվածային պայքարի, ինքնորոշման մասին: Չէ՞ որ դա, ըստ էության, քաղաքացիների ինքնորոշման տոն է, իսկ այդ ինքնորոշումն էլ հնարավոր է դարձել երկարատեւ զանգվածային, հրապարակային պայքարի շնորհիվ, որովհետեւ գլխավոր բեմը եղել է ոչ թե տաքուկ դահլիճներում, այլ հրապարակներում, իսկ գլխավոր դերերում են եղել ոչ թե բյուրոկրատ պաշտոնյաները, այլ զանգվածները եւ հրապարակային պայքարի կազմակերպիչներն ու առաջնորդները: Չենք էլ ասում, որ անկախություն եզրույթն իսկ հականիշ է բռնապետությանը: Ահա, ուրեմն, քաղաքական այդ կենդանի բովանդակության չեզոքացումն ու տոնակատարության առավելագույն ձեւականացումն է բռնապետության բնազդային նպատակը: Պաշտոնական բրեժնեւիզմով եւ էստրադային համերգներով այդ նպատակին հասնում են լավագույնս:  

Տարիներ շարունակ այդ վիճակից դժգոհ, անկախության տոնն իր բովանդակությամբ վերապրող քաղաքացիներին մնում էր միայն կրավորական դժգոհությունը, որը հրապարակային տեսք չէր ստանում: Այս տարի ավանդույթը խախտվեց՝ շնորհիվ արդեն հիշատակված Անկախության երթի: Անկախության օրը, որքան հիշում եմ, Երեւանում չի եղել ինքնաբուխ քաղաքացիական հավաք, ուր մարդիկ, մի կողմից՝ նշեն օրվա խորհուրդը, իսկ մյուս կողմից էլ՝ վերադարձնեն եւ շեշտեն անկախության տոնի քաղաքական բովանդակությունը: Եթե որեւէ մեկն առարկի, թե տոն օրով բողոքի գործողություն անելը հակասություն է, ապա մենք կարող ենք ասել, որ քաղաքական բողոքն ավելի է սազում անկախության օրվա իրական իմաստին, քան որեւէ արհեստածին, ձեւական տոնակատարություն: Անկախության օրը, ինչպես եւ ժամանակակից տոների զգալի մասը (օրինակ՝ մարտի 8, մայիսի 1, մայիսի 28) քաղաքական են իրենց բնույթով: Բացի այդ՝ անկախության օրվան, ավելի, քան որեւէ մեկ այլ օրվա, պատշաճ են հենց քաղաքացիական ինքնակազմակերպման, ստեղծագործության դրսեւորումները:

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 21-ի երթի կոնկրետ օրակարգին, ապա պարզ էր ի սկզբանե, որ իշխանությունն, իր հերթին, փորձելու է երթի շեշտադրումները շեղել իրեն հարմար ուղղությամբ, դրա քաղաքական բովանդակությունը եթե ոչ վերացնել, ապա գոնե «անշառացնել»: Դա, սակայն, չհաջողվեց, եւ կարծում ենք, չէր էլ կարող հաջողվել, քանզի այս պահի քաղաքական-հասարակական մթնոլորտը, միջավայրն այնպիսին են, որ ցանկացած իրապես քաղաքական գործողություն ինքնաբերաբար առաջացնում է հրաժարականի պահանջ՝ արտաքին եւ ներքին քաղաքական անկհայտ եւ աննախադեպ տապալումների պայմաններում:

Անկախության երթը կայացավ եւ հաջողվեց, եւ հուսանք՝ դա ոչ թե մեկ անգամվա գործողություն էր, այլ ապագան կանխորոշող մի հերթական սկիզբ: Մեր հասարակությունը դանդաղորեն, բայց փոխվում է: Դեռեւս մի 7 տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել նման բազմամարդ, ինքնաբուխ քաղաքական գործողություն: Այսօր կարող ենք նույնիսկ ինչ-որ տեղ դժգոհել եւ պահանջել ավելին: Սա թարմացող, նորացվող Հայաստանն է, իրապես անկախացող Հայաստանն է, որը առաջարկում է իր կենդանի իրականությունը՝ ի հակադրություն պաշտոնական կիսագաղութային բռնակալական վարչակարգի իրականության: Վերջինիս մոտ է այս պահին ռեսուրսների մեծ մասը, բայց բովանդակությունը եւ, չվախենանք ասել՝ ոգին, նրանից դուրս է շրջում: 

Նախորդ հոդվածը‘ՀԱՊԿ երկրների ղեկավարները Սոչիում կքննարկեն Աֆղանստանից եկող վտանգները’
Հաջորդ հոդվածը‘Պլատինի. Ռիբերին «Ոսկե գնդակի» իրական հավակնորդ է’