‘Խմբագրական. Արի տուն, սիրիահայ’

1781

Բրիտանական Independent պարբերականը երեկ այսպիսի վերտառությամբ նյութ է հրապարակել. «Խորհրդարանի դահլիճում մարդիկ կան, որոնք մինչեւ հիմա չգիտեն, թե որտեղ է գտնվում Դամասկոսը, Սիրիան, թեեւ հնարավոր է` մենք ռմբակոծենք դրանց»:

Հայաստանի իշխանությունների զգալի մասն էլ գուցե տեղյակ չէ, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում Սիրիան: Բայց դա հարցի մի կողմն է: Որովհետեւ եթե Հայաստանը դասական իմաստով իշխանություն ունենար, ապա որեւէ մեկի մտքով չէր էլ անցնի հարց ուղղել նրանց` իսկ դուք գիտե՞ք, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում Սիրիան:

Սիրիայում` քաղաքացիական պատերազմից առաջ հրապարակված նյութերի համաձայն, մինչեւ պատերազմը բնակվում էր շուրջ 100 հազար հայ, որոնց մեծ մասը կենտրոնացված էր Հալեպում (շուրջ 60 հազար), մնացածը` Դամասկոսում (շուրջ 6-7 հազար), Լաթաքիայի, Հոմսի, Ռակկայի, Հասաքեի, Դեյր Զորի նահանգներում (ավելի քան 30 հազար): Մասնագետները պնդում են, որ տեղական կառույցները սովորաբար մի փոքր ուռճացնում են տեղի հայության թիվը, եւ որ տեղի հայ բնակչության իրական թիվը մինչեւ քաղաքացիական պատերազմը մոտավորապես 60-80 հազար էր:

Քաղաքացիական պատերազմի ընթացքում բազմաթիվ սիրիահայեր արտագաղթել են, եւ ըստ որոշ տեղեկությունների` նրանցից միայն մոտ 7000-ն է եկել Հայաստան: Ու չնայած այսօր ստույգ թիվ չի նշվում, սակայն, փաստ է, որ մի քանի տասնյակ հազար սիրիահայեր դեռեւս մնացել են Սիրիայում` քաղաքացիական պատերազմի թոհուբոհում:

Եւ այժմ, երբ Արեւմուտքը քննարկում է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը, ինչը նշանակում է, որ այդ պարագայում պատերազմական գործողություններն ավելի ահռելի ծավալների կարող են հասնել` որպես հետեւանք ավելի մեծ ավերածություններ եւ զոհերով, Հայաստանի իշխանությունները (եթե մենք այդպիսին ունենայինք), պետք է որ արդեն տագնապ բարձրացրած լինեին, իսկ ԱԳՆ-ի լույսերը նույնիսկ գիշերները չպիտի անջատվեին:

Բայց դա` եթե Հայաստանը դասական իմաստով իշխանություն ունենար: Որովհետեւ այդ պարագայում իշխանությունը կգործեր որպես իրական իշխանություն, որը հետապնդում է ոչ թե իր նեղ անձնական, այլ` պետական, հանրային շահը: Պետական շահ հետապնդելու պարագայում իշխանությունները Հայաստանին եւ հայությանը սպառնացող հնարավոր ցանկացած վտանգի դեպքում արդեն պետք է մոբիլիզացրած լինեին իրենց դիվանագիտական, ֆինանսա-տնտեսական, կազմակերպչական ողջ ներուժը` հնարավոր վտանգը չեզոքացնելու կամ վտանգին հնարավորինս նվազ կորուստներով դիմագրավելու համար: Եթե Հայաստանն իշխանություն ունենար, ապա Սիրիայում դեռ հակակառավարական ցույցերի ժամանակ, երբ դեռ քաղաքացիական պատերազմն ընդամենը հավանական էր թվում, պետք է արդեն գիտակցած լինեին, թե իրադարձությունների ռազմական զարգացման պարագայում ինչ վտանգ կարող է սպառնալ սիրիահայերին, եւ ինչպես օգնել նրանց:

Մինչեւ քաղաքացիական պատերազմի մեկնարկը, անգամ եթե դա միայն հավանական էր թվում, բայց ոչ` իրական, ՀՀ իշխանությունները պետք է գործողությունների հստակ պլան ունենային` բոլոր մանրուքները ներառյալ.

  1. Քանի հայ է բնակվում Սիրիայում (հնարավորինս ստույգ թիվ)
  2. Նրանցից մոտավորապես քանիսը հավանական պատերազմի պարագայում Սիրիան լքելու ցանկություն կունենա, իսկ քանիսը  կցանկանան գալ Հայաստան
  3. Ինչպես է հնարավոր օգնել ոչ միայն նրանց, ովքեր կցանկանան գալ Հայաստան, այլեւ` նրանց, ովքեր կցանկանան գնալ այլ երկրներ
  4. Արդյոք մեծ հոսքի պարագայում փաստաթղթային խնդիրներ չեն առաջանա. Եթե` այո, ապա որքան ժամանակ է պետք այդ խնդիրները (մինչեւ հնարավոր պատերազմի մեկնարկը) լուծելու համար
  5. Ինչ ճանապարհով են սիրիահայերը հասնելու Հայաստան` օդային, ցամաքային, ջրային
  6. Եթե հավանական պատերազմն իրականություն դառնա, ինչը ենթադրում է նաեւ օդային ճանապարհի դժվար հասանելիություն (եթե ոչ` լիակատար անհասանելիություն), ինչ այլընտրանքային ուղիներով է հնարավոր սիրիահայերին բերել Հայաստան
  7. Հայաստան ներգաղթողների մեծ հոսքի դեպքում ինչ այլ հավանական ռիսկեր կարող են լինել ճանապարհին, այստեղ` սահմանին եւ արդեն Հայաստանում
  8. Արդյոք նրանցից բոլորը ֆինանսապես պատրաստ կլինեն գալ Հայաստան. Եթե` ոչ, ապա ինչ միջոցներով հնարավոր կլինի արագ լուծել նրանց տեղափոխումը
  9. Արդյոք Հայաստանը պատրաստ է նրանց ապահովել կացարաններով (ոչ թե Երեւանում ազատ բնակելի տների վարձակալության գները աստղաբաշխական թվերով նրանց առաջարկելով), աշխատանքով եւ կենցաղային այլ անհրաժեշտ միջոցներով
  10.  Եթե հավանական պատերազմը ձգվի շատ ավելի երկար, իսկ Հայաստան եկած սիրիահայերի մի մասն էլ Հայաստանում մշտական բնակություն հաստատելու ցանկություն ունենա, ինչ միջոցներով է հնարավոր ապահովել նրանց հետագա կեցության հարցը
  11. Որքանով է երկիրը պատրաստ աջակցել նրանց լեզվական, կրթական, սոցիալական ինտեգրմանը այստեղ` Հայաստանում
  12. Մոտավորապես որքան ֆինանսական միջոցներ են Հայաստանին անհրաժեշտ այս խնդիրները լուծելու համար, եւ դրանցից որքանն է հնարավոր հատկացնել պետբյուջեի հաշվին
  13. Ֆինանսական ինչպիսի այլընտրանքային միջոցներ է հնարավոր ներգրավել այս խնդիրները լուծելու համար` գործարարներ, հայտնի հայեր, մարաթոններ, գրանտներ, պետական վարկեր, մարդասիրական օգնություններ եւ այլն

Սրանք հարցերի ընդամենը չնչին մասն են, որոնց պատասխանները ՀՀ իշխանությունները դեռ մինչեւ պատերազմի մեկնարկը պետք է ունենային իրենց դարակներում պինդ պահած, իսկ վտանգի ավելի իրատեսական դառնալու պարագայում պետք է արտակարգ եղանակով գործի դնեին ողջ դիվանագիտական կորպուսը. ընդ որում` ոչ միայն Սիրիայում, այլ նաեւ Լիբանանում ՀՀ դեսպանատան միջոցով, եւ նաեւ հաշվի առնելով Հորդանանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու հանգամանքը (Սիրիայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նաեւ Հորդանանում է ՀՀ դեսպան):

Բայց այդ ամենն, ինչպես նշեցինք, հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե Հայաստանն իշխանություն ունենար, որը ոչ թե իր նեղ` անձնական, չարչիական շահերն է հետապնդում, այլ միայն ու միայն պետական շահը:

Իսկ ի՞նչ ունենք այսօր:

Մոտ 100 հազարանոց սիրիահայ համայնքի մի մասը նախընտրեց մնալ պատերազմական գործողությունների թոհուբոհում, մի մասն արտագաղթեց այլ երկրներ, եւ նրանցից միայն մոտ 7000-ը եկավ Հայաստան: Ի դեպ, ըստ մի քանի ամիս առաջ հրապարակված տեղեկություների, հայրենիք եկած սիրիահայերի մի մասը որոշ ժամանակ անց նախընտրեց լքել Հայաստանը:  

Պաշտոնական մակարդակով խնդրին մեկ անգամ «հանգամանալից» անդրադարձավ Սերժ Սարգսյանը` հասկացնելով, որ իր իշխանությունը սիրիահայերին Հայաստանում չի սպասում: 

Անցած տարվա նոյեմբերին, քաղաքացիական պատերազմի ամենաթեժ պահին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում թեմական ներկայացուցչական ժողովին մասնակցող Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարեց. «Այսօր մեր ժողովրդի մի հատվածը՝ սիրիահայությունը, տագնապալի օրեր է ապրում: Սա պատմական փորձություն է, որին պետք է դիմակայել միասնաբար: Այստեղ անելիք ունեն բոլորը՝ և՛ Եկեղեցին, և՛ պետությունը, և՛ իհարկե` Սփյուռքի մեր համայնքները: Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է. մենք կոչ չենք անում մեր սիրիահայ եղբայրներին լքել Սիրիան: Սիրիայի հայկական գաղթօջախը պատմականորեն ձևավորված, ամուր ու կենսունակ համայնքներից է, և մենք հույս ունենք, որ գալու են խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի և նրա հայ քաղաքացիների համար: Համայն հայությունը, այդ թվում և Հայաստան պետությունը, պետք է օգնեն նրանց, ովքեր մնում են Սիրիայում՝ պահպանելու հայկական օջախը: Մյուս կողմից մենք ասում ենք, որ եթե մարդը, այնուամենայնիվ, որոշել է արտագաղթել Սիրիայից, ապա գերադասելի է, որ նա գա Հայաստան: Այս դեպքում ևս համայն հայությունը, այդ թվում և Հայաստանը, պետք է օգնեն նրան հաստատվելու և նոր արմատներ գցելու հայրենիքում»:

Ուրիշ է՞լ ինչ ունենք: Մի քանի ամիս տեւած «Արմավիայի» հայտնի պատմությունը` մեկ Հալեպ թռչող, մեկ` չթռչող օդանավերի հետ կապված, պատերազմից մազապուրծ Հայաստան եկած սիրիահայերի գլխին թանկով տուն նաղդելու ցանկությամբ տոգորված բրոքերական «մաֆիայի» ցանցը, (իսկ Հայաստանում ոչ մի սուվերեն կամ ինքնաբուխ «մաֆիա« իրականում գոյություն չունի, եթե այնտեղ իշխանությունները փայ չունեն), Աշտարակ քաղաքի մերձակայքում միայն նոր-նոր կառուցվող Նոր Հալեպ թաղամասը, որի կառուցման գումարի մի մասը, ինչպես իշխանական ԶԼՄ-ներով էին հաղորդում, տրամադրել են բնակարան ձեռք բերելու ցանկություն հայտնած սիրիահայերը, իսկ մյուս մասը պետք է հավաքագրվի նվիրատվություններից, սիրիահայ 1000 ընտանիքի`Քուվեյթի կառավարության կողմից հատկացված դրամական օգնությունը` բաժանված Երեւան Սիթիի քարտերի տեսքով, եւ «մի կին ատամնատեխնիկ», որը մի կողմից հանդիպման ժամանակ մուննաթ է գալիս իր հետ չհամաձայնվող սիրիահայի վրա, մյուս կողմից ասում է` «Արի տուն»: Հա,  նաեւ օդում թեւածող մի հարց`իսկ ո՞ւմ է պատկանել (կամ` պատկանում) այն հողակտորը, որտեղ որոշել են կառուցել Նոր Հալեպ թաղամասը:

Իսկ դուք դեռ զարմանում եք, թե բրիտանական խորհրդարանում մարդիկ կան, որոնք չգիտեն, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում Սիրիա՞ն: 

Նախորդ հոդվածը‘Կալանավորի ամեն օրը 30 000 եկամուտ է ապահովում ՔԿՀ պաշտոնյաներին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 4 մարդ տեղում մահացել է’