‘Խմբագրական. Աքացի՝ պետությանն ու հաղթանակին’

2336

Ազատամարտիկների վրա արդեն որերորդ հարձակումն ու ծեծը անարձագանք չմնաց: Եւ այդ արձագանքն ավելի ուժգին էր, քան նույնիսկ տարիներ առաջ, երբ բազմաթիվ ազատամարտիկների շինծու մեղադրանքներով՝ որպես քաղբանտարկյալ, փակեցին ճաղերի հետևում:

Եւ դա բնական է: Որովհետև նույնիսկ բռնապետության դեպքում կա շանտղության մի սահման, որից այն կողմ բռնապետները իրավունք չունեն անցնելու: Հատկապես՝ այն դեպքում, երբ երկրի անվտանգությունը վերջնականապես ապահովված չէ, երբ չկա վերջնական խաղաղություն, երբ հնարավոր պատերազմը քթիդ տակ է: Իսկ ազատամարտիկի վրա գողեգող հարձակվելը, քաշքշուկի մեջ ներքաշելը և, առավելևս՝ մեջքից հարվածելը, շանտղություն է, աքացի՝ պետության ու հաղթանակի դեմ, որը կռել են հենց այդ տղաները: Այս իշխանությունները, փաստորեն ամեն օր անցնում են շանտղության բոլոր հնարավոր ու անհնարին սահմանները՝ չհասկանալով, որ անգամ  հանուն իրենց իշխանության՝ ազատամարտիկների դեմ երկու բան անել չի կարելի. չի կարելի փչացնել նրանց և գողեգող հարձակվել նրանց վրա:

Բայց այս երկու հարցում էլ հենց իշխանությունները «լավագույնս» ցույց են տալիս իրենց դեմքը: Ազատամարտիկների մի մասին իրենց «քիփն» ու ընտրյալը հայտարարելով՝ փչացնում են, մյուս մասին էլ՝ գողեգող վախեցնելու փորձեր են անում: Ու այս ամենը՝ միայն էն բանի համար, որ կռված տղերքի միջև անջրպետ առաջանա, որ մոռանան իրենց համար սրբություն սրբոցը՝ ընդհանուր խրամատը, որտեղ նրանք բոլորը հավասար էին, կիսում էին մի կտոր հացն ու բոլորով ծխում նույն մի հատիկ ծխախոտը, որտեղ մահը բոլորինն էր, բոլորը բոլորի եղբայրն էին և հավասար՝ մահվան առաջ, որտեղ չկային թիկնապահներ ու պադավատներ, որտեղ տղերքը «կիսում էին» նույն բախտն ու նույն թշնամուն, բոլորը լավ տղաներ էին, ու բոլորը՝ հերոս, կամ՝ պոտենցիալ հերոսներ, որտեղ բոլորը անցել էին կյանքի ու մահվան ռուբիկոնը, և հետ պիտի դառնային կամ վահանի վրա, կամ՝ վահանով, որտեղ նույնիսկ թշնամին հարձակվում ու կրակում էր ոչ թե թիկունքից՝ գողեգող, այլ՝ ճակատից, որտեղ հաղթանակն էլ էր բոլորինը, պարտությունն էլ:

Իսկ սրանք անջրպետ են կառուցում, որ հաղթանակի վերաբաժանումն իրենք անեն, հաղթանակի պտուղները մենաշնորհեն ու տան միայն ընտրյալներին, որոնք իրենց հետ են, իրենց ու միայն իրենց ամենօրյա ռեժիմով հավատարմության երդում տվողները, իսկ մյուսները՝ ժողովրդի բաժինն են, ուրեմն, ժողովրդի հետ պիտի կիսեն բոլոր տանջանքներն ու ծանրությունները: Բայց հետո էլ զարմանում են, բայց էդ ո՞նց են համարձակվում չանցնել մեր թրի տակով, էդ ո՞նց են համարձակվում կիսել ժողովրդի դժվարությունը, էդ ո՞նց են համարձակվում ընդվզել ու ասել, որ աչքիդ վերևը ունք կա, էդ քանի՞ գլխանի դառան, ուրեմն, պետք է գողեգող հարձակվել նրանց վրա, քսի տալ էդ տղերքի վրա իրենց բանակից թռած թուլեքին, ու սաստել՝ ականջներդ կկտրենք, եթե խելոք չմնացիք:

Ու էլի մոռանում են, որ ազատամարտիկն ինքը ժողովուրդն է, որ ժողովրդի ցավը կիսելով են էդ տղաները իրենց կյանքը դրել պետության զոհասեղանին, ու իրենք «մեղավոր չեն», որ ողջ են մնացել, որ այսօր Եռաբլուրում պառկած չեն՝ լուռ ու անվտանգ էս իշխանությունների համար, որոնց շիրիմներին օրվա իշխանությունը կկարողանար կեղծ հայրենասիրական կապիկություններ անել:

Սրանք չեն թաքցնում իրենց ցանկությունը, որ իրենց ուզածը կամ ազատամարտիկ հերոսն է՝ Եռաբլուրում պառկած, որն իրենց էն աշխարհից չի ասի, թե աչքիդ վերևը ունք կա, կամ՝ իրենց ձեռքով փչացածը՝ իրենց կուսակցության գրասենյակի պահապանի կարգավիճակում գտնվող:

Բայց ախր սրանք ո՞նց չեն հասկանում, որ թշնամուն հաղթած տղաների հետ խաղալ չի կարելի, որովհետև իրենք արդեն մի անգամ անցել են կյանքի ու մահվան ռուբիկոնը, որովհետև իրենք գիտեն չընկրկել, պայքարել ու հաղթել, որովհետև բոլորը չէ, որ մոռացել են միասին կիսած հացը, ծխած՝ ծխախոտն ու մահվան վտանգը, որ բոլորինն էր:

Սրանք, փաստորեն, դեռ լավ չեն հասկանում էդ ամենը, կրակի հետ են խաղում:

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Ճանապարհները ժամը 11:00-ի դրությամբ անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Շաբոյանը պաշտպանում է խոշոր ներկրողների և արտադրողների շահերը’