‘Խմբագրական. Բաժակաճառերով հեղափոխության վազքը մինչև մարագն է’

2306

«Միայն զենքով կա հային փրկություն» նշանաբանով կայծակնային հեղափոխությու՞ն (ինչպես` այլ հարց է), թե՞ խաղաղ ցույցերի ու հանրահավաքների միջոցով իշխանափոխություն` չբացառելով ինքնապաշտպանությունը, եթե բիրտ ուժ գործադրվի իրենց իրավունքների, արդարության և ազատության համար պայքարող հասարակության նկատմամբ:

Ուկրաինայի վերջին դեպքերից հետո օրուգիշեր քննարկվող այս հարցը և հարցից «բխող» մեղադրանքները, որ ուղղված են միայն ու միայն Հայ ազգային կոնգրեսին, որքան էլ չցանկանանք, որքան էլ գիտակցենք, որ ճարճատուն շահարկումների կիզակետում ենք հայտնվելու` ստիպում են մի մոռացվող հեղափոխության անհաջող փորձի մասին հիշել և հիշեցնել:

Այդ փորձի նախաձեռնողն ու ջահակիրը, բոլորս ենք հիշում, Շանթ Հարությունյանն էր: Մարդը որոշեց, որ հեղափոխություն է սկսում, իր մի քանի համախոհների հետ` համապատասխան պաստառներով, գնաց ու նստեց Ազատության հրապարակի հարթակի աստիճաններին: Մեկ օր նստեց, երկու օր նստեց, երեք օր նստեց… Հետո` օրերից մի օր էլ շատ զայրացավ ու այդ նույն մի քանի համախոհների հետ ճամփա ընկավ դեպի Բաղրամյան 26, որ չարիքն արմատից պոկի: Չարիքն էլ, գիտենք, ձեռքերը ծալած նստած չէր` շատ արագ հեղափոխությունն օրորոցում խեղդեց, իսկ Շանթին և իր համախոհներին փակեց բանտում:

Եվ սկսվեց «Կապկազ թամաշան», որ մինչ օրս շարունակվում է` երբեմն խարույկի նման ճարճատելով, երբեմն մոմի նման մարմրելով: Շանթին գովերգող պոեմներ հյուսվեցին, սրտամաշ հոդվածներ գրվեցին, շառաչուն ստատուսներ ծնվեցին: Լա՛վ արեցին. մի հայ տղամարդ, իր գիտեցածի չափով՝ որոշել էր ընդվզել Հայաստանի իշխանություն կոչեցյալ ավազակախմբի դեմ և ընդվզեց: Վիճարկելու մտադրություն չունեմ` հերոսությո՞ւն էր Շանթի արածը, թե՞ արկածախնդրություն, արժե՞ Շանթի արձանը կանգնեցնել, թե՞ չարժե, տասը-քսան հոգով հնարավո՞ր էր հեղափոխություն անել, թե՞ հնարավոր չէր:

Պարզապես հենց հիմա` ուկրաինական դեպքերից հետո, երբ կրկին աշխուժացել են «հեղափոխականները», երբ կրկին մեղադրանքների նետն ուղղված է Հայ ազգային կոնգրեսին, ինչը բացահայտ և ակամա խոստովանություն է նաև, որ այս նույն մեղադրողներն այլ ունակ ուժեր չեն տեսնում ասպարեզում, անհնար է չհարցնել Շանթին ու Շանթի ձեռնարկած հեղափոխությունը գովերգողներին.

-Մենք` մեղադրվողներս, սխալ ենք, թե ճիշտ` այլ հարց է, բայց մեզ չխանդավառեց Շանթի ընտրած ուղին, և չմիացանք նրան, իսկ դու՞ք: Որտե՞ղ էիք այն ժամանակ, երբ Շանթը հեղափոխություն էր անում, ինչո՞ւ Ազատության հրապարակը լեփ-լեցուն չէր   հեղափոխականներով, չէ՞ որ դուք բազմահազար եք, չէ՞ որ Շանթն օրեր շարունակ ձեզ էր սպասում հարթակի աստիճաններին նստած: Ինչո՞ւ մենակ թողեցիք ձեր կապույտ երազանքի ասպետին և հնարավորություն տվեցիք բիրտ ուժին` մի քանի րոպեում կասեցնել հեղափոխության սլացքը` հենց Բաղրամյան պողոտայի սկզբում: Եվ եթե, հիացմունքից հալվելուն զուգընթաց, չեք միացել Շանթին, հետին թվով նրան աստվածացնողներին ժողովրդական լեզվով ի՞նչ են ասում: Ո՞րն է արգահատելի. այն, որ համամիտ չես պայքարի այդ մեթոդին ու չե՞ս միանում Շանթին, թե՞ այն, որ մեծադղորդ բաժակաճառեր ես ասում Շանթի աննախադեպ քաջագործության մասին, բայց հեղափոխություն կոչվածի պահին այդ նույն Շանթի կողքին չես կռվում բիրտ ուժի դեմ, այլ ճամարտակում ես` բազմոցին փռված:  

Պատասխանն այնքան պարզ է, որ անհարմար է նույնիսկ բարձրաձայնել:

Ազատություն Շանթ Հարությունյանին, Ալեք Պողոսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Տիգրան Պետրոսյանին, Սևակ Մնացականյանին, Ավետիս Ավետիսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Միսակ Առաքելյանին, Վարդան Վարդանյանին, Ալբերտ Մարգարյանին, Անուշավան Գրիգորյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Վահե Մկրտչյանին և, իհարկե, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին:

Իսկ Ազատության հրապարակը մարտի մեկին սպասում է իրական պայքարողներին:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Թվիթերը հրապարակել է Օլիմպիադայի ամենահայտնի մարզիկների անունները’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի երիտասարդները իրազեկում են մարտի 1-ի հանրահավաքը (Տեսանյութ, ֆոտոշարք)’