‘Խմբագրական. Զորի Բալայանի նամակը ռեժիմի՝ ղարաբաղյան քաղաքականության կրախն էր’

2491

Այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հաջորդ ռաունդում Հայաստանի դիրքերն առավել քան երբևէ խոցելի ու թույլ են լինելու՝ նշել էինք բոլորովին վերջերս: Բայց որ դրա խոստովանությունը Սերժ Սարգսյանի գաղափարական հոր (այո՛, այո՛, գաղափարական հոր) կողմից  կբարձրաձայնվեր այսպես արագ՝ նույնիսկ ամեն ինչին սովորած մեր հասարակությունը չէր սպասում: Զորի Բալայանի նամակը 15 տարիների  ղարաբաղյան հակամարտության կարգավորման կրախն էր:

Կարող է զարմանալի հնչել, բայց Զորի Բալայանի նամակում ամենավտանգավորը դրա բովանդակությունը չէ: Սրա շուրջ, բացի ռեժիմի պարագլուխներից ու մի քանի՝ մտավորական կոչվող մտավոր դեգեներատներից, ովքեր ափալ-թափալ խանդավառվեցին նամակի հրապարակումից, հասարակությունում, անկախ քաղաքական հայացքների տարբերությունից, կա համերաշխություն դրա անընդունելիության վերաբերյալ:

Վտանգավորն այն է, որ մենք հասել ենք մի կետի, երբ մեր բոլորիս գիտակցություններում սա ընկալվում է ոչ թե որպես ինչ-որ պալատական ծաղրածուի խոսք, այլ մի բան, որ միանգամայն իրական է: Ցանկացած երկրում, նույնիսկ՝ շատ հզոր պետություններում կամ կայացած ժողովրդավարություններում, նման քաղաքական կամ հասարակական ծաղրածուներ կան, ովքեր ժամանակ առ ժամանակ հասարակությանը ներկայացնում են մի ցնդաբանություն, կորչում-գնում, հետո կրկին հայտնվում, ու այդպես շարունակ: Երբ հասարակական գիտակցությունը նավարկում է հակառակ ուղղությամբ, նման մտքերն առանձնապես  ռեզոնանս չեն առաջացնում, միայն ժպիտ և ուրախ տրամադրություն: Ժիրինովսկին Ռուսաստանում կարող է հայտարարել, որ ռուս զինվորներն իրենց սապոգները պետք է լվանան Հնդկական օվկիանոսում, Իսրայելում մի քանիսը կհայտարարեն, որ Իսրայելն օկուպանտ է, և պետք է վերադարձվեն արաբներից զավթված հողերը, ԱՄՆ-ում նախագահի թեկնածուներ կլինեն, ովքեր Լուսինը կհռչակեն ԱՄՆ հաջորդ նահանգը, և այսպես շարունակ: Այսօրվա Հայաստանում, ցավոք, այն, ինչը նորմալ պետությունում կընկալվեր որպես սովորական կլոունադա, ընդհուպ մոտեցել է իրական քաղաքականության սահմանագծին կամ արդեն հատել այդ չարաբաստիկ ռուբիկոնը: Որովհետև սա այն է, ինչ կա նաև ռեժիմի մտքին: Այլապես՝ Հայաստանի գործող վարչախմբի ներկայացուցիչները՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, պետք է իրար հերթ չտային Զորիին ռուսական ձևով համապատասխան տեղ ուղարկելու հարցում: Սերժ Սարգսյանը դա չի անում, որովհետև Զորի Բալայանն, ըստ էության, հրապարակայնացրել է այն, ինչ մտածում է ինքը: Մնացածներն էլ ձայն չեն հանում, որովհետև գիտեն, որ Զորին հրապարակայնացրել է այն, ինչ մտածում է Սերժ Սարգսյանը: Ու քանի դեռ չկա որևէ արձագանք, ակնհայտ է, որ այս նամակի հետևում Սերժ Սարգսյանն է կանգնած: Ամենավտանգավորը, սակայն, մնում է այն, որ հասարակությունն էլ սկսում է ընտելանալ սրան, ինչպես հայտնի անեկդոտում հողին էր ընտելանում: Սա տանելու է անհրաժեշտ դիմադրության պաշարի կորստի և, հետևաբար, կանաչ լույս է վառելու այս պատմական արկածախնդրության առաջ:

Զորի Բալայանն իր նամակով կամա թե ակամա տվել է իշխանափոխության կենսական անհրաժեշտության հրաշալի հիմնավորում: Շուրջ տասնհինգ տարի այս հասարակությունը կերակրվել էր միֆերով, թե՝ ինչ-ինչ, բայց Ղարաբաղի համար այս իշխանությունները կյանք կտան: Զորին ակամայից բացատրեց, որ նրանք ազգություն չունեցող գողերի ու ավազակների խումբ են և հանուն իշխանության՝ Ղարաբաղը աճուրդի կդնեն առանց աչք թարթելու: Սերժ Սարգսյանն ավարտին հասցրեց Հայաստանի բոլոր հնարավոր առավելությունների մսխումը և պետությունը բերեց դրեց կոլապսի շեմին: Ետևում Հայաստանն է և Ղարաբաղը: Չկա մեկը՝ չի լինելու մյուսը: Հերթը հասարակությանն ու քաղաքական ուժերինն է՝ համախմբվելու մեկ խնդրի շուրջ՝ հասնել իշխանափոխության: Երկրորդ ճանապարհը տանում է դեպի Գյուլիստան:

 

Նախորդ հոդվածը‘Էթիկայի հանձնաժողովի նախագահը՝ գլխավոր դատախազի տեղակալ ‘
Հաջորդ հոդվածը‘Մարադոնա. Մեսսին լաց էր լինում Գերմանիայից կրած պարտությունից հետո’