‘Խմբագրական. Ժպտացեք, դեռ ժպտալու ժամանակ ունեք’

86647

Գալուստն այսօր անջատել տվեց ԱԺ պատգամավորի խոսափողը։ Խոսքի կեսից։ Առաջին անգամ չէ, որ Գալուստն ու իր առավե՛լ անհաջող պատճեններ Հերմինեն եւ Էդիկը հրահանգում են անջատել իրենց ականջներին ոչ հաճո հռետորների խոսափողերը։ Պարզապես այսօրվանը հատկապե՛ս, մի ա՜յլ ձեւի «պատմաբեկումնային իրադարձություն» է, որովհետեւ բառացիորեն երեկ՝ էս հանրապետականներն՝ իրենց մանկլավիկների հետ միասին, «շռնդալից հաղթանակ» են նկարել  մուկուչյանների ձեռամբ, եւ կիսանախագահական Հայաստանն արդեն բռնել է խորհրդարանական Հայաստան դառնալու փրկարար եւ դեպի դրախտ տանող ճանապարհը։

Եվ որպեսզի Հայաստանի երջանիկ քաղաքացիները խորապես ըմբռնեն, թե ինչ պայծառ ու հեքիաթային օրեր են սպասվում իրենց՝ այդ խորհրդարանական Հայաստանում, Գալուստն անջատել տվեց ընդդիմադիր պատգամավորի խոսափողը, որ չմոռանանք, թե ի՛նչ է սպասվում խորհրդարանում «կայուն մեծամասնության» հարցը լուծելուց հետո՝ Հանրապետականի բացահայտ կամ գաղտնի հովանավորությամբ ապագա խորհրդարան խցկվելիք մի տասնյակ, կամ՝ երկու տասնյակ, կամ՝ երեք տասնյակ խրոխտ «ընդդիմադիրներին», որոնք երեկ եւ երեկվանից էլ շատ առաջ՝ Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի էն չեշիրյան կատվի ժպիտով նայում էին կողքից, թե ոնց են արժանապատիվ քաղաքացիներն ընտրատեղամասերում անձնուրացորեն պաշտպանում իրենց ձայները։ Իբր՝ իրենք անասելի իմաստուն են, իսկ ահա էս կարճամիտները, տեսեք, թե ինչ հիմարություններով են զբաղված։

Բայց էս չեշիրյան կատուներից ոմանք հեռահար նպատակներ ունեն, չէ՞։ Սերժիկ Սարգսյանին վերջին շրջանում շատ «ըմբռնումով մոտեցող» էս պարոնայք հո միայն Ազգային ժողովի դահլիճում նստելու «խղճուկ» ծրագրով չե՞ն բավարարվելու։ Իսկ իրենց լեղիագույն տենչանքին հասնելու համար պետք է կարգին-սարքին ցուցադրվեն խորհրդարանում, չէ՞։ Իսկ դրա համար ի՞նչ է պետք անել։ Պետք է քարը քարին չթողնել, որոշ կայքերի անհեթեթ բնորոշմամբ՝ «սկանդալային» ելույթներ ունենալ, որ վաղը, մյուս օրը՝ խորհրդարանական Հայաստանի «թիվ մեկը» դառնան։

Գալուստը վկա՝ ախորժակներիդ քացախ։ «Կայուն մեծամասնությունը» հո մեռած չի՞, հերթով բոլորիդ ձեր տեղը ցույց կտա, ծակ փիլիսոփաներ։ Ու եթե ուզենա, հենց այդ «կայուն մեծամասնությամբ» մի օր էլ կորոշի, որ «ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա», ու ԱԺ դահլիճի դուռը կշրխկացնի քթներիդ տակ։ Քվեարկողն էլ են իրենք լինելու, ընտրողն էլ, որոշողն էլ։

Ժպտացեք, չեշիրյան կատվիկներ, դեռ ժպտալու մի քիչ ժամանակ ունեք։

Լիզա Ճաղարյան   

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ն նկարեց հանրաքվեի արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Ժողովրդին երբեք չնույնացնեք իշխանական խուժանի հետ ‘