‘Խմբագրական. Իշխանական վակուումը եւ հասարակության անելիքը’

1996

Գուցե ոչ այնքան ուշադիր հայացքի համար անսպասելի թվա այն պնդումը, թե Հայաստանում իշխանության վակուումի միտում է ձեւավորվել, բայց այդ պնդումն իրավունք ունի գոյության: Այս պնդման հիմքեր կարող ենք ընդունել հետեւյալ կետերը:

1. Տապալվել է կամ պասիվացել է, այսպես կոչված՝ «ողջախոհ» «երիտթեւի» ներիշխանական նախագիծը՝ միակն իշխանական դաշտում, որը հավակնում էր ինչ- որ գաղափարական եւ բարեփոխիչ ասելիք ձեւակերպել, թեկուզեւ այդ «գաղափարականության» իրական մոտիվներն ու հիմքերը իրականության մեջ կապ չունեին երկրի իրական պահանջարկների եւ առաջադիմության հետ (ձեւական առումով, սակայն, դրանք այդպիսին կարող էին թվալ շատերին): Այժմ, երբ տապալվեցին թե՛ եվրոպական քաղաքականությունը, թե՛ ներսում վերահսկելի ու քիչ թե շատ զանգվածային ընդդիմադիր ձեւաչափ ստեղծելու «ողջախոհ» փորձերը, իշխանության ներսում այլեւս դժվար է նշմարել որեւէ դրական ծրագիր կամ ասելիք: Միաժամանակ՝ այս պահին թերեւս ձախողված կամ ոչ ակտուալ կարելի է համարել իշխանության կենտրոնացման եւ «օլիգարխիկից» դեպի «ալիեւյան»՝ առավել բռնապետական համակարգ ընթանալու միտումը, որն առարկայորեն բխում էր «երիտթեւական» նախագծից:

2. Անորոշ է մնում Սերժ Սարգսյանի ժառանգորդության կամ վերարտադրության խնդիրը, որն աստիճանաբար վերածվում է եւ վերածվելու է ներիշխանական հիմնական օրակարգային խնդրի: Թվում է, թե Սերժ Սարգսյանի հիմնական մտահղացումը ոչ թե ժառանգորդ ընտրելն է եւ նրան իշխանություն փոխանցելը, այլ սահմանադրական բարեփոխումների միջոցով սեփական իշխանության վերարտադրումն է (բարեփոխումների արդյունքում փաստացի իշխանություն ստացած վարչապետի պաշտոնում): Միաժամանակ՝ իշխանության ներսում գտնվող մյուս խաղացողների բնական ձգտումը պետք է լինի եւ է՛ Սերժի ժառանգորդ դառնալը՝ փաստացի իշխանությամբ: Բոլոր հավակնորդներն էլ իրենց նպատակների իրագործման համար փորձում են եւ կփորձեն ձեւավորել որոշակի հասարակական կեղծ հենարաններ տեղեկատվական եւ հասարակական ակտիվության դաշտերում, ինչպես նաեւ շահագործել «առաջադիմական» նեղ խավին հետաքրքրող դեմագոգիկ օրակարգեր (ասենք՝ «արեւմտամետներ»-«ռուսամետներ» բովանդակազուրկ բանավեճը): Առկա եւ հնարավոր ալյանսների քարտեզն այս խաղում բավականին խայտաբղետ է, քաոտիկ եւ դինամիկ՝ ամեն տվյալ պահին ոչ միշտ կանխատեսելի վերադասավորումների հեռանկարով:

Ինչպիսի՞ն կարող են լինել այս իրավիճակի հետեւանքները: Եթե հաշվի առնենք միայն ներիշխանական դասավորումները, ապա հնարավոր են տարբեր սցենարներ՝ երկու ծայրահեղ հնարավորությունների «միջանցքում»: Այդ երկու ծայրահեղ սցենարներն են՝ պալատական հեղաշրջումը՝ մի կողմից, եւ Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագրի լիակատար հաջողումը: Բնականաբար՝ բոլոր սցենարների իրականացման չափը կախված կլինի ուժերի կոնկրետ հաշվեկշռից թե՛ իշխանության ներսում, թե՛ հասարակության ներսում, թե՛ արտաքին հարաբերություններում: Ինչ վերաբերում է վերջինին, ապա, երեւի չենք սխալվի, եթե պնդենք, որ Սերժ Սարգսյանի ձեռքին մնացած միակ խաղաքարտերն այս պահին միայն հայ-թուրքական հարաբերություններն ու արցախյան կարգավորումն են, եթե հաշվի առնենք առաջին կետում նշված նախագծային տապալումները:

Այս իրավիճակում, անշուշտ, առավել շեշտվում է հասարակության դերը: Հասարակությունը կարող է իր վճռորոշ կամ, հակառակը՝ նվազագույն ազդեցությունն ունենալ ընթացող գործընթացների վրա, եւ այդ ազդեցության չափից էլ կախված կլինի այն շահույթը, որը կարող է նա ստանալ իրավիճակի հնարավոր փոփոխությունից: Այստեղ նույնպես ամեն բան կախված է ուժային հաշվեկշռից: Հայաստանի պատմության մեջ արդեն եղել է պալատական հեղաշրջում՝ 1998-ին: Հասարակության մասնակցությունը դրան զրոյական էր, իսկ, այսպես ասած՝ տույժը՝ առավելագույն: Բոլոր երկրներում էլ նոր եւ նորագույն պատմության ընթացքում հասարակական շարժումների եւ ժողովրդավարական փոփոխությունների շարժիչ ուժը եղել է հասարակության միջին դասը՝ մտավորականությունը, փոքր եւ միջին ձեռներեցները եւ այլն: Միջին խավն է ձեւակերպել պահանջներ եւ ստեղծել հաստատություններ, որոնք մոբիլիզացրել են ավելի լայն զանգվածներին: Միաժամանակ՝ այդ ակտիվությունն է ստիպում վերնախավի ներկայացուցիչներին լայն շերտերի պահանջների հետ հաշվի նստել եւ դաշինքներ կնքել դրանց հետ: Հասարակության ակտիվ մասնակցությունը պետք է բացառի զուտ պալատական հեղաշրջման, ինչպես նաեւ դրա հակադիր՝ բռնապետության ամրապնդման  սցենարները: Հասարակությունը պետք է ստիպի վերնախավերին իրականացնել երկրի բնակչության մեծ մասի շահերից բխող նախագծեր:

Չունենալով իշխանության ֆինանսական, ուժային եւ այլ ռեսուրսները՝ հասարակությունն ունի ուժային բեւեռ ձեւավորելու եւ իր օրակարգը պարտադրելու մեկ առաջնային տարբերակ՝ համախմբումը (որը ենթադրում է ոչ թե միաձուլում եւ կենտրոնացում, այլ լայն համադաշնային տիպի հարաբերություններ) եւ կազմակերպվածությունը: Եթե այդպիսի համախմբում տեղի ունենա, եթե հայաստանյան միջին դասի գոնե մի մասն իրեն իրավիճակին համարժեք դրսեւորի, ապա փոփոխությունները Հայաստանում հնարավոր են: Եթե ոչ, ապա ամեն բան կանխատեսելիորեն կլուծվի իշխանական կուլիսներում, եւ այդ լուծումները, բնականաբար, կսպասարկեն այն խմբերի շահերը, որոնք բավականաչափ ռեսուրս կունենան իրենց շահերը պարտադրելու այլոց: Մնացածներին կմնան միայն ավանդական հայաստանյան նվնվոցն ու մանր գզվռտոցները:

 

Նախորդ հոդվածը‘ ԵԱՀԿ առաքելությունը ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը «նորանոր բարձունքներ է գրավում». Նա դարձել է շախմատի ֆեդերացիայի նախագահ’