‘Խմբագրական. Հայաստանակենտրոնության մասին’

2882

Երկուշաբթի օրվա խմբագրականում խոստացանք ավելի մանրասմասն խոսել հայաստանակենտրոնության մասին: Ու քանի որ այդ օրվա հոդվածը բավականին արձագանքներ ունեցավ, կարծում ենք՝ խոստումը կատարելու լավ առիթ է:

Նախ՝ մի երկու խոսք, թե հայաստանակենտրոնությունն ինչ չէ՛՝  ըստ իս:

ա. Հայաստանակենտրոնությունը գաղափարախոսություն չէ, այլ գործնական քաղաքականություն: Խոսքը «մենք ենք, մեր սարերը», «մերն ուրիշ է», ո՛չ էլ նույնիսկ ավելի գիտականորեն արտահայտված՝ «մենք ո՛չ Արևմուտք ենք, ո՛չ Արևելք», «քաղաքակրթական ուրույնության» և նման ձևակերպումների մասին չէ: Տողերիս հեղինակի համեստ կարծիքով՝ նման ձևակերպումները ոչ միայն կապ չունեն քաղաքական հայաստանակենտրոնության հետ, այլև բովանդակազուրկ, հակագիտական պնդումներ են: Թվում է, սակայն, որ մեր ընդդիմախոսներից ոմանք հենց նման կարգի մտքեր են մեզ ուզում վերագրել, մինչդեռ մեր շարադրանքի կարևոր շեշտերից էր հենց գործնական քաղաքականության ինքնավարությունը գաղափարախոսությունից, մշակութային կողմնորոշումից, աշխարհայացքային պատկանելությունից: (Այստեղ էլ, թերևս, հանուն հետագա շահարկումիներից խուսափելու՝ պետք է շեշտենք, որ ինքնավարություն՝ չի նշանակում բացարձակ անկախություն):

Իսկ ի՞նչ է հայաստանակենտրոնությունն ըստ մեզ: Խոսքը շատ պարզ դրույթների մասին է:

Հայաստանի չափով

ա. Հայաստանի և Հայաստանում վարվելիք քաղաքականությունը պետք է հաշվարկվի Հայաստանի չափով: Ճիշտն ասած՝ նույնիսկ մի քիչ ամոթ էլ է այս դրույթը հատուկ շեշտել, բայց հայկական քաղաքական ավանդույթները ստիպում են դա անել: Օրինակ, ցանկացած բանական հայաստանցու համար պարզ է, որ որքան էլ Թուրքիան վատ պետություն լինի, և որքան էլ անարդար լինի Արևմտյան Հայաստանի կորուստը, միևնույն է, այսօրվա իր ռեսուրսներով Հայաստանն ի վիճակի չէ դրանք ետ գրավել, կամ էլ չափից ավելի սրել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, կամ էլ, առավել ևս, պատերազմ հայտարարել՝ հանուն հայկական հողերի ազատագրման, և այդպիսի փաստման մեջ չկա ոչ մի ազգային «դավաճանություն», ոչ մի «ստրկամտություն» և այլն: Սա, կարծես, մարսել են բոլորը՝ ե՛ւ ազգայնականները, ե՛ւ ազատականները (ճիշտ է, հատկապես վերջինների մի մասի առումով՝ կասկած կա, որ նրանք այս դրույթը հասկացել են այնպես, որ հայերի և թուրքերի միջև առհասարակ խնդիր չկա: Իրականում, սակայն, գործնական քաղաքական մոտեցման դեպքում ինքնին պարզ է, որ խոսքը ոչ թե ինչ-որ գաղափարախոսական, այլ իրապաշտական քաղաքական մոտեցման մասին է: Այսինքն՝ այլ պայմանների և այլ ռեսուրսների դեպքում այսօրվա անիրատեսականը կարող էր լինել իրատեսական և գործնական քաղաքական մարտավարություն): Սա բնավ չի խանգարում ոչ մեկին անձնական կամ էլ հասարակական (ոչ քաղաքական) մակարդակում հիշել Արևմտյան Հայաստանի մասին, կամ էլ չսիրել Թուրքիա պետությունը: Հայաստանյան հասարակությունից թուրքասիրություն կամ էլ անցյալի ուրացում պահանջելը նույնքան ծիծաղելի կլիներ, որքան թուրքերին վաղը ևեթ պատերազմ հայտարարելու պահանջը:

Կարծում եմ՝ դժվար չէ հասկանալ, որ իրավիճակը նույնն է նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի դեմ Հայաստանի կամ հայաստանյան որևէ լուրջ քաղաքական ուժի հնարավոր «պատերազմի» դեպքում: Փորձել ներքաշել Հայաստանը այդ հզոր ուժերից որևէ մեկի հետ բախման ճակատ՝ նշանակում է խախտել Հայաստանի չափով քաղաքականությունը հաշվարկելու հայաստանակենտրոնության սկզբունքը: Մյուս կողմից, այսքանով հանդերձ՝ պարզ է, որ պետք է փորձել ցանկացած արտաքին ճնշման լծակները մեր դեմ չեզոքացնել, ինչպես որ պարզ է նաև, որ սոսկ կոչերով ու գոռալով դրան հասնել հնարավոր չէ: Պարզ է նաև, որ ինչպես և Թուրքիայի դեպքում, խոսքը միայն քաղաքական մակարդակի մասին է, այլ ոչ թե նրա մասին, որ առանձին անհատներ կամ հասարակական խմբեր չպետք է իրենց կարծիքն արտահայտեն վերոհիշյալ ուժերի քաղաքանության մասին: Ահա այսքան պարզ բաների մասին է խոսքն ընդամենը:

Երգիծական ընդմիջում. արյան ծովի գաղափարախոսությունը

Եթե այսքանն էլ ինչ-որ մեկի համար համոզիչ չէ, և նա կարծում է, որ Հայաստանը պարտավոր է լինել «համաշխարհային հեղափոխության» առաջին գծում և ունի դրա համար բավականաչափ ռեսուրս, ապա խորհուրդ կտայինք միայն, որ այդ մոտեցման շրջանակում չլինի միակողմանի, խտրական մոտեցում, այլ պայքար ծավալվի ոչ միայն թուրքերի, ռուսների, ամերիկացիների դեմ, այլև չմոռացվի, օրինակ, հարևան Իրանը, որն ինչ-որ տեղ ամենաիդեալական թիրախը կարող է լինել այս շրջարկում: Մի կողմից՝ Իրանում գտնվում է մեր պատմական հողերի մի մասը, մյուս կողմից էլ՝ Իրանում ավտորիտար, հակադեմոկրատական վարչակարգ է: Հաջողություն ենք մաղթում հակաիրանական ապագա շարժմանը՝ շեշտելով  անուշադիր ընթերցողների համար, որ այս առաջարկն, իհարկե, կատակ էր: Վստահ ենք, սակայն, որ կգտնվեն քաջորդիներ, որոնք բավականաչափ հետևողական կլինեն և կհռչակեն հակաիրանական պայքարի մեկնարկը: Ընդհանրապես՝ ճիշտ կլիներ, որ թուրքերի, վրացիների, ռուսների, արևմուտքի և, ինչու ոչ, նաև պարսիկների դեմ «պատերազմի» կողմնակիցները վերջապես գիտակցեին իրենց հոգևոր «արյունակցությունը» և փոխանակ իրար միս ուտելու՝ համախմբվեին ոււ կամավորական ջոատներ կազմելով՝ մի քանի համարձակ արշավանքներով վերջապես արյան ծով սարքեին ե՛ւ Պոլիսը, ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Բրյուսելը, ե՛ւ Թիֆլիսը, ե՛ւ, ձեռի հետ՝ ինչ որ ճամփին պատահի: Ինչևէ, սա քնարական ընդմիջարկում էր:

Ածու փոքր, բայց արի

Իսկ մենք, դառնալով ավելի լուրջ շարադրանքի՝ շեշտենք, որ Հայաստանի չափով հաշվարկելու սկզբունքը, մեծ հաշվով, ճիշտ նույնն է, ինչ Խորենացու կողմից ձևակերպվածը. «Զի թէպէտ և եմք ածու փոքր, և թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, և զորութեամբ տկար, և ընդ այլով յոլով անգամ նուաճեալ քագաւորութեամբ` սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ և ի մերում աշխարհիս»: Այս հանճարեղ ձևակերպման մեջ ներդրված է միաժամանակ և իրապաշտական ընկալումը՝ զուրկ բարդույթավորված ինքնամեծարումից, և համեստ արժանապատվությունը, որը մերժում է թերարժեքության բարդույթը: Պատահական չէ, որ այս ձևակերպումը տալիս է Բագրատունիներին մոտիկ Պատմահայրը, քանի որ հենց այդ սկզբունքով առաջնորդվելով հայոց պատմության այդ, թերևս, մեծագույն տոհմի ներկայացուցիչները կարողացան պահել Հայաստանի ինքնուրույնությունը Խալիֆայության կազմում, իսկ հետագայում էլ վերականգնել հայոց թագավորությունը: Ըստ ավանդության՝ Բագրատունիների ասպետներից մեկից սերող Ռուբինյաններն էլ նույն սկզբունքով հետագայում հիմնեցին անկախ Հայաստանը Կիլիկիայում:

Մեծամասնության օրակարգը

բ. Հայաստանակենտրոնության երկրորդ կարևոր կետն է՝ սպասարկել Հայաստանի քաղաքացիների մեծ մասի շահերը, բարձրաձայնել և ձևակերպել մեծամասնությանը հուզող իրական խնդիրները, առաջնային պլան մղել ներքին օրակարգերը: Որքան էլ «գեոպոլիտիկան» առաջնային լինի հայ գաղութային մտավորականության և վերնախավի համար, որքան էլ դրանք հայաստանցիների մեծ մասին ընկալեն որպես «բնիկ» և «ռաբիս», սակայն նախ ակնհայտ է, որ հայաստանցիների մեծ մասի համար բնականորեն առաջնային են ներքին օրակարգերը, և հայաստանցիների մեծ մասը, ցանկանալով երկրում օրինականության, արդարության և բարեկեցության հաստատում, բացարձակապես չեն կիսում երկիրը աշխարհաքաղաքական «ռազբորկաների» մեջ ներքաշելու վերնախավային ծրագիրը: Հայաստանցիների մեծ մասին չի հուզում ո՛չ «փտած» Արևմուտքի, ո՛չ էլ ավտորիտար Ռուսատանի դեմ առճակատումը: Ընդհանրապես, միջին հայաստանցին կրող է բավականին սթափ և իրապաշտական քաղաքական բանականության: Մտավորական և քաղաքական վերնախավերի խնդիրն է այս ամենին տալ համապատասխան ձևակերպում, այլ ոչ թե «սպիտակ մարդու»՝ գաղութատիրոջ դեր ստանձնել սեփական ժողովրդի նկատմամբ: Իհարկե, սա չի նշանակում, թե մտավորականությունը կամ էլ քաղաքական ուժերը չպետք է նաև որոշակի լուսավորչական, առաջնորդող դեր ստանձնեն հասարակության նկատմամբ, բայց ծիծաղելի է մտածել, թե նրանք կարող են բացարձակ այլ-ի, օտարի դիրքեր զբաղեցնել մեծամասնության նկատմամբ:

Ոչ միայն բանիվ, այլև գործով

գ. Հայաստանակենտրոնությունը պետք է ոչ միայն տեսական, այլև կառուցվածքային տեսք ստանա: Նախորդ անգամ նշել էինք սրա ճանապարհին կանգնած առարկայական բարդությունները, որոնցից մեկը ռեսուրսային խնդիրն է: Մեր հասարակությունը չափազանց աղքատ է և տնտեսապես թուլացված, որի պատճառով քաղաքական և, մանավանդ՝ տեղեկատվական դաշտում թույլ է ներկայացված: Բնական է, որ հասարակության փոքրամասնությունը կազմող գաղութային վերնախավերը, տիրապետելով անհամեմատ մեծ ռեսուրսների, կարողանում են իրենց օրակարգերը պարտադրել: Սակայն այս խոչընդոտը չպետք է անհաղթահարելի համարվի: Ամեն դեպքում՝ իրապես գործող կառույցների ստեղծումը մնում է առաջնային խնդիր: Հենց ինքնակազմակերպումը, այսպես ասած՝ «կառուցապատումն» ինքնին հավելյալ ռեսուրս է, և կարող է մասամբ փոխհատուցել այլ ռեսուրսների պակասը:

Հավելումներ

Հավելում Ա. Գաղութային վերնախավ

Քանի որ մի քանի անգամ օգտագործեցինք «գաղութային վերնախավ» եզրը, ճիշտ կլիներ, որպես հոդվածի հավելում, մի երկու խոսք էլ ասել սրա մասին, թեև այս թեմայի լիարժեք բացումը պահանջում է շատ ավելի ծավալուն շարադրանք: Հայաստանակենտրոն ձևակերպումների անսովորությունը մեզանում զգալի չափով պայմանավորված է հենց մեր վերնախավերի, հատկապես՝ մտավորականության գաղութային բնույթով: Իսկ մենք պետք է հաշվի առնենք, որ հենց մեր մտավորականությունն է վերջին երկու դարում ձևակերպել քաղաքական խնդիրները, ստեղծել քաղաքական կառույցներ: Մեր մտավորականությունը պատմականորեն երկու իմաստով է գաղութային:

ա. Պատմականորեն՝ այն կենտրոնացված է եղել Հայաստանից դուրս՝ հայաշտ գաղութներում: Այստեղից էլ նրա կտրվածությունը հայաստանյան իրականությունից, մյուս կողմից էլ, հաճախ՝ ակամայից կամ գիտակցաբար, օտարների շահերի սպասարկումը: Հայ մտավորականության այս էքսցենտրիկ (կենտրոնից դուրս) դիրքը բերել է քաղաքական ծրագրերի անիրապաշտությանը, հաշվարկի արկածախնդրությանը: Սրանով չենք ուզում ոչ մեկին «դատապարտել» կամ էլ «մերկացնել», այլ պարզապես նշում ենք առարկայական փաստը: Եվ չնայած մեր մտավորականության մեծ մասը գաղութներից վաղուց տեղափոխվել է Հայաստան, սակայն հին մտածողության իներցիան ցայսօր էլ չի հաղթահարվել, և կարելի է, թերևս, ասել, որ Երևանը մասամբ ժառանգել է յուրահատուկ հայաշատ գաղութի դիրքը Հայաստան երկրի նկատմամբ: Այսինքն՝ Հայաստանում ապրելով էլ մեր մտավորականությունը շարունակում է իրեն ենթագիտակցորեն զգալ հայաշատ գաղութում՝ համապատասխան ծրագրային դրույթներ վերարտադրելով:

բ. Սեփական հասարակության նկատմամբ գաղութային այս դիրքը ամրապնդվել է գաղութայինի մեկ այլ իմաստով: Ռուսահայ և հատկապես սովետահայ վերնախավը զգալի չափով եղել է տիպական «կոլոնիալ» բնիկային վերնախավ՝ տեղացիներից բաղկացած մի շերտ, որը ձևավորվել է գաղութատիրոջ կողմից բնիկների նկատմամբ կառավարումը իրականացնելու նպատակով: Բնիկային վերնախավի համար բնորոշ է սեփական երկրի բնակչության մեծամասնությանը վերաբերվել այնպես, ինչպես «սպիտակ» մարդը կվերաբերվի «վայրենուն», և աշխարհն ընկալել և դիտել երկրից դուրս գտնվող կենտրոնի դիտակետից: Զարմանալի չէ, որ նախկին սովետական գաղութային մտավորականության և վարչական վերնախավի մի մասը հեշտորեն անցում է կատարում ռուսամոլությունից դեպի արևմտամոլություն, և մյուս կողմից՝ գրեթե անընկալողունակ է հայաստանակենտրոնության նկատմամբ: Չէ՞ որ կաղապարը նույնն է, և մնում է միայն փոխել պլյուսն ու մինուսը, իսկ ահա հայաստանակենտրոն դիրքի համար անհրաժեշտ է ջարդել կաղապարը և նորովի կառուցել բոլոր կապերը, հակադրությունները և այլն:

Հավելում Բ. Կենտրոն և ծայրագավառ

Վերջապես՝ ևս մեկ հավելում: Հայաստանակենտրոնությունը կարող է թյուրիամացաբար ընկալվել որպես մեկուսացման կոչ, գավառականություն: Նախորդ նյութում գրել ենք, որ մեր գնահատմամբ՝ հենց «մոլի» դիրքերն են գավառական: Այստեղ նրբություններ կան, որոնք պետք է ուշադրությամբ և զգուշությամբ քննվեն: Խնդիրը բավականին վերացական է՝ կենտրոնի և ծայրագավառի դիրքերն ընդհանրապես, բայց անմիջականորեն առնչվում է մեր թեմային:

Այստեղ հիմնականն այն է, որ ունիվերսալ արժեքներ կրող, դրանք իր ներաշխարհի անքակտելի մասը բնականից ընկալող անհատը կամ խումբը ինքն իր մեջ ունի իր կենտրոնը: Այսինքն՝ կենտրոնն այնտեղ է, ուր տվյալ պահին գտնվում է ունիվերսալ արժեքների կրողը: Սա բնական է, քանի որ «ունիվերսումը»՝ տիեզերքը կամ աշխարհն իրականում կենտրոն չունի, կամ կենտրոնն ամենուր է՝ դա ոչ թե նյութական, երկրաչափական, այլ հոգեբանական, ներքին դիրք է: Ունիվերսալ արժեքը հենց նրանով է ունիվերսալ, որ ճիշտ է ամենուրեք, կախված չէ միջավայրից, պայմաններից և այլն: Գավառական դիրքի համար, որը միայն մակերեսային, խոսքերի, այլ ոչ թե հոգեբանության կամ «ուղնուծուծի» մակարդակով է սերտել ունիվերսալ արժեքները, հակառակը՝ կենտրոնն իրենից դուրս է, նա հենման կետ է փնտրում արտաքին աշխարհում:

Հենց այդ պատճառով էլ արևմտյան արժեքների իրական կրողը Հայաստանում բնականից հայաստանակենտրոն է, քանի որ այդպիսի հոգեբանությամբ մարդու համար արևմուտքը ոչ թե ինչ-որ հեռու տեղ է, այլ հենց ինքն է, հենց իր մեջ է կամ այնտեղ է, ուր նա է՛: Գավառականի համար, որն է արևմտամոլը և ռուսամոլը, հակառակը՝ արևմուտքը մի բան է, որ իրենից դուրս է, որին նա պետք է հակվի, հարի, որպեսզի հաղորդակցվի, մի բան է, որի հետ հավասարը հավասարի երկխոսությունը բացառված է:

Այս վերլուծությունը կարող ենք ամրապնդել պատմական օրինակով: Արդի հայերից շատերի համար զարմանալի է, որ միջնադարյան հայերը կարող էին գրեթե ամբողջ քրիստոնյա աշխարհից տարբեր դավանանք ունենալ: Դրա մեջ ուզում են տեսնել միայն քաղաքական, այն էլ՝ մեկուսացող քաղաքական ենթատեքստ: Քաղաքական ենթատեքստ, անշուշտ, պատմականորեն եղել է, բայց միայն դրանով հնարավոր չէ բացատրել մոտավորապես 6-րդ դարից սկսած հայերի դավանաբանական վեճը քրիստոնյա այլ ազգերի հետ (այդ թվում՝ նաև դավանապես մեզ առավել մոտիկ ասորի միաբնակների հետ): Այսօրվա հայի տեսակետից՝ սա մի տեսակ անհեթեթ հանդգնություն է: Բայց գաղտնիքն իրականում պարզ է: Միջնադարյան հայերը վիճում էին Արևմուտքի հետ ոչ թե այն պատճառով, որ իրենց հակադրում էին Արևմուտքին, այլ ճիշտ հակառակը՝ որովհետև տան հարազատ, հավասարազոր, ոչ մի բանով չտարբերվող անդամ էին զգում իրենց: Տան հյուրը կամ հեռավոր գյուղից եկած  բարեկամը, բնականաբար, չի համարձակվի վիճել այդ տանն ընդունված կարգերի ամենահիմնական, ամենավերացական, ամենանուրբ դրույթների վերաբերյալ, ինչպիսիք էին միջնադարյան քրիստոնյա տան համար Քրիստոսի բնության, նրա մարմնի անապականության խնդիրները (դրանք այնպիսի հարցեր էին, որոնց շուրջ սեփական կարծիք ունենալը նշանակում էր հավակնել ամենաբարձր դիրքի): Եվ եթե հայերն, այնումենայնիվ, մտնում էին այդ վեճերի մեջ, ապա անկախ դրդապատճառներից կամ զուտ աստվածաբանականից դուրս եղած շրջարկից՝ նրանք հոգեբանորեն իրենց վերապահում էին տան լիիրավ անդամի դիրքը:

Մեծ հաշվով, կաղապարի, ձևի տեսակետից՝ հայաստանակենտրոնությունը հենց սա է՝ արևմտյան մեծ ընտանիքի լիիրավ անդամը լինելու գիտակցումն ինքնին հանգեցնում է ինքնուրույն, սեփական շահերից բխող, կենտրոնն ինքն իր մեջ տեսնող քաղաքականության իրականացմանը:    

Հրանտ Տեր-Աբրահամյան  

Նախորդ հոդվածը‘«Որոտանի» հետ կապված մանրամասները՝ առաջիկայում. բոլորդ շոկի մեջ եք ընկնելու’
Հաջորդ հոդվածը‘Իրավունքի նվաճման երթ. Ուղիղ միացում’