‘Խմբագրական. Հայաստանը նոր արնաթողության կամ անիշխանության ռեսուրս չունի’

1990

Եւ այսպես, տիկնայք և պարոնայք, ճիշտ պահն է արձանագրել, որ Սերժ Սարգսյանն ինքն իր լարած թակարդն ընկավ:

Արտաքին քաղաքականության մեջ բոլոր ֆրոնտներում առաջնորդվելով  «եթե չես կարողանում ի կատար ածել, գոնե խոստացիր» տրամաբանությամբ, երկրի ներսում չփոխելով ոչինչ և կազմալուծելով ամեն ինչ՝ ինքնահռչակ նախագահը կատարյալ ֆիասկո արձանագրեց հնարավոր ու անհնար բոլոր ոլորտներում՝ այդպիսով զրկվելով նույնիսկ սեփական թիմակիցների օժանդակությունից:

Շարմազանովների կամ կարենավագյանների «վերթերյան տառապանքները» տվյալ դեպքում անհրաժեշտ է պարտաճանաչորեն զանց առնել. Սերժ Սարգսյանի միջավայրում ավելի կարևոր ցուցիչնե՛ր կան:

Օրինակ՝ ՕԵԿ-ը, որտեղ, սովորույթի համաձայն, զգալով իշխանական նավի կործանման վտանգը՝ փորձում են առաջինը դուրս պրծնել դրա միջից՝  երբեմնի ընդդիմադրի համբավը ռեաբիլիտացնելով կենսաթոշակային բարեփոխումները կասկածի տակ առնող սրտառուչ տեքստերով…

«Վճռական մենակի» հստակվող կարգավիճակն, ուրեմն,  Սերժ Սարգսյանի իշխանավարության շարունակականության տեսանկյունից՝ մղձավանջային սցենարներ է հուշում միայն: Ընդ որում՝ ամեն բան առավել անվերահսկելի կդառնա հենց այն ժամանակ, երբ ՕԵԿ-ական, ներհանրապետական և ներօլիգարխային՝ ցայսօր դեռ մի կերպ վերահսկվող ուժային կենտրոնների ճաքերը երևան գան հրապարակավ, և այլևս օրակարգում ոչ թե Սերժ Սարգսյանին պաշտպանելու, այլ նույնիսկ նրա վրայով անցնելու և կենդանի մնալու խնդիրը օրակարգային դառնա…

Իսկ մինչ այդ՝ էլի՛ տխուր է:

Եվրոպայի կողմից ժամանակին ակնկալված շուրջ մեկուկես միլիարդ դոլարի կորստի և Մաքսային անորոշության միջակայքում՝ տնտեսությունն այլևս պարալիզված է և ի վիճակի չէ սպասարկել պետության կարիքները, արտագաղթը ահագնանում է, արտաքին պարտքի սպասարկումն ու բյուջեով երաշխավորված ծախսերի իրականացումը դառնում է անհնարին մի  բան (վկան՝ ուշացող կենսաթոշակներն ու ընտանեկան նպաստները), մարում են գնաճը զսպելու բոլոր չնչին հույսերն անգամ:

Ինչ է մնում անել Սերժ Սարգսյանին՝ ակնհայտ է: Նա կա՛մ պիտի հայտարարի, որ որդեգրած կուրսը ձախողվել է, և հրաժարական տա, ինչը, խոստովանենք, առանձնապես անվտանգ գործողություն չէ նրա դեպքում, կա՛մ պիտի Անգլիայի թագուհու կարգավիճակում երկիը մտցնի անկառավարելի քաոսի հուն:

Չգիտեմ՝ առաջին սցենարը երբ և ինչպես կիրականանա, բայց այ՝ երկրորդը պիտի մեկընդմիշտ բացառել: Նույնիսկ եթե իշխանության նյարդերը տեղի տան, և, ինչպես անցած գիշեր՝ որոշեն վերադառնալ 2008-ի «քսանչորսժամյա աչալրջությանը»՝ ձերբակալելով Կոնգրեսի երիտասարդներին:

Հայաստանը նոր արնաթողության կամ անիշխանության ռեսուրս բացարձակ չունի: Վարչակարգի հրաժեշտն անհրաժեշտ է մտմտալ ամենայն մանրամասնությամբ և, իհարկե, կատարյալ հանդարտության մեջ այն իրականացնել…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանն ինքն էլ է խճճվել իր հայտարարությունների մեջ. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, իսկ 12-ի գիշերը նույնքան կնվազի’