‘Խմբագրական. Հարցը լուծվելու է գործողությամբ’

2204

Իշխող ուժի ներկայացուցիչների արձագանքները ՀԱԿ նախագահ Տեր-Պետրոսյանի վերջին խոսքին՝ կանխատեսելիորեն բովանդակազուրկ էին. Տափակ, իբր՝ «հումորներ», շաբլոն ծամածռություններ, որոնք ոչ այնքան հաջող թաքցնում են ներքին լարումը եւ անինքնավստահությունը, զրո հակափաստարկում՝ քաղաքական բոբիկությունը հազիվհազ թաքցնող՝ մաշված դեմոգոգիայի ճմռթած թզենու տերեւներ: Անիմաստ է, անշուշտ, այստեղ մանրամասնորեն ներկայացնել, քննարկել կամ էլ հակադարձել իշխանական մշտական «պատասխան տվող» մահապարտների ջոկը ներկայացնող նախկին երիտասարդներ Շարմազանովի, Աշոտյանի եւ այլոց մեծն իմաստնություններին: Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը, եթե նույնիսկ ուզենա էլ եւ նպատակ էլ դնի, հազիվ թե ի վիճակի լինի իջնել այն մակարդակին, որտեղ գտնվում են իշխող ուժի մտավոր կարողությունները: Գերմարդկային ճիգեր են պետք՝ իջնելու տափակության եւ ոչմիբանության այն անդունդ-խորխորատները, որտեղ, ցավոք, գոյատեւում է իշխող ուժի կոլեկտիվ միտքը, եթե այդ անպտուղ չոլերում առհասարակ դեռ կարելի է խոսել մտքի մասին: Այնուամենայնիվ, մտապահելով Արիստոտելի պնդումն առ այն, որ զարմանքը գիտելիքի մայրն է, չենք դադարում զարմանալ, թե բովանդակազրկությունն ու անապատասխանատվությունն ի՛նչ աստիճանի կարող են հասնել հայոց իշխանական «երկնակամարում»:

Չնայած՝ ինչի՞ վրա ենք զարմանում. եթե փորձենք մեզ պատկերացնել այդ մարդկանց տեղում, ի՞նչ պետք է պատասխանեինք Սերժ Սարգսյանի հրաժարականի հիմնավորումներին: Փորձենք, իրոք, առաջ շարժվել համապատասխան կետերով: 1. Արտաքին քաղաքականություն: Երեւի թե չկա Հայաստանում որեւէ, չասենք՝ մարդ միայն, այլ պարզապես գիտակից էակ, որն այս պահին ռիսկ անի բացեիբաց, առանց թեման ցրելու՝ պաշտպանել Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունն ու դրա արդյունքները: Նույնիսկ «աշոտյանենք» այդքան խելք ունեն, որպեսզի հաշվի առնելով անկանխատեսելի ապագան՝ իրենց վրա չվերցնեն նման դեր: Անհնար է պաշտպանել մի բան, որը բոլորի աչքում լիակատար ձախողման է ենթարկվել: Պատկերացնո՞ւմ եք՝ լուրջ դեմքով ասեն՝ այո՛, մենք մի քանի տարի առաջ հռչակում էինք շարժում եվրոպական ուղղությամբ, բայց այդ ամենն ընդամենը քող էր Մաքսային միություն մտնելու համար: Կամ, վերացարկվելով կոնկրետիկայից, թե բա՝ մի բան էինք ուզում, լիովին հակառակը ստանացանք, ու դա մեծագույն ձեռքբերում էր: Կարելի է, իհարկե, ինչ-որ «կռուտիտներ» հորինել, «շլանգի» տեղ դրածի դիրքից բաներ դուրս տալ, բայց մի բան է «կռուտիտը», տակից դուրս գալը, այլ բան՝ ուղիղ տեքստով, բաց հակափաստարկելը արտաքին քաղաքականության լիակատար ձախողման թեզը: Ի դեպ, հաշվի առնենք, որ «աշոտյանենք» արդեն փորձ ունեն իրենց իսկ ներկայացրած իշխանության արտաքին քաղաքականության հետին թվով թունդ քննադատության: Չմոռանանք, թե նրանց կողմից ինչպիսի ջանասիրությամբ եւ «համարձակությամբ» մերկացվեց «կոմպլեմենտարիզմը»:  Համարձակությունն իրոք ապշեցուցիչ էր՝ հաշվի առնելով, որ մերկացումը տեղի ունեցավ կոմպլեմենտարզիմի դարաշրջանից մոտ 5-6 տարի անց, երբ դա քննադատելը ոչ միայն վտանգ չէր իշխանությունում զբաղեցված դիրքի տեսակետից, այլև մի բան էլ՝ օգուտ, եթե ոչ՝ դիրքի երաշխիքներից մեկը: Այս առումով, չենք կասկածում, որ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության ամբողջական եւ «համարձակ» գնահատականները սույն մարդկային տիպը ներկայացնող անձնավորությունները դեռ կպահեն ապագայում ավելի պատեհ առիթի համար, երբ, ասենք, հերթական իմաստուն եւ անփոխարինելի շեֆի շահերից կբխի մի երկու քար նետել նախկինի վերածված Սերժի բոստանը: Այդ ժամանակ գուցե զարմանքով, իսկ գուցե՝ այլեւս առանց որեւէ զարմանքի, կիմանանք, թե որքան ավելի արմատական եւ ընդդիմադիր էին տրամադրված որոշ բարձրաստիճաններ Սերժի քաղաքականության նկատմամբ՝ համեմատած նույնիսկ մեր բոլորի հետ: Այնպես որ՝ մի շտապեք, եւ սպասեք հայկական սերիալներից ամենաերկարատեւի հաջորդ սեզոններին:

2. Ներքին քաղաքականություն: Այստեղ նույնպես մի բան է՝ ընդհանուր խոսքեր ասել, թե որքան լավն է ու բարերար Սերժի իշխանությունը հայ ժողովրդի համար, բայց փորձենք որեւէ իշխանականի ստիպել մի երկու կոնկրետ ձեռքբերում նշել, մի երկու կոնկրետ նախաձեռնություն, բարեփոխում, իրականացված խոստում եւ ծրագրային դրույթ, եւ կարծում եմ՝ այս կետում էլ նույնիսկ գործի մեծագույն վարպետները կարող են տակից դուրս չգալ: Չկա՛ եւ չի՛ կարող լինել բովանդակային խոսակցություն, բանավեճ, փաստարկների եւ հակափաստարկների փոխանակում մի բանի շուրջ, որը փաստացի չկա: Դե հո չե՞նք համարելու ներքին քաղաքականություն բարեփոխումների անվերջ խոստումները, զրոյական նախաձեռնողականությունը, ընդդիմության ճնշումը, ներիշխանական «ռազբորկեքը» կամ քաղաքական դաշտի մեռյալ հոգիների «համախմբումը» Սերժ Ազատիչի շուրջ: Պատասխան չկա եւ չի կարող լինել նաեւ այս կետով:

Ինչպես ասում են, սա կարող էր լինել զավեշտալի, եթե չլիներ այդքան ողբալի: Բովանդակային պատասխանի հնարավորության իսկ բացակայությունը եւս մեկ անգամ վկայում է Սերժի վարչակարգի վերջնական սպառվածության մասին եւ կարող է ավելացվել այդ վարչակարգի հրաժարականի քաղաքական անհրաժեշտության փաստարկների թվին: Բովանդակային ասելիք չունեցող իշխանությունն, անշուշտ, պետք է հեռանա կամ հեռացվի: Մեծ հաշվով՝ հասարակությանն արդեն չի էլ հետաքրքրում այդ մարդկանց խոսքը: Հարցը միայն այն է, թե արդյո՞ք հասարակությունն իր մեջ դեռեւս ունի բավականաչափ ներուժ՝ մարդկային, կազմակերպչական, կամային, մտավորական, որպեսզի ձեւավորի այլընտրանքային իրականությունը եւ պարտադրի հրաժարականի իր կամքը սպառված իշխանությանը: Հիմնական ռեսուրսն այստեղ բոլոր շահագրգիռ խմբերի համախմբումն է: Հասարակությունը վաղուց գործողություն է սպասում՝ հիմանական գծերով համաձայն լինելով իշխանությանն ուղղված քննադատությանը: Հարցն, ի վերջո, լուծվելու է ա՛յս՝ գործի՛ ոլորտում:  

Նախորդ հոդվածը‘7000 քաղաքացի միացել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությանը’
Հաջորդ հոդվածը‘Մինսկի խմբի համանախագահները այսօր ուղիղ չվերթով Բաքվից կժամանեն Երևան’