‘Խմբագրական. ՀՀԿ-ն, փաստարկի տեղ՝ առաջարկում է «այո» ասել աղ ու հացին’

86652

Երբ  նոյեմբերի 6-ից պաշտոնապես մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը, մենք, իհարկե, հասկանում էինք, որ հանրապետականները, որ փոփոխությունները հիմնավորելու որեւէ փաստարկ չունեն, պիտի մի բան մոգոնեն եւ ներկայացնեն այն որպես փաստարկ: Բայց որ հանրապետականները իրենց ցինիզմով կգերազանցեն անգամ իրենք իրենց, երեւը շատերը չէին պատկերացնում:

Օր 1. Ինչ անԸմ՝ ընդդիմության հմար ենք անԸմ

Քարոզչության առաջին օրը հանրապետականները բառացիորեն մեզ փորձում էին համոզել, թե այս փոփոխություններով ինչ որ ուզում են անել, ընդդիմության համար են անում: Ամենայն լրջությամբ: Լուրջ դեմքով հայտարարում էին, թե բա մինչեւ հիմա ընդդիմությունը թույլ է եղել, իսկ ուժեղ ընդդիմությունը պետք է նախ իշխանություններին, եւ հիմա իրենք նախաձեռնել են այս փոփոխությունները, որպեսզի ընդդիմությանը ավելի մեծ հնարավորություններ եւ իրավունքներ տան: Չէ, բայց դե ցինիզմը պոզով-պոչով է լինո՞ւմ:

Օր 2. Պատերազմ եղավ, կկրվենք այս Սահմանադրությամբ

Երկրորդ օրվա քարոզարշավը ոչ միայն աբսուրդային էր, այլեւ՝ վտանգավոր: Փաստարկ չունեցող հանրապետականները համոզելու հարցում այնքան էին զոռ տվել իրենց երեւակայությանը, որ անցել էին ռուբիկոնը: Այդ օրվա քարոզչության ամբողջ մեխն այն էր, որ եթե այս սահմանադրության պայմաններում Հայաստանը մտնի պատերազմի մեջ, կպարտվի: Ու հիմնավորում էին նրանով, որ եթե նախագահը եղավ մի թիմի անդամ, իսկ վարչապետը՝  մեկ այլ, ապա պատերազմի դեպքում վարչապետը կարող է մեկ էլ ու հանկարծ հայտարարել, թե բա բյուջեում փող չկա ռազմական ծախսերի համար, այսինքն, կասի՝ գնացեք ոնց ուզում եք, ձեր պատերազմը վարեք, ես ձեզ փող տվողը չեմ: Ու գուժում են հանրապետականները, քանի դեռ նման բան տեղի չի ունեցել, եկեք վռազի մեջ «այո» ասենք փոփոխություններին: (Երեւի այդ հոլովակի սցենարի հեղինակը Գալուստ Սահակյանն է): Ու վերջում բերում են մեզ հրամցնում են Սեյրան Օհանյանին, թե բա չիմացաք՝ ինչ եղավ, Սեյրան Օհանյանն իր «այո»-ն է ասում սահմանների ամրությանը: Ու մեկը չկա՝ էդ պահին հայտնվի կադրում ու ասի, այ Սեյրան Օհանյան, եթե սահմանների ամրության երաշխիքը նոր Սահմանադրությունը պիտի լինի, բա քո բան ու գործի անունն ի՞նչ է եղել մինչեւ հիմա: Մենք էլ կարծում էինք, թե առաջին հերթին սահմանների ամրության երաշխավորը պիտի Պաշտպանության նախարարը լինի, ու ապա՝ Գերագույն գլխավոր հրամանատարը:

Օր 3.  Այո ասա աղ ու հացին, ամեն հայկական օջախի շենացմանը

Քարոզարշավի երրորդ օրը հանրապետականները տաշի-տուշիով սկսեցին: Նախ համոզեցին, թե բա՝ ինչ անում, մարդու իրավունքների համար են անում, եւ ապա կապույտ եզրագծերով սկուտեղի վրա մատուցեցին «այո»-ի երգը, որտեղ մեզ ամենալուրջ տոնով համոզում են «այո» ասել. «Առաջընթացին, աղ ու հացին, երկրի ամեն հատվածին, սահմանների անվտանգությանը, բանակի ամրությանը, խաղաղությանը, ամուր ու պինդ ընտանիքին, լուսավոր գալիքին, մեր զավակների կրթությանը, հայոց աշխարհի փառավոր գիտությանը, հանուն կյանքի վերելքի, հանուն հողի ու բերքի, հանուն ներկայի, հանուն պատմության, տնտեսության զարգացմանը, ամեն հայկական օջախի շենացմանը, սպորտի փառահեղ օրերին, չեմպիոն մարզիկներին եւ եկող նորերին, այո՝ քաղաքակիրթ մոտեցմանը, ապագա հաջողություններին, տաղանդավոր ու խելացի երեխաներին…»: Սա արդեն՝ առանց մեկնաբանությունների: Որովհետեւ, կներեք, Սահմանադրությունը ներքնազգեստ չէ, որ ամեն վայրկյան փոխես: Այն փոխելու համար ավելի լուրջ հիմնավորումներ ու պատճառներ են պետք, քան աղն ու հացը, կամ հայկական օջախների շենացումը: Եւ կամ, իսկ ո՞վ է ասել, որ գործող Սահմանադրությունը այո չի ասում էս ամեն ինչին, դեռ մի բան էլ առավել: Հիմա, եթե դուք՝ այ, հանրապետականներ, այն ուղղակի չեք կիրառում, մեղավորն ո՞վ է: Սահմանադրությո՞ւնը: Թե՞ դուք, որ ձեր բոլոր հանցանքները գցել եք խեղճ Սահմանադրության վրա, ու եկել ասում եք՝ ինչ եղել-չի եղել, ջնջենք, ու «թազուց սկսենք» ամեն ինչ՝ նոր Սահմանադրությամբ: Չէ մի չէ: Թան էլ չէ, փրթած մածուն:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է Տուլայի ՃՏՊ-ից տուժածներին տրամադրվելիք օգնության չափը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գյումրու քաղաքապետի խորհրդական. Ս. Սարգսյանը երկու տարի շարունակ պատժել է գյումրեցիներին, դրա համար «այո» պտի ասեք’