‘Խմբագրական. Հրաժարականի պահանջի սպասումով’

2646

Շատերն են հարց տալիս, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ իր մոտ հավաքված ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, հավաք, որի ո՛չ պաշտոնական հաստատումը կա, ո՛չ էլ, առավել եւս, պաշտոնական մանրամասներ: Հարցադրման պատասխանները պետք չէ փնտրել կուլիսային տեղեկատվությունում: Բավական է հետեւել այն լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք ներկա են եղել Սերժ Սարգսյանի կազմակերպած հիշյալ միջոցառմանը, եւ դրանց գումարել նաեւ մի քանի այլ աղբյուրներ՝ ԶԼՄ եւ համացանցային դաշտից: Այդ իմաստով պատկերն արդեն այսօր բավականին պարզ է. ՀՀ արտաքին քաղաքականության աննախադեպ տապալումների հիմնական մեղավորը ոչ թե երկրի իշխանությունն է, ոչ թե Սերժ Սարգսյանի չհաշվարկած քաղաքականությունն է, այլ …..ընդդիմությունը: Այս թեզը կարող էր զավեշտալի թվալ, եթե չլիներ ողբալի: Ողբալի՝ մի քանի առումով: Նախ՝  տխուր է այն երկրի վիճակը, որի իշխանությունը այն աստիճան զուրկ է պատասխանատվության զգացումից, որ պատրաստ է նույնիսկ շրջադարձային քայլերի պատասխանատու հռչակել ընդդիմությանը: Երկրորդ՝ ողբալի է, որ մի պետության առաջին դեմք համարվողը նույնիսկ ձեւական փորձ չի անում հրապարակային դիմել հանրությանը՝ բացատրելով եւ հիմնավորելով իր կարեւոր քայլերը, եւ ոչ միայն՝ նախապես, այլեւ՝ պոստֆակտում: Սա ինչ-որ տեղ ավելի մեծ ապտակ է Հայաստանի ինքնիշխանությանը, քան որեւէ այլ բան, որովհետեւ ՀՀ ինքնիշխանությունը սահմանադրորեն հիմնված է Հայաստանի քաղաքացիների կամքի վրա, բայց մեր ոչընտիրը, թվում է թե, հաշվետու է համարում իրեն բոլորին՝ բացի Հայաստանի քաղաքացիներից: Երրորդ՝ ողբալի է, որ մարդիկ, ովքեր հաճախ ներկայանում են որպես ընդդիմադիր կամ «արեւմտամետ», չեն հասկանում պահի լրջությունը, եւ փոխանակ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի օրակարգ ձեւակերպելու եւ ուժերի համախմբման ուղղությամբ բոլոր ջանքերը ներդնելու՝ զբաղված են «մեղավորների» փնտրտուքով (կարծես սերունդներին, որոնց առջեւ բոլորս հավասար ենք, ավելի հետաքրքրելու է «ո՞վ է մեղավոր», այլ ոչ թե՝ «իսկ ի՞նչ արվեց» հարցը)՝ ողջ ներուժն ուղղելով ընդդիմադիր մի կառույցի հարվածելուն՝ այնպիսի եռանդով, կարծես՝ եթե այդ կառույցը չլինի, Հայաստանի քաղաքական կյանքը վերջապես տեղը կընկնի:

Պետք է ասել, որ այս ամենը նորություն չէ, եւ առավել քան բնորոշ է Սերժ Սարգսյանի կառավարման ոճին՝ մի քանի իմաստներով: 1. Հնարավորինս չխոսել, չերեւալ անձամբ, այլ հարվածներ հասցնել ուրիշների, ավելին՝ հաճախ արտաքուստ իրեն ընդդիմացողների շուրթերով: 2. Ձեւակերպել միան քարոզչական մակարդակի, բայց ոչ երբեք բովանդակային, հրապարակային, ազնիվ քաղաքական խոսք: Այս ամենով՝ խուսափել պատասխանատվությունից: Ցավոք՝ պատասխանատվությունից խուսափելու քաղաքական վարքի կաղապարը բնորոշ է ոչ միայն Սերժին, այլեւ կարծես նորաձեւություն է դառնում մեր քաղաքական դաշտի տարբեր հատվածներում: Մենք դեռ սպասում ենք, թե ե՛րբ են վերջապես քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք իրենց հռչակում են արեւմտամետ, եւ որոնք մինչեւ սեպտեմբերի երեքն արդարացնում էին իրենց ընդդիմության «փափկացումը» (եթե մեղմասացություն օգտագործենք եւ չասենք՝ քողարկված համագործակցությունը վարչակարգի հետ) իշխանության «արեւմտամետ» գծով, հանդես կգան իրենց նախկին դիրքորոշման բաց եւ հրապարակային գնահատմամբ, եւ ինչն ավելի կարեւոր է՝ կձեւակերպեն Սերժ Սարգսյանի՝ որպես արտաքին քաղաքականության տապալումների գլխավոր պատասխանատուի հրաժարականի աներկբա եւ հստակ պահանջը: Այս պահանջը միակն է, որն իրական քաղաքական արժեք կարող է ունենալ: Թե չէ՝ արտաքին ուժերին անողոք քննադատելը եւ հայի բախտը ողբալը միայն գեղարվեստական արժեք ունեն: Ավելին, եթե նման պահանջ չձեւակերպվի, ապա քաղաքականապես դա նշանակում է, որ նշյալ ուժերը շարունակում են մնալ Սերժ Սարգսյանի քաղաքական ուղեծրում նաեւ հռչակած արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությունից հետո, հետեւաբար՝ այդ ուժերի իբր արժեքային դիրքորոշումը միայն քող էր, արդարացում՝ նրանց սերժամետության, այլ ոչ թե հակառակը, ինչպես ներկայացվում էր: Հրաժարականի պահանջը նաեւ պետք է ապացուցի, թե ովքեր են այն ուժերն ու գործիչները, որոնք իրապես հայաստանակենտրոն դիրք ունեն, որոնց համար իրոք գերակա է Հայաստանի շահը՝ անկախ արտաքին քաղաքական նախընտրություններից, և ովքեր են նրանք, որոնք պարզապես դեսպանատների կողմից ղեկավարվող կառույցներ են: Մենք դեռ սպասում ենք, բայց, չնայած որոշ խոստումների՝ հույսերը կամաց-կամաց մարում են:

Ո՞րն է ելքը: Սրա մասին բազմիցս առիթ ունեցել ենք ասելու. բոլոր շահագրգիռ ուժերի միավորում, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ, զանգվածային հրապարակային պայքարի նախապատրաստում: Սա քմահաճույք չէ: Սերժ Սարգսյանի հաջորդ նախաձեռնողական նոպան կարող է մեր երկրի վրա է՛լ ավելի ծանր նստել: Այնպես որ՝ ամեն բան շատ հստակ ու շիտակ է, եւ ոչ մի անձնական, խմբային, եսիմինչային համակրանք ու հակակրանք, ոչ մի նախկին նեղվածություն կամ կոնֆլիկտ այստեղ չի կարող փաստարկ լինել:

            

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանն ընդդեմ «Համբուրգի» (Տեսնյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եղանակը Հայաստանում’