‘Խմբագրական. Ճգնաժամ և հանգուցալուծում’

2336

Երկուշաբթի օրվա խմբագրականի կապակցությամբ ընթերցողներից մեկը (Աշոտ Կարախանյանը) հետևյալ կերպ արձագանքեց, որին ճիշտ եմ համարում հնարավորինս պատասխանել, քանի որ կարծում եմ` ոչ միայն հարց տվողը, այլև մեր հասարակության բազմաթիվ ազնիվ անդամներ ունեն նմանատիպ մտահոգություններ: Նախ` ընթերցողի արձագանքից մեջբերում. «Կարդացի, Հրանտ ջան, ճիշտ բաներ, իհարկե, կան… բայց տպավորությունը հոռետեսական է: Ուրեմն, փաստացի մեր ժողովուրդը հազիվ դրան է ձգում (միգուցե այսօր դա էդպես ա), որ պիտի օլիգարխների հույսին մնա: Այսինքն, մեզ մոտ ամեն ինչ փողն ա որոշում: Մի խոսքով, մեր մոտակա հեռանկարը 2003-ն ա, երբ Քոչարյանը օգտվեց նույն օլիգարխների ծառայությունից և իշխանության անցավ: Ու դա ինչպե՞ս կընդունվի ժողովրդի կողմից: Ու արդյո՞ք Կոնգրեսը չի համարվի «օլիգարխների կուսակցություն»:

Պատասխանելու համար ստիպված կլինեմ բավականին ծավալվել՝ սկսելով «չոր» կառուցվածքային խնդիրներից և հասցնելով մինչև ավելի շոշափելի նյութական իրողություններ:

Վերևների ճգնաժամն ու հնարավորությունների պատուհանը

Նախ՝ ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ խոսել իշխանափոխության մեխանիկայից: Այսօր Հայաստանում ավելի ու ավելի ակներև դարձող «օլիգարխների» (խոշոր սեփականատերեր) և քաղաքական իշխանության միջև հակասությունն ընդամենը մասնավոր դեպքն է վերնախավային ճգնաժամ երևույթի: Այդ իսկ պատճառով, նախ, նորից խոսենք դրա մասին:

Հարցն այն է, որ պատմական-քաղաքական փորձը հուշում է՝ որևէ իշխանափոխության անհրաժեշտ (բայց` ոչ բավարար) պայմաններից է վերնախավային ճգնաժամը, այսինքն՝ երկրի բախտը տնօրինող շերտում հակասությունների առաջացումը կամ այլ պատճառներով պայմանավորված` վերնախավի դիրքերի անսովոր թուլացումը: Եթե վերնախավային ճգնաժամի առկայության դեպքում հասարակության մյուս շերտերը զբաղեցնում են կրավորական դիրք կամ բավականաչափ կազմակերպված ու վճռական չեն իրավիճակի վրա ազդելու համար, ապա ճգնաժամը կարող է ունենալ երկու ելք՝ ա. պալատական հեղաշրջում (օրինակ` Հայաստանում 1998-ին), բ. վերնախավային զտում (օրինակ` ԽՍՀՄ-ում 1937-39 թթ.-ին): Երկու դեպքում էլ հասարակության ոչ վերնախավային շերտերի ստացած օգուտը եթե լինում էլ է, ապա` նվազագույն կամ պատահական:

Այլ սցենարներ կարող են զարգանալ, եթե վերնախավային ճգնաժամը զուգորդվի հասարակական մյուս շերտերի ակտիվությամբ: Այստեղ էլ պատմական փորձը հուշում է ուրույն հասարակական «մեխանիկայի» գոյությունը: Այսպես. բնակչության, այսպես կոչված, ստորին շերտերն այլ հավասար պայմաններում գրեթե միշտ էլ այս կամ այն չափով դժգոհ են վերնախավից: Բայց այդ ֆոնային դժգոհությունը շատ քիչ է որևէ բան փոխելու համար: Այստեղ կարևորվում է հասարակության միջին շերտի դերը: Դեռևս Արիստոտելը միջիններին սահմանում էր որպես դեմոկրատական կարգի հիմնասյուն: Երբ միջին շերտը (մանր ու միջին սեփականատերեր, մտավորականներ, ազատ զբաղմունքների տեր մարդիկ) ամրապնդում է իր դիրքերը հասարակության մեջ, սովորաբար հենց նա է, որ ա. ձևակերպում է հասարակական փոփոխությունների տեսությունը՝ իր և ստորին շերտի անունից, բ. ստեղծում է հասարակական պայքարի կառուցվածքներ՝ քաղաքական, հասարակական, մտավոր խմբեր:

Երբ միմյանց հանդիպում են երկու միտումները՝ մի կողմից ներքևից եկող շարժումն իր գաղափարական ձևակերպմամբ ու կառուցվածքային կազմակերպմամբ և մյուս կողմից` վերնախավային ճգնաժամն իր տարատեսակներով, ստեղծվում են հասարակական արմատական փոփոխության բավականին հազվադեպ և կարճատև «հնարավորությունների պատուհաններ»: Հենց այս մեխանիկան է նկարագրված Լենինի՝ «երբ վերևներն այլևս չեն կարողանում, իսկ ներքևները չեն ուզում» հեղափոխական իրավիճակի հայտնի ձևակերպման մեջ:

Այսինքն, այսպես թե այնպես` վերնախավային ճգնաժամն, այդ թվում` վերնախավում սրվող և անլուծելի դարձող հակասություններն անհրաժեշտ պայման են իրավիճակի արմատական փոփոխության համար, և այս առումով ոչ թե միայն մեր, այլև աշխարհի բոլոր հասարակությունները վերնախավային զարգացումների կամ կոնկրետ վերնախավային խմբի «հույսին են մնում»: Բայց այս ձևակերպումը միակողմանի է և ոչ բավարար, որովհետև խնդիրն այն է, որ այդպիսի դեպքերում վերնախավային խմբերն էլ` իրենց հերթին մնում են հասարակության հույսին, այսինքն՝ կախվածությունը երկուստեք է: Այս առումով տեսնենք մեր իրավիճակը:

Հետսովետական սցենարներն ու կարծրատիպերը

Որքան որ հասարակության համար վերնախավում առաջ եկած հակասությունները կարող են հնարավորություն լինել` իր նպատակներին հասնելու համար, նույնքան էլ տնտեսական վերնախավի համար հասարակության ակտիվ վիճակը հնարավորություն է տալիս խուսափել ջախջախումից: Ավելին, ծայրահեղ դեպքում, եթե ներկա ճգնաժամը հանգուցալուծվի հօգուտ բռնապետական իշխանության, ապա հասարակությունը թեև շատ ավելի անբարենպաստ պայմաններում կհայտնվի և ստիպված կլինի շատ բաներ սկսել զրոյից, սակայն, այնուամենայնիվ, պարզ է, որ կպահպանի իր գոյությունն ու դիմադրական ռեսուրսի մի մասը՝ վերադիրքավորվելով մինչև հաջորդ բարենպաստ «հնարավորությունների պատուհան»: Իսկ ահա տնտեսական վերնախավը կորցնելու բան չունի և եթե պարտվի ճակատամարտում, ապա կհայտնվի 2000-ականների սկզբի ռուսական օլիգարխների վիճակում:

Այս իմաստով համեմատությունը Քոչարյանի շրջանի հետ` ճիշտ չէ: Օրինակը, որը բերում է մեր ընթերցողը` ճիշտ հակառակ իրավիճակի մասին է պատմում: Նրա բերած օրինակում տեղի ունեցավ իշխանության և խոշոր բիզնեսի շահերի համընկնում: Այդ համընկնման պարագայում հասարակությունն անզոր եղավ վերնախավային միասնության դեմ: Սա, ըստ էության, այն տարբերակն է, որով 1996-ին Ռուսաստանի խոշոր սեփականատերերն ապահովեցին Բ. Ելցինի վերընտրությունը նախագահի պաշտոնում: Հենց այդ ժամանակվանից էլ հետսովետական բառապաշարի մեջ մտավ օլիգարխներ և օլիգարխիա բառերը (ռուսաստանյան պատմության այդ շրջանը կոչում էին նաև «սեմիբոյարշչինա»): Իսկ ահա Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագիրը ճիշտ հակառակ՝ «պուտինյան» բնույթի էր, որը ենթադրում է «օլիգարխիայի» վերացում վերևից, և որի օրինաչափ հետևանքն է իշխանության առավել մեծ չափի կենտրոնացումը (համեմատեք նաև Ադրբեջանը, Միջին Ասիայի մեծ մասը): Այս առումով հետաքրքիր է, որ ռուսաստանյան հասարակությունը, որի մեծ մասը, հասկանալի պատճառներով, սկզբում բավականին ոգևորված ընդունեց հակաօլիգարխիկ հեղափոխությունը վերևից, հետագայում, փաստորեն, դարձավ անկյալ օլիգարխների դատապաշտպան: Զուտ հուզական տեսակետից հասկանալի է, թե ինչու են մարդիկ դրական ընդունում իշխանության հակաօլիգարխիկ ծրագրերը, բայց թեկուզև այլոց փորձից պետք է սովորենք` առաջնորդվել ոչ թե հույզերով, այլ շահերով՝ մեր իսկ շահերով: Փողի, կապիտալի կենտրոնացումը բնականորեն բերում է իշխանության կենտրոնացման իր բոլոր հետևանքներով՝ խոսքի ազատության հետագա սահմանափակումից մինչև ուղղակի քաղաքական բռնաճնշումներ: Զարմանալի չէ նաև, որ մեր միջին շերտի մի մասն ինչ-որ պահից ակտիվորեն լծվեց իշխանության հակաօլիգարխիկ ծրագրի սպասարկմանը, ապահովեց դրա գաղափարական և տեղեկատվական հիմնավորումը: Պատճառը ոչ միայն և հաճախ` ոչ այնքան այդ մարդկանց «ծախվածությունն է», այլև հետսովետական մարդուն բնորոշ ենթագիտակցական կարծրատիպերի կրող լինելը, այդ թվում` տարերային, չգիտակցված հակակապիտալիստական աշխարհընկալումը:

Գաղափար, կազմակերպություն, զանգված

Մնում է հասկանալ մեր ընթերցողի վերջին հարցի պատասխանը: Եթե ենթադրենք, որ հասարակության և տնտեսական վերնախավի յուրահատուկ դաշինքը կկայանա, իսկ միասնական նպատակներն իրականություն կդառնան՝ իշխանափոխության կամ Սերժ Սարգսյանի իշխանության զգալի թուլացման և սահմանափակման ձևով (այս վերջին տարբերակի արդյունավետությանն, անկեղծ ասած, այնքան էլ չեմ վստահում, քանի որ դա նշանակում է միջանկյալ լուծում, ժամանակավոր զինադադար` պայքարի հետագա սրացման և անկանխատեսելի հետևանքների հեռանկարով), ապա ի՞նչ երաշխիքներ կարող են լինել, որ տնտեսական վերնախավը չի անտեսի հասարակության շահերը, իսկ միջին և լայն շերտերի շահերը ներկայացնելու հայտ առաջարկող քաղաքական ուժը չի վերածվի խոշոր բուրժուազիայի կցորդի:

Այս հարցի պատասխանն էլ կախված է ոչ թե մեր կամ այլոց ցանկություններից, այլ կոնկրետ իրավիճակում ուժերի կոնկրետ դասավորությունից և կշռույթից: Որպեսզի հասարակության շահերը չանտեսվեն, այդ հասարակությունը պետք է առավել ուժեղ դիրքեր ունենա: Բնականաբար, հասարակությունը չի կարող մրցել խոշոր սեփականատերերի հետ, օրինակ` ֆինանսական ռեսուրսի դաշտում: Հասարակության լայն շերտերի շահերը ներկայացնող այլևայլ խմբերը կարող են ուժեղ դիրքեր գրավել շնորհիվ երեք տեսակ ռեսուրսի՝ ա. գաղափարական, բ. կազմակերպչական, գ. զանգվածային: Դա նշանակում է, որ որքան ավելի կուռ և համակարգված լինեն հասարակական արմատական փոփոխության տեսությունները և կոնկրետ քաղաքական պահի հղացքները, որքան ավելի լավ և բազմազան կազմակերպված լինեն հասարակական խմբերը, և որքան ավելի լայն զանգվածներ հնարավոր լինի ներգրավել գործընթացի մեջ, այնքան ավելի մեծ են հասարակության լայն շերտերի շահերը հաշվի առնելու հեռանկարները, այնքան ավելի հավասարակշիռ իրավիճակ հնարավոր կլինի «խոշորների» և մյուսների դիրքերի միջև: Իսկ մնացածը, մեծ հաշվով, մարդկային հաշվարկից դուրս է, ինչպես որ միշտ այդ հաշվարկից դուրս են վերջնական հաջողությունն ու ձախողումը, հաղթանակն ու պարտությունը, գործընթացի մանրամասները և այլն:

Հ.Գ. Սկզբնական մտահղացմամբ` այս նյութում պետք է անդրադառնայի նաև խնդրի հետ առնչվող միջազգային շրջարկին, որովհետև դա էլ բավականին սերտորեն առնչվում է բուրժուա-դեմոկրատական հղացքի հետ, սակայն, այդ հարցին էլ անդրադառնալու համար պետք է մոտ երկու անգամ ավելի ծավալվեի, ուստի դրա իրականացումը` մեկ այլ առիթով:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘ՄՄ անդամակցության օրենսդրական նախագծերը ԱԺ կմտնեն մարտի վերջին’
Հաջորդ հոդվածը‘2015-ի հունվարի 1-ից ԼՂՀ-ում կսկսի գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը’