‘Խմբագրական. Մեզ նորից դժվար ճանապարհ է սպասվում’

1862

Այս պահին Հայաստանում քաղբանտարկյալ չկա (անշուշտ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին դժվար է քաղբանտարկյալ չհամարել, բայց հարգենք իր եւ իր ընկերների ցանկությունը` նրանք պնդում են, որ իրենց պայքարը քաղաքական չէ): Եթե նկատի առնենք, որ Սերժիկ Սարգսյանի իշխանազավթման շրջանում նման բան մի անգամ էլ է պատահել եւ տեւել է ընդամենը երկու ամիս, ուրեմն` կարող ենք հուսալ, որ դեռ երկու ամիս ժամանակ ունենք` մինչ քաղբանտարկյալների հաջորդ խմբին «ճանապարհելը»:

Իսկ դրա հավանականությունը հիմա շատ ավելի մեծ է, քան անցած տարիներին էր: Եթե հասարակության ընդվզման ալիքը մինչ օրս կեղծված ընտրությունների, աղաղակող ապօրինությունների, ծախու դատախազ-դատավորների, խայտառակ թալանի դեմ էր, ապա հիմա «աճել-բարգավաճել ենք», եւ վաղ թե ուշ Հայաստանի քաղաքացիները փողոց են դուրս գալու` մեր պետության անկախությունը պաշտպանելու:

Որքան էլ իշխանության պնակալեզ-լրագրողների ջանքերով` ոչ անհայտ նամակագիրը փորձի արդարանալ, որ ինքն ամենեւին էլ մտադիր չէ` իր հանցագործ տերերի հետ միասին, սկուտեղի վրա Հայաստանը մատուցել «ռուսաց թագավորին», անհնարինն ակնհայտ է. Սերժիկ Սարգսյանը չի խորշել ու չի խորշի ցանկացած քայլից` իր իշխանությունը երկարաձգելու համար, եւ «մեծ» գրողի հերթական «հոգու պոռթկումը» դուրս է ժայթքել Բաղրամյան 26-ը զավթողի «բարձր հովանու ներքո»:

Սակայն, ի հեճուկս Սերժիկ Սարգսյանի, Զորի Բալայանի ստրկահաճ նամակի «հայտնությունը» մի իրողություն նույնպես վկայեց` Հայաստանի ոչ նոմենկլատուրային մտավորականները (որոնք, ի դեպ, անհամեմատ շատ են) եւ անկախության սերունդ երիտասարդությունը չի հանդուրժի Հայաստանի պետականության կորուստը: Սա 88-ը չէ: Այն ժամանակ Ղարաբաղյան շարժման առաջնորդները, համբերությամբ եւ քայլ առ քայլ, ուսուցանում էին բոլշեւիկյան մամլիչի տակ 70 տարի շարունակ զոմբիացված հասարակությանը, թե ինչ ասել է անկախություն: Եվ մինչ սովետահայերը շփոթահար դեգերում էին «առանց ռուսների մեզ կկոտորեն» մոլորության եւ հեքիաթ թվացող անկախության հնարավորության միջակայքերում, այդ ժամանակ զորիները դեռ հաջողություն ունեին որոշ շրջանակներում: Հիմա 88-ը չէ: Եվ նույնիսկ նրանք, ովքեր սովետի «լավ օրերն» են խորը թառանչով հիշում` ուշքի կգան, եթե վտանգը շոշափելի դառնա:

Մեզ նորից դժվար ճանապարհ է սպասվում` քաղբանտարկյալներով «հարուստ» ճանապարհ: Գուցե ավելի դժվար, քան մինչեւ հիմա անցած ճանապարհն էր, գուցե ավելի շատ քաղբանտարկյալներ, քան մինչեւ հիմա ունեցել ենք:

Ետդարձի ճանապարհ չկա:   

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Հաջորդ մրցափուլում պետք է անել այն ամենը, ինչը չստացվեց այս անգամ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լֆիկի կողմնակիցները գործի են դնում պարտիզանական պայքարի բոլոր հնարքները. Մամուլ ‘