‘Խմբագրական. Մնում է ձևակերպել ժամկետները’

4588

Այն, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը վերջնականապես տապալվել է, թերևս՝ հավելյալ ապացույցների կարիք չունի: Այդ տապալման տեսանելի և անտեսանելի կողմերը սպառիչ կերպով ներկայացված են հանրությանը: Ավելին՝ իշխանությունն ինքը, գտնվելով ցուգցվանգի մեջ, իր յուրաքանչյուր քայլով ավելի  ցցուն է դարձնում իր ձախողումները և խորացնում հասարակության ատելությունն իր նկատմամբ: Ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի և նրա ռեժիմի հեռացման հանրային պահանջը խորապես գիտակցված ու հիմնավորված է հասարակության տարբեր շերտերի շրջանում: Իշխանությունները դեռևս իրենց աթոռների վրա են գտնվում բացառապես իներցիայի շնորհիվ, քանի դեռ հանրային պահանջը չի կենսագործվել քաղաքական ուժերի կողմից:

Իսկ որո՞նք են այդ քաղաքական ուժերը: Արարատի ընտրություններն այս հարցի պատասխանը ստանալու համար հրաշալի լակմուսի թուղթ հանդիսացան: Այն պարագայում, երբ կար ռեալ հնարավորություն ջարդելու Սերժ Սարգսյանի կեղծարարության մեքենան և պարտության մատնել նրան, գործին միացան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Հայ ազգային կոնգրեսը: Մնացած քաղաքական ուժերը, ձեռնպահ մնալով այս գործընթացից, ըստ էության՝ աջակցեցին Սերժ Սարգսյանին՝ մի կերպ պահել իշխանությունն Արարատում: Չմասնակցության կցկտուր հայտարարությունները զուրկ էին  քաղաքական տրամաբանությունից և, միևնույն ժամանակ, այդ քաղաքական ուժերին վերջնականապես տեղորոշեցին Սերժ Սարգսյանի ճամբարում:

Ստացվում է հետևյալ պատկերը. Սերժ Սարգսյանի իշխանության հետ չհաշտվող (յուրաքանչյուրի հիմնավորումները տարբեր կարող են լինել) գործոնների թվում են Հայ ազգային կոնգրեսը և «Բարգավաճ Հայաստանը»՝ որպես քաղաքական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածները, մանր ու միջին բիզնեսը, արդեն նաև խոշոր բիզնեսի որոշակի հատվածը: Ուրիշը չկա: Բայց «ուրիշը չկա» արտահայտությունը չպետք է ընթերցել որպես ուժերի սակավության ցուցիչ, այլ փաստի արձանագրում: Վերը նշված գործոնները լիուլի բավարար են Սերժ Սարգսյանի հեռացումն ապահովելու համար՝ ուժերի ճիշտ դերաբաշխման պարագայում: Եվ ահա թե ինչու:

Հայ ազգային կոնգրեսը եղել և մնում է հայաստանյան քաղաքական դաշտի ինտելեկտուալ առավել մեծ պոտենցիալի կրողը, ինչպես նաև՝ փորձառությամբ հավասարը չունի իշխանության դեմ փողոցում պայքարը կազմակերպելու հարցում: Մինչ օրս Կոնգրեսի, նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ռեժիմին հասցված հիմնավոր քաղաքական հարվածներն են, որ հնարավորություն են տվել ամբողջությամբ բացահայտել Սերժ Սարգսյանի իշխանության հանցագործ, ապիկար, հետայսու նաև՝ դավաճանական բնույթը: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Սերժ Սարգսյանի հեռացման քաղաքական հիմնավորումը տրվել է բազմիցս, իսկ վերջին հոդվածում՝ առավելագույնս հստակ և տարակարծության տեղ չթողնող (նաև դա էր պատճառը, որ իշխանական միջանցքներից լսվեցին միայն անհոդաբաշխ գռմռոցներ, իսկ իշխանական ընդդիմադիրները պոչները հավաքեցին տակներն ու մտան սեղանների տակ): Հայ ազգային կոնգրեսը, սրան զուգահեռ՝ հասարակությանը ներկայացրել է իր լուծումները Հայաստանի առջև ծառացած գրեթե բոլոր մարտահրավերների վերաբերյալ՝ պատրստ ստանձնելու դրանց լուծման պատասխանատվությունը:

«Բարգավաճ Հայաստանը», եթե ոչ շատ բացահայտ, սակայն իր գործողություններով էապես թուլացրեց Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ սկզբում դուրս գալով իշխանությունից, այնուհետև չաջակցելով Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում: Ինչի հետևանքով նաև Սերժ Սարգսյանը պարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանին (ավելի մեծ ապտակ որևէ գործող նախագահի՝ դժվար է պատկերացնել): «Բարգավաճը» խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ խմբակցությունն է, որի առավել ակտիվ վարքագիծը հնարավորություն կտա խորհրդարանի պատերի ներսում վարչախմբի վրա գործադրվելիք ճնշումը հասցնել անտանելիության աստիճանի: Տիրապետելով մարդկային, կազմակերպական և այլ ռեսուրսների՝ ԲՀԿ-ն կարևոր գործոն է նաև գործարար միջավայրի և պետական բյուրոկրատիայի հետ կապող օղակ հանդիսանալու հարցում, մի բան, որ առանցքային է բուրժուադեմոկրատական հեղափոխության ճանապարհին:

Երրորդ՝ ոչ պակաս կարևոր գործոնը հասարակության ակտիվ հատվածներն են, որոնք տարբեր հարցերի շուրջ ընդդեմ իշխանությունների ինքնակազմակերպման ակտիվ գործընթացում են: Ճիշտ է, սկզբնական շրջանում նրանք քիչ ավելի երկչոտ ու զգուշավոր մոտեցում ունեին քաղաքական գործընթացների ու կուսակցությունների նկատմամբ: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ այս խմբերի շրջանում գնալով խորանում է գիտակցությունն առ այն, որ քաղաքական պրոցեսներն են, որոնք լուծումներ են տալիս, լինի դա իրենց հետապնդած մասնավոր հարցում, թե ընդհանրապես երկրում կատարվելիք համակարգային փոփոխությունների: Եվ շատ ուրախալի է, որ նրանք արդեն բաց համագործակցում են քաղաքական ուժերի հետ ակտուալ խնդիրների շուրջ:

Ահա այս գործոններն են, որոնք պետք է մեկտեղվեն՝ կենսագործելու այսօրվա Հայաստանի թիվ մեկ խնդիրը՝ օր առաջ հեռացնել Սերժ Սարգսյանին իշխանությունից:  Եվս մեկ անգամ՝ ուրիշը չկա: Եթե մենք համարում ենք, որ Սերժ Սարգսյանի հեռացումից կարևոր խնդիր չկա, ապա նստել ու անդադար խոսել, թե մեկի աչքի վերևը հոնք կա, մյուսի այսինչ բանն ինձ դուր չի գալիս՝ իմաստ չունի: Մենք դրանով միմիայն օգնելու ենք Հայաստանի թշնամուն՝ Սերժ Սարգսյանին:

Մնում է ձևակերպել ժամկետները, իսկ դրանք շատ հետաձգել չի կարելի, քանի որ երկար ձգվելու պարագայում երկրից բան չի մնա: Իսկ միջոցի հարցում հեծանիվ հայտնագործելու կարիք չկա. համաժողովրդական ալիքի բարձրացումը, ու միմիայն՝ սահմանադրության և օրենքների շրջանակում:

 

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները գնում են ՀՀԿ գրասենյակ` պահանջելու ներկայանալ ԱԺ նիստին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’