‘Խմբագրական. Մտքի սով’

3435

Գալուստ Սահակյանին հարց են տալիս՝ էլեկտրաէներգիան ինչո՞ւ է թանկանում: Սա էլ պատասխանում է, թե բա՝ միսն էլ ա թանկանում: Սա անեկդոտ չէ: Սա իրական պատմություն է, որը տեղի է ունեցել մի երկու օր առաջ՝ Ազգային ժողովում, որտեղ նախագահում է նույն Գալուստ Սահակյանը, դե, ի պաշտոնե՝ Հայաստանի երկրորդ դեմքը:  Ամոթ էլ է, իհարկե, նման բան գրելը, բայց դե այդ գրոտեսկն իրականություն է, որ կա: Երկրորդ դեմք, ինչ վեհ ու վերամբարձ է հնչում, չէ՞: Բայց դե հիմա ասեք երկրորդ դեմք ու նայեք Գալուստ Սահակյանին, էլի վեհ ու վերամբարձ է հնչո՞ւմ: Ձեռառնոցի լինի, ասես, չէ՞: Նույնն էլ՝ երրորդ դեմքը: Էն, էլի, որ ասում էր՝ քաղաքականությամբ զբաղվելու համար առանձնապես մեծ խելք պետք չի: Ասաց, ու սեփական փորձով ապացուցում է, որ մարդը կարող է ոչ միայն «մեծ», այլև առհասարակ խելք չունենալ, բայց «քաղաքականությամբ»  զբաղվել: Էն էլ ի՜նչ քաղաքականությամբ՝ Հայաստանի երրորդ դեմքի մակարդակով: Չնայած՝ միայն ինքը կերազեր Հայաստանի երկրորդ դեմքից վերածվել երրորդ դեմքի՝ համարելով, որ վարչապետի պաշտոնն ավելի «պրիստիժնի» է:

 Բայց՝ հլը մի րոպե: Խնդիրը կարծես՝ այլ տեղում է: Հո ԱՌԱՋԻՆ դեմքին չմոռացա՞նք: Ինչպես ասում են՝ ինչպիսին առաջին դեմքն է, այնպիսին էլ երկրորդն ու երրորդն են: Հետեւաբար, ինչո՞ւ ենք մենք դեռ շարունակում զարմանալ, որ Գալուստը ասում է, թե հոսանքը թանկանում է, որովհետեւ միսն էլ է թանկանում: Ինչների՞ս վրա ենք զարմանում: Զարմանալու բան կա՞: Էդ որ ԱՌԱՋԻՆ դեմքն ասում էր՝ «ինչքան ուզես, էնքան՝ խփեմ», «խիարը թարս ա բուսնում», «եկել ես ստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես», «յա, իրո՞ք», ապա հիմա, ոնց չասենք, բա եթե ԱՌԱՋԻՆ դեմքն էս ա, է բա մյուսներից ի՞նչ ենք ուզում: Գալուստը կամ Հովիկը հո գիտությունների դոկտորներ չէի՞ն լինելու, հո տրամաբանական մտքեր չէի՞ն արտահայտելու: ԱՌԱՋԻՆ-ից հետո եկող ամեն հաջորդի մակարդակն ավելի ցածր պիտի լինի, որ նրանց ֆոնին ԱՌԱՋԻՆ-ի ցածրությունը աչք չծակի: ԱՌԱՋԻՆ-ի գրոտեսկի ֆոնին մյուսները զավեշտ պիտի լինեն, բառի ուղիղ իմաստով՝ ֆարս, որովհետեւ հետինները չեն կարող լինել ավելի տրամաբանական, քան իրենց ԱՌԱՋԻՆ-ը:

Եւ իմիջիայլոց, կասեք՝ բայց կան, չէ՞, գրագետ մի երկու նախարարներ, փոխնախարարներ: Գոնե՝ հայերեն նախադասություն ձեւակերպել գիտեն, միտք արտաբերել գիտեն: Է հա, կան, բայց դա ի՞նչ նշանակություն ունի, եթե նրանք ավելի զավեշտալի վիճակում են հայտնվում, երբ փորձում են ինչ-որ նոր օրենք կամ նախաձեռնություն ներկայացնել: Ինչքան էլ հայերեն իմանան, հո չե՞ն կարողանալու բացեիբաց խոստովանել, որ թալանում են, պիտի մի ձեւ լղոզեն, չէ՞: Ու լղոզում են՝ ոնց կարողանում են, ու ավելի ծիծաղելի ու ամոթալի իրավիճակում են հայտնվում, երբ իրենց ռետինե խողովակի տեղ են դնում երկրի ամենաբարձր ամբիոններից մեկի առաջ: Չե՞ք հավատում՝ ԱԺ նիստերը նայեք: Անտառաճանաչին հարց են տալիս՝ այնպիսի մտքեր է ասում, որ չես էլ կարողանում վերծանել, թե վերջն ի՞նչ ասաց: Տառաճանաչին են հարց տալիս, ասում է՝ կան համապխատասխան մարմիններ, որոնք համապատասխան օրենսդրական բազայի հիման վրա ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցներն ու կատարում օրենքով նախատեսված բոլոր աշխատանքները: Բան հասկացա՞ք: Մարդը հայերեն միտք է ասում, բայց տակը՝ ոչինչ, օդ, ջուր, դատարկություն: Սա է խնդիրը. հասել ենք այնտեղ, որ երբ նրանցից մեկը մի նորմալ նախադասություն է ասում, անկախ բովանդակությունից, քիչ է մնում անկեղծ ուրախանանք: Որովհետեւ սով է: Մտքի սով: 

Նախորդ հոդվածը‘Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան 4,5 մլն եվրո կպահանջի ՖԻՖԱ-ից’
Հաջորդ հոդվածը‘Քաշաթաղի շրջանում բնակիչները պայքարում են հրդեհների դեմ. Արցախպրես’