‘Խմբագրական. «Նախապատերազմական» վիճակ քաղաքական դաշտում’

3196

Ավելորդ չէ ևս մեկ անգամ արձանագրել, որ վերջին ամիսների ընթացքում քաղաքական բռնությունը նորից դարձել է մեր հասարակական կյանքի լեյտմոտիվը: Ավելորդ չէ, որովհետև պետք է միաժամանակ արձանագրել ու հասկանալ, որ սա ոչ թե հուզական հարց է, ոչ թե մեր իրականության կարծեցյալ «իռացիոնալության», կամ իշխանության նույնքան կարծեցյալ «անմեղսունակության» դրսևորում է, այլ հստակ քաղաքական մարտավարություն և ուղերձ, որը պետք է արժանանա նույնքան հստակ և հաշվարկած պատասխանի:

Բռնություն «բարձր հովանու» ներքո

Անօրինական բռնությունը մնում է բռնություն՝ անկախ դրա «թեթև» կամ «ծանր» լինելուց. պետք է խոստովանել, սակայն, որ վերջին դեպքը՝ «Կասեցում» նախաձեռնության և ԲՀԿ խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու ծեծն աննախադեպ էր իր դաժանությամբ (իհարկե, եթե հաշվենք 2008-ից ա՛յս կողմ): Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքական իրականությանը ծանոթ որևէ մարդ չկա, որը չհասկանա, որ նման կարգի բռնություն մեր երկրում չի կարող կիրառվել առանց «բարձր հովանու», իմա՝ անձամբ Սերժ Սարգսյանի ոչ միայն իմացության, այլև տվյալ դեպքում՝ հրահանգի: Ոչ ոք, նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյան իր վրա պատասխանատվություն չի վերցնի այսօրվա քաղաքական իրավիճակում այդքան դաժան բռնություն կիրառել ԲՀԿ խորհրդի անդամի նկատմամբ:

Իհարկե, կան և կլինեն այս հարցի շուրջ նաև «մուտիլովկեք» տարածելու փորձեր: Բայց նույնիսկ դրանք տարածողները, որքան էլ «օդիոզ» լինեն, փորձում են դա անել այսպես ասած՝ ոչ պաշտոնական մակարդակով, տակից, հաճախ՝ անանուն նյութերով, իսկ պաշտոնապես նրանք էլ ընդունում են, որ պատասխանատուն կարող է միայն մեկը լինել: Եթե դեպքը չլիներ ողբերգական, կարելի էր նույնիսկ փորը բռնած ծիծաղել՝ տեղի ունեցածը ՀՀԿ առաջնորդից բացի որևէ այլ բարձրաստիճան (թեկուզ շատ ազդեցիկ և հարուստ) պաշտոնյայի հետ կապելու փորձերի վրա: Պատկերացնո՞ւմ եք՝ քաղաքական մի իրավիճակում, երբ ԲՀԿ-իշխանություն հարաբերությունները սրման նոր փուլ են մտնում, որևէ ազդեցիկ պաշտոնյա՝ առանց Սերժի իմացության և համաձայնության որոշի դաժանագույն ծեծի ենթարկել ԲՀԿ խորհրդի անդամին: Պատկերացնելու բան չէ,  բայց, այնուամենայնիվ, նման «վարկածներ» առաջ քաշելու փորձեր արվում են ընդդիմադիր համարում ունեցող լրատվամիջոցների «օգնությամբ»:

Ուղերձների փոխանակում «կռվից» առաջ

Բոլորն էլ արձանագրեցին, որ ԲՀԿ խորհրդի անդամի դեմ բռնությունը տեղի ունեցավ նույն ԲՀԿ կողմից կազմակերպված համաժողովից գրեթե անմիջապես հետո: Այդ համաժողովում Ծառուկյանի, ինչպես նաև այլոց կողմից թափանցիկ ուղերձներ հնչեցին՝ հասցեագրված Սերժ Սարգսյանին, որոնց իմաստն էր՝ սահմանադրական փոփոխություններից հրաժարում և արտահերթ ընտրություններ, իսկ հակառակ պարագայում՝ իշխանափոխության կոշտ տարբերակ: Արտակ Խաչատրյանի առևանգումն ու ծեծը ՀՀԿ առաջնորդի առաջին արձագանքն ու պատասխանն էր այս ուղերձին: Դատելով այդ արձագանքից՝ Սերժ Սարգսյանն ընտրում է կոշտ տարբերակը: Մինչև սահմանադրականի մասով պատասխան տալը, Սարգսյանը փորձում է ստուգել ԲՀԿ, և առհասարակ՝ ընդդիմադիր Եռյակի միասնաբար արձագանքելու, ինչպես նաև «կռիվ» տալու կարողությունն ու պատրաստակամությունը: Չի բացառվում, որ վերլուծելով եղած արձագանքները միայն՝ նա վերջնական որոշում կկայացնի սահմանադրականի վերաբերյալ (եթե դեռ չունի վերջնական որոշում):

Սերժի քայլը, որքան էլ դաժան և անմարդկային, բայց բռնապետության տեսակետից տրամաբանական և հաշվարկած է: Նա բավականին բարդ խնդիր է դրել ընդդիմության առաջ: Ընդդիմության պատասխանը պետք է լինի հստակ, համարժեք և մտածված: Ի՞նչ է դա նշանակում: Պետք է գործել մի կողմից կոշտ և արագ, բայց մյուս կողմից սառը և քաղաքական: Սա բավականին նեղ միջանցք է, որտեղ պետք է պահել հավասարակշռությունը՝ չընկնելով իշխանությանը ձեռնտու ծուղակներից մեկը:

Սերժն անցնում է հակագրոհի. «պատերազմ» հայտարարելուց 5 պակաս

Նորից եմ ուզում շեշտել: Իշխանության կատարած քայլի մեջ պետք չէ տեսնել որևէ «իռացիոնալություն»: Իշխող խումբը հիմար չէ, հիստերիկ չէ, անմեղսունակ չէ. այն անհամարժեք է գործում երկրի, բայց ո՛չ իր խմբային և անձնական շահերի տեսակետից: Սա հաշվարկված քայլ էր: Կարևոր չէ, թե տվյալ դեպքում հաշվարկը ճի՞շտ էր, թե՞ սխալ, կարևոր է այն, որ այդ քայլին գնացողի պատկերացմամբ՝ ինքը կատարել է արդյունավետ քայլ, իր կարծիքով՝ ճիշտ պահ ընտրելով հարված հասցնելու համար: Այլ բան է, որ, ըստ իս, հաշվարկի մեջ լուրջ սխալներ կան: Օրինակ՝ տեղի ունեցածը կարող է համախմբել ընդդիմադիր ուժերին՝ հուշ դարձնելով որոշ մարտավարական հայտնի տարաձայնությունները: Թերևս, ՀՀԿ առաջնորդին ժամանակից շուտ թվացել է, որ ինքն արդեն կարող է անցնել վճռական հակագրոհի՝ նախորդ տարվա իր պարտությունների ու նահանջի դիմաց: Եւ վերջին երկու ամսվա ընթացքում սաստկացող քաղաքական բռնության դեպքերը կոչված են «նախապատերազմական» մթնոլորտ ձևավորել քաղաքական դաշտում: Իսկ պատերազմում հաղթելու է առավել վճռականն ու առավել խելոքը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Հարկայինի աշխատողը 1 մլն դրամ կաշառք է ստացել. Քրգործ ՀՔԾ-ում’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’