‘Խմբագրական. Սերժը պետք է դառնա իր իսկ պլանի զոհը’

3054

Երեւի թե նույնիսկ նորածին մանուկները հասկանում են, որ եթե Սերժ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումներ, ապա դրա դրդապատճառը չի կարող լինել երկրում օրինականության, սահմանադրականության, ժողովրդավարության հաստատման ձգտումը: Մյուս կողմից՝ արդյո՞ք հասարակության գոնե ակտիվ համարվող մասը գիտակցում է հարցի կարեւորությունն ու Սերժի հերթական նախաձեռնության հեռահար վտանգները: Թեպետ վերջին շրջանում այս թեմայով բավական շատ է գրվել տարբեր հեղինակների կողմից, սակայն կարծում եմ՝ արժե եւս մեկ անգամ անդրադառնալ եւ արձանագրել խնդիրը, ես կասեի՝ մարտահրավերը:

Հակասություն. անվանապես դեմոկրատականը՝ բռնապետության հիմք

Նախ՝ հարցը տեսական կողմից՝ համառոտ: Պետք է հստակ արձանագրենք հետեւյալը: Օրինականության, սահմանադրականության, ժողովրդավարության կամ որեւէ այլ օրինակարգ վիճակի հաստատումը նախ՝ քաղաքական, եւ հետո միայն՝ իրավական խնդիր է: Այսինքն՝ այդ ամենը հասանելի չէ զուտ իրավական բարեփոխումների միջոցով, եւ որքան էլ լա՛վ, հրաշալի՛, դեմոկրատակա՛ն օրենքներ գրվեն, միեւնույն է՝ հարցը որոշվում է՝ ա. քաղաքական առարկայական իրավիճակով՝ ուժերի կշռույթով, եւ բ. քաղաքական կամքով: Կարելի է աշխարհի ամենադեմոկրատական օրենքներն ունենալ, եւ միաժամանակ՝ լինել աշխարհի ամենաանազատ երկիրը: Սովետական Միության եւ Հռոմեական կայսրությունները վերջին տարբերակի լավագույն օրինակներն են:

Բայց կա ավելի հետաքրքիրն ու հակասականը: Կախված քաղաքական իրավիճակից՝ անվանապես դեմոկրատական իրավական նախաձեռնությունները կարող են մասը կազմել իրապես հակադեմոկրատական քաղաքական ծրագրի: Սա շատ կարեւոր հակասություն է, որ պետք է արձանագրել: Որպեսզի ասածը սոփեստություն չթվա, նորից պետք է հղում կատարենք սովետական փորձին: Արդեն առիթ եղել է գրելու, թե 1936-ի ստալինյան սահմանադրությունը իրավական տեսակետից ավելի դեմոկրատական էր, քան ԽՍՀՄ նախորդ օրենսդրությունը (որով նախատեսվում էին, օրինակ, ընտրություններին մասնակցելու դասակարգային սահմանափակումներ եւ այլ ոչ դեմոկրատական նորմեր), այլեւ՝ շատ առումներով (օրինակ՝ կոլեգիալ ղեկավարում, կառավարման փաստացի խորհրդարանական համակարգ եւ այլն) ավելի դեմոկրատական կարող էր համարվել, քան աշխարհում այն ժամանակ գոյություն ունեցող շատ սահմանադրություններ: Քանի որ մանրամասն անդրադարձել ենք այս թեմային, չեմ ուզում կրկնել ասելիքս, բայց շեշտեմ կարեւորը: Այդքան դեմոկրատական ստալինյան սահմանդրության ընդունումը 1936-ին անմիջապես նախորդեց երկրում քաղաքական աննախադեպ հալածանքների ծավալմանը՝ 1936-38 թթ., այսինքն՝ իրավական տեսակետից երկիրն ավելի դեմոկրատական դարձավ, իսկ քաղաքական տեսակետից դիկտատուրան վերջնականապես կայացավ: Ավելին՝ խնդիրը ոչ միայն այն է, որ սահմանադրության ընդունումը նախորդեց քաղաքական հալածանքների ծավալմանը, այլ այն, որ դա պատահական համընկնում չէր՝ իրավական դեմոկրատացումն ու քաղաքական բռնապետացումը ստալինյան մեծ նախագծի մասն էին՝ երկու իրար հակասող երեւույթներին միավորում էր պոպուլիստական տարրը: Ուրեմն՝ պետք է հստակ արձանագրենք՝ իրավական բարեփոխումը երբեք երաշխիք չէ իրական դեմոկրատացման: Ավելին՝ որոշ դեպքերում այն նույնիսկ կարող է գործիք ծառայել բռնապետական քաղաքականության:

Պետական հեղաշրջման ծրագիր

Այժմ մեզանում իրավիճակը բավականին նման է: Սերժ Սարգսյանն իհարկե չի պատրաստվում զանգվածային գնդակահարությունների (ոչ թե որովհետեւ ավելի բարի է, այլ որովհետեւ չունի դրա հնարավորությունը), բայց նա էլ սահմանդրական բարեփոխումների ծրագիր է առաջ քաշում, որոնք արտաքուստ կարող են ավելի դեմոկրատական դարձնել մեր հասարակարգը (խորհրդարանական հանրապետություն, 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգ եւ այլն): Իսկ իրականո՞ւմ:

Երբ խոսում ենք Սերժ Սարսգյանի կողմից նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների մասին, անպայման պետք է հիշենք, թե ինչպիսի մեկնաբանություններով դրանք ներկայացվեցին հանրությանը եւ ինչպիսի քաղաքական պայմաններում՝ Սերժ Սարգսյանի կողմից, ապա եւ՝ Սերժի խոսքը մեկնաբանող Շարմազանովի կողմից: Ըստ այդմ՝ Սարգսյանը խոստանում էր երբեք այլեւս չառաջադրվել որպես նախագահի թեկնածու եւ չհավակնել նաեւ վարչապետի պաշտոնին: Միաժամանակ՝ նա շեշտում էր, որ ինչ էլ լինի՝ Հանրապետական կուսակցությունը շարունակելու է իր «ծանրակշիռ գործունեությունը»: Սերժի խոսքի այս բավականին անորոշ եւ առաջին հայացքից՝ երկրորդական հատվածը բացեց Է. Շարմազանովը, համաձայն որի՝ դա նշանակում է, որ մոտակա տասնամյակում քաղաքական կյանքում վճռորոշ դեր է կատարելու Հանրապետականը, եւ ավելին՝ իշխանության հասնելու ճանապարհն անցնելու է ՀՀԿ գրասենյակով: Միաժամանակ՝ ՀՀԿ խոսնակը պնդեց, որ դա նշանակում է անցում ցանցային, հորիզոնական կառավարման համակարգի: Սա արդեն շատ ավելի հստակ ու միանշանակ մեկնաբանվող խոսք էր. ինչ էլ հետագայում ասվի իշխող ուժի կողմից սահմանադրական բարեփոխումների մասին, պետք է ելնենք Շարմազանովի մեկնաբանությունից:

Ի՞նչ է նշանակում ՀՀԿ վճռորոշ դերը մոտակա տասնամյակում եւ «ցանցային» մոդելը: Սա ոչ այլ ինչ է, քան սովետական տիպի՝ միակուսակցական համակարգի հաստատման հայտ, իշխանության ուզուրպացիայի ծրագրի բացահայտում: Ցանցայինը, որքան էլ տարօրինակ է, այստեղ պետք է կարդալ որպես սովետական: Սովետականն էլ իրավականորեն հենց ցանցային էր՝ երկիրը խորհրդարանական հանրապետություն էր, ղեկավարվում էր կուսակցության, այլ ոչ թե անհատի կողմից, իսկ կուսակցական ղեկավարումը նույնպես ձեւականորեն կոլեգիալ էր՝ ցանցային եւ հորիզոնական: Բայց բոլորս էլ գիտենք, որ փաստացի՝ ՍՍՀՄ-ը բացարձակ միապետություն էր: Ահա այստեղ է բացահայտվում Սերժի եւ Շարմազանովի խոսքի, ընդհանրապես՝ սահմանադրական բարեփոխումների հակասությունը: Անվանապես դեմոկրատական իրավական բարեփոխումների անվան տակ՝ միակուսակացական, բռնապետական համակարգի հաստատման քաղաքական ծրագիր: Ցանցայինի հիշատակումն այստեղ ընդամենը մի հավելյալ երանգ է, որը շեշտում է իշխանական խոսքի ցինիզմը. մոդայիկ, առաջադիմական խոսքից փոխառելով ցանցայինի հասկացությունը՝ Սերժի  վարչակարգը դրա անվան տակ փորձում է թաքցնել անցումը ամենեւին էլ ոչ մոդայիկ սովետական համակարգին: Սերժ Սարգսյանը նախապատրաստում է պետական հեղաշրջում, որով պետք է հավերժացնի իր եւ իր նեղ շրջապատի իշխանությունը: Ամեն բան ընթանում է 1936-ի ստալինյան կաղապարով՝ առաջադեմ սահմանադրական բարեփոխումներ եւ դրան զուգահեռ՝ բռանապետության վերջնական հաստատում:

ՀՀԿ-ի 37 թիվը

Այստեղ եւս մեկ երանգ կարեւոր է հասկանալ: Ինչպես որ սովետական համակարգում միակուսակցական համակարգն ինքը ձեւականություն էր այն իմաստով, որ իրապես ՍՄԿԿ-ն որեւէ բան որոշող կառույց չէր, եւ իրական որոշողը կա՛մ գլխավոր քարտուղարն էր, կա՛մ էլ, լավագույն դեպքում՝ պոլիտբյուրոյի տղերքի նեղ խումբը, նույնպես եւ մեր դեպքում, թող իշխող ուժից ոչ ոք հանկարծ հույս չունենա եւ խաբվի, թե միակուսակցականը, տվյալ դեպքում՝ ՀՀԿ իշխանական մենաշնորհն իրականացվելու է բառացի: Պետք է հիշել, որ ԽՍՀՄ-ում ստալինյան միապետության հաստատման ճանապարհին առաջին քայլը եղավ հենց բոլշեւիկյան կուսակցության փաստացի ջախջախումը, նրա ապաղաքականացումը, որպես իրապես գործող կառույցի վերացումը: ՍՄԿԿ-ի գոյությունը, որպես քաղաքական սուբյեկտ՝ նույնքան ձեւական էր, որքան, ասենք, սովետական խորհրդարանի եւ սահմանադրության: Սերժի ծրագրերում էլ, բնականաբար, տեղ չկա ՀՀԿ իրական քաղաքական դերի բարձրացման համար: Իսկ այն, որ Սերժի վերահսկողության տակ գտնվող մամուլը երբեք առիթը բաց չի թողնում ՀՀԿ-ի խիստ «արմատական» քննադատության, վկայում է ավելիի մասին՝ չի բացառվում, որ վերջնական նպատակին հասնելուց հետո Սերժը կա՛մ արմատական զտման ենթարկի Հանրապետականը (ճիշտ՝ ստալինյան ծրագրի զուգահեռը), կա՛մ վերացնելով այն՝ ստեղծի իր համար նոր՝ այս անգամ բացարձակապես վերեւից ձեւավորված եւ որեւէ քաղաքական նախապատմություն չունեցող կառույց՝ «ա լա Ենի Ադրբեջան», բայց «առաջադիմական» երանգներով՝ կանացի մաներաներով տղերքից: Այնպես որ՝ կուսակցության դերի բարձրացման մասին խոսքերը նույնպես թոզ ու դուման են՝ միանձնյա իշխանության հաստատման ճանապարհին: Եվ այն, որ Սերժը վերջերս շատ է սկսել խոսել միանձնյա համակարգի վտանգի մասին, միայն հաստատում է այն կասկածը, որ իր իրական նպատակը հե՛նց միանձնյա համակարգն է (սա նույնպես տիպիկ ստալինյան ոճ է՝ խոսել մի բանի դեմ, որը փաստացի քո նպատակն է, օրինակ, Ստալինը շատ էր սիրում խոսել առաջնորդապաշտության դեմ):

Սերժի ինքնամատնությունը

Ընդհանրապես, Սերժ Սարգսյանը մատնում է ինքն իրեն: Բոլորին էլ պարզ է, որ սահմանադրական բարեփոխումները, որպես օրակարգային խնդիր, բացարձակ արհեստական են այսօրվա Հայաստանում: Չկա ձեւակերպված որեւէ հասարակական պահանջ հասարակական որեւէ շերտի մոտ՝ սա զուտ վերնախավային, այն էլ՝ նեղ վերնախավային թեմա է: Բարեփոխումը չի հետաքրքրում որեւէ մեկին՝ տաքսիստներից մինչեւ մտավորականներ: Բայց, մյուս կողմից՝ ակնհայտ է այն ջանքը, որը թափում է Սերժ Սարգսյանը սահմանադրական ծրագիրն օրակարգային դարձնելու համար: Նա չի կարողանում թաքցնել իր շահագրգռվածությունը: Իսկ դա արդեն ինքնին պետք է մտահոգիչ լինի հասարակության համար: Բոլորս էլ հասկանում ենք, որ Սերժի մոտիվացիան չի կարող «ակադեմիական» լինել, ոչ էլ բխել վերացական ընդհանուր շահերից, քանի որ ցայսօր նրա որեւէ նախաձեռնություն այդպիսին չի եղել: Եթե նա այդքան ջանք է թափում սահմանադրական թեման օրակարգային դարձնելու նպատակով, դրանով իսկ մատնում է ինքն իր անձնական շահագրգռավածությունը:

Հանուն այդ ծրագրի՝ նա, ակնհայտորեն, պատրաստ է նույնիսկ քաղաքական զիջումների: Բարեփոխումներին համաձայնելու դիմաց նա պատրաստ է, օրինակ, խոստանալ երկկուսակցական համակարգ: Դա, իհարկե, կեղծիք է, նախ՝ որովհետեւ երկկուսակցական համակարգը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե երկու ուժն էլ փոխնիփոխ ստանձնեն իշխանության եւ ընդդիմության դերը, երկրորդ՝ Սերժենք բացեիբաց հայտարարել են հիմնական նպատակը՝ միակուսակցական համակարգ, եւ կասկած չկա, որ հենց սա՛ է իրականը, իսկ մյուսը՝ ժամանակավոր քաղաքական առեւտրի մաս:

Հենց այստեղ պետք է հիշենք նաեւ, թե ինչպիսի՛ քաղաքական հանգամանքներում Սերժն արտասանեց իր առաջին խոսքը բարեփոխումների մասին: Դա Տիգրան Սարգսյանի հրաժարականին հաջորդած շրջանն էր: Սերժը հույս ուներ, որ իր զիջման՝ վարչապետի հրաժարականի դիմաց՝ հեշտությամբ կստանա այնպիսի, առաջին հայացքից՝ վերացական եւ «տռֆս» բանի համաձայնություն, որպիսին է սահմանադրական բարեփոխումը: Դա չհաջողվեց, բայց կարեւորն այստեղ այն է, թե ի՛նչ գին ունի Սերժի համար այդ բարեփոխումը, որ նա, ըստ էության՝ զոհեց վարչապետին՝ բարեփոխման համաձայնություն ստանալու ակնկալիքով: Հետեւաբար՝ ավելի ենք համոզվում, որ դրա մոտիվացիան չի կարող լինել հանկարծակի արթնացած մտահոգությունը երկրի դեմոկրատացման վերաբերյալ կամ էլ նախաքնային մտորումները վասն փառաց նախնյաց մերոց, որք ի Հայս եւ ի սփյուռս աշխարհի:

Հակասության լուծումը՝ Միկոյանի արձանի տապալումը

Այս ամենի պատասխանը հասարակության կողմից պետք է լինի լայն հասարակական մոբիլիզացիան՝ Հայաստանում միանձնյա իշխանության վերջնական ծրագրի հաստատման դեմ: Մենք պետք է բավականաչափ հասունություն դրսեւորենք՝ հասկանալու համար այս ծրագրի իմաստը՝ հենվելով թեկուզ սովետական անցյալի փորձի վրա: Թեւրեւս, բարի ձյաձյաները արտասահմանից համարեն բարեփոխումները հերթական քայլ առաջ, բայց մեզ չպետք է հետաքրքրի որեւէ մեկի կարծիքը: Բոլոր քաղաքական ուժերն ու հասարակական շերտերը պետք է միավորվեն այս ծրագրի դեմ, որովհետեւ սա խփում է բոլորի շահերին: Նույնիսկ Հանրապետականի մեջ, եթե մնացել են անհատներ եւ խմբեր, որոնք ի զորու են դեռ տեսնել ոչ թե միայն այսօրը, այլ նաեւ մի քանի քայլ առաջը, պետք է գիտակցեն, որ իրենց սպասում է նույն ճակատագիրը, ինչ բոլշեւիկների վերնախավին 1937-ին, իհարկե՝ ոչ թե բառացի՝ նրանց ոչ ոք չի գնդակահարելու, բայց համաբանական իմաստով՝ նրանք զրկվելու են իրենց ազդեցությունից եւ դիրքից: Սերժի նեոստալինյան ծրագիրը, որը կարող ենք կոչել Միկոյանի արձանի տեղադրում քաղաքական-սիմվոլիկ իմաստով՝ պետք է արժանանա համաժողովրդական ալիքի դիմադրության, եւ եթե մոտ ժամանակներս նշանակվի հանրահավաքի օր, ապա դա պետք է վերածել սահմանադրական կարգի վերականգնման օրվա՝ բոլոր հասու միջոցներով: Սահմանադրական նախաձեռնությունը պետք է դառնա Սերժ Սարգսյանի՝ վերջին բոլշեւիկի վերջին նախաձեռնությունը: 21-րդ դարի Հայաստանի վատագույն ղեկավարը պետք է հեռանա եւ զոհը դառնա ինքն իր «խորամանկ» պլանի:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի հավաքականի ավագներն են Տյագո Սիլվան, Դավիդ Լուիսը, Ֆրեդը և Ժուլիո Սեզարը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահը’