‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանի դուդուկի տակ մի՛ պարեք’

2655

Տարակույս չկար, որ քաղաքական աշխուժացում խոստացող սեպտեմբերի մոտենալուն զուգընթաց` իր հացկատակների ձեռամբ Սերժիկ Սարգսյանը երկու թեմա է ասպարեզ նետելու: Մեկը, հասկանալի է, նորանոր «բացահայտումներն» են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Երկրորդը` Քոչարյան Ռոբերտի հնարավոր վերադարձի մասին վախվորած ակնարկներն են:

Հայաստանի առաջին նախագահի մասին երկու տասնյակ տարի «իմացող-չհայտնողների», այսպես կոչված, փաստարկներն այնքան ճղճիմ են ու ծիծաղելի, որ դրանց անդրադառնալը մեծ պատիվ է կեղտոտ թաշկինակի նման օգտագործվող վարձու մանկլավիկների համար: Մի բան ակնհայտ է. սրանք մոլախոտի պես բազմանում են հենց այն ժամանակ, երբ Սերժիկ Սարգսյանի վախի աչքերը սարսափից չռվում են: Սրանց էժանագին զառանցանքներին հավատացողները կա՛մ ուղեղի ծալքերի ակնհայտ սղության խնդիր ունեն, կա՛մ` հացի խնդիր, որի լուծման միակ ճանապարհը Բաղրամյան 26-ից են թելադրում. «Զազրախոսիր, որ կռճոնդ ստանաս»:  

Իսկ թե ինչ է տալիս իշխանության պահպանման մոլուցքից կուրացած Սերժիկ Սարգսյանին Քոչարյանի վերադարձի հավանականության մասին աղմուկը, սրա մասին հարցրեք այն մանր ու միջին քաղաքական գործիչներին, որոնք վերջին տարիներին զբաղված են արհեստականորեն տարանջատելով այս սիամական զույգին, միմյանց հետ համեմատելով Սերժիկ Սարգսյանին եւ սրա նախորդին` շահեկան լույսի տակ ներկայացնելով ներկա պահին իշխանությունը զավթածին, ինչի նպատակը մեկն է` հասարակությանը ներշնչել, որ Սերժիկը Ռոբերտից լավն է. «Սերժիկին պինդ բռնեք, նա գոնե եփում է ձեզ` հետո է ուտում, իսկ «վիզկապավորը»  եթե գա` հում-հում է ուտելու»:

Ո՞վ չի հասկանում, որ Քոչարյանի վերադարձի հավանականությունը ձգտում է զրոյի, եւ թե ինչ է սպասվում նրանց, ովքեր ժամանակ առ ժամանակ «միակ տղամարդու» ճմռթված «վիզկապն» են թափահարում Հայաստանի քաղաքացու քթի տակ, սրա մասին առավելագույն սպառիչ ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Ռոբերտ Քոչարյանը խորտակված, իսկ Սերժ Սարգսյանը խորտակվող նավ է, եւ այն ուժը, որը սեփական ճակատագիրը կկապի նրանց հետ, իր քաղաքական մահկանացուն կնքելու ավելի կարճ ճանապարհ չի կարող ընտրել»:

Առավել մտահոգիչ խնդիր կա: Քոչարյանի վերադարձի հավանականությունը քննարկողները եւ այդ հեռանկարից սարսափողները մոռանում են, որ երկրի նախագահին ընտրում է հասարակությունը, որի մեջ մտնում են նաեւ իրենք` սարսափողները: Այս մտայնությունն, իհարկե, օդից չի ծնվել. բռնություններով, կեղծիքներով, հինգ հազար դրամանոց «ընտրողներով» նախագահի աթոռը զավթողների նվերն է սա «Անտառամեջ գյուղի հասարակությանը», որն արդեն վաղուց ի վեր չի հավատում, թե հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել: Բայց այս նույն հասարակությունը նաեւ պետք է հիշի, որ Քոչարյանը «երիտասարդ թոշակառու» է, իշխանական լծակներ չունի, որ ուժային կառույցների հնարավորություններն օգտագործելով՝ վերակենդանա: Սա էլ նշանակում է` նա իրական վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար, նրան սեփական կամքով ընտրող` Հայաստանում խոշորացույցով կարելի է պեղել: Այնպես որ, մնացինք էլի մենք ու մեր դիմաց` իր իշխանության պահպանման գրավական` կամակատար ուժային կառույցների տերուտիրական, Հայաստանը ներկա պահին կործանող Սերժիկ Սարգսյանը` իր ավազակախմբով: Եվ ցանկացած շեղում այս իրողությունից, մեր պայքարը ջլատելու յուրաքանչյուր փորձ աշխատում է Բաղրամյան 26-ը զավթածի օգտին:

Սա չհասկանալը մանկամտություն է, հասկանալն ու կույր ձեւանալը` դավաճանություն մեր պետականության դեմ:

Լիզա Ճաղարյան 

Նախորդ հոդվածը‘«Ռեալ Սոսյեդադը» հաղթում է «Ռեալ» Մադրիդին(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուռիում ի պաշտպանություն Թեղուտի՝ մեղրի տոնավաճառ կանցկացվի (տեսանյութ)’