‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանի «մաքրաթաթիկ» օգնականները ‘

3043

Ի՞նչ է ստացվում: Հայաստանի ընդդիմադիր ուժերից մեկը` Հայ ազգային կոնգրեսը, որն իր վերջին բազմահազարանոց հանրահավաքով վերստին ապացուցեց, որ հասարակության ամենամեծ հատվածն իր սպասելիքները կապում է հենց այս ուժի հետ, գործուն քայլերով ճանապարհներ է փնտրում` մեր սուզվող նավ-պետությունը ներկա իշխանություններից ազատելու համար, եւ հենց այդ իշխանություններին հավասար, երբեմն նույնիսկ ավելի կատաղի` Կոնգրեսի դեմ պայքարում են իրենց ընդդիմադիր հորջորջող որոշ ուժեր:

Ոչ միայն պայքարում են, այլեւ` որքան Կոնգրեսը հաջողում է իր նախանշած քայլերի իրականացման գործում, այնքան ավելի` այս ուժերը կորցնում են ինքնատիրապետումը, իսկ սրանց, այսպես կոչված, առաջնորդները, ջղակծկումներից կապտելով եւ սեփական մաղձից կանաչելով, կորցնում են իրենց մարդկային դեմքի վերջին նշույլները:

Ինչու՞: Եթե իրոք այս ուժերը ցանկանում են, որ Հայաստանում իշխանափոխություն լինի, թվում է` պետք է ողջունեն դեպի այդ նպատակը տանող ամենակարճ ուղին որոնողին: Կամ` առնվազն չխանգարեն, եթե, ինչպես իրենք են հայտարարում` իրենց «մաքրամաքուր թաթիկները» չեն ուզում կեղտոտել որոշ, ըստ իրենց` մերժելի ուժերի հետ համագործակցելով: Մանավանդ, գաղտնիք չէ` բոլորս ենք տեսնում, եւ արդեն մեր տեսածն օրեր ու ամիսներ չեն ձգվում, այլ տարիներ, որ այս դժգոհ ուժերը ոչ մի գործնական քայլ չեն անում (եւ ունակ էլ չեն) իշխանափոխության հասնելու համար, բացի` ժամանակ առ ժամանակ Հայաստանի «գաղջ» մթնոլորտ արտանետելով հերթական ճռճռան բառակույտը: Եվ եթե նույնիսկ իրենց մի քանի տասնյակի հասնող խմբերով ցուցադրական անհանգիստ շարժումներ են անում, ապա դրանք իշխանական թեւի վրա քամու սվվոցի չափ ազդեցություն են ունենում: Ո՛չ ավելին:

Եվ այսպես, իրենք չեն կարողանում` կարողացողներին էլ խանգարում են: Թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդներով:

Թե ով ինչ «վեհապանծ» հետեւություններ է անում այսքանից հետո` իր իրավունքն է, բայց այս «վեհապանծների» համար օր օրի ավելի է դժվարանում հերքել հասարակության շրջանում ամրապնդվող այն պնդումները, որ այս ուժերի ուզածն իշխանափոխությունը չէ: Երփներանգ կամ, ավելի ճիշտ` խառնիճաղանջ այս ներկապնակի մանրումեծ գործիչներն ու իրենց համակիր կոչվածները, որ նույնիսկ իրար հետ ընդհանուր լեզու չեն գտնում, ակնհայտորեն դարձել են իրենց ճղճիմ կրքերի գերին եւ յուրաքանչյուր հիստերիկ շարժումից հետո ավելի ու ավելի են խրվում այն ճահճի մեջ, որի հեղինակները հենց իրենք են: Եվ թե ինչ ազգափրկիչ գաղափարներից սնվելով են որդեգրել հակակոնգրեսական այս կեցվածքը` չարչիաբար սնվո՞ւմ են իշխանական խողովակներից, թե՞ հեռահար ծրագրեր ունեն` երազում ու արթմնի իրենց տեսնում են Հայաստանի նախագահի աթոռին, բայց իրենց պարզունակ թվաբանական հաշվարկներով` դեռ այդ բաղձալի պահը չի հասունացել, եւ գերադասելի է, որ Սերժիկ Սարգսյանը շարունակի իրեն հասանելիք շրջանում զավթած պահել նախագահական աթոռը` մինչեւ այս «փրկիչներն» անհրաժեշտ թվով էլեկտորատ «հավաքագրեն»` էական չէ:

Էականն ու անհերքելին այն է, որ այս մարդիկ անում են մի բան, ինչը չափազանց հաճելի եւ ձեռնտու է Սերժիկ Սարգսյանի հանցախմբին: Չգիտակցելո՞վ են այդ ուղին բռնել, խելքի պակասությո՞ւնն է պատճառը, թե՞ գիտակցելով` փառասիրությունից կուրացած: Հանրապետական կուսակցության հիմնը բարձրաձայն կամ մտքում կլկլացնելո՞վ են սուր ճոճում Կոնգրեսի դեմ, թե՞ «Հայաստան, երկիր դրախտավայր»-ը ղունղունելով՝ բացարձակապես նշանակություն չունի. արդյունքը մեկն է` սրանք ամրացնում են Սերժիկ Սարգսյանի խարխլված դիրքերը:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘ Մարտի 8-ին ՎիվաՍելի ցանցը սպասարկել է ավելի քան 23 մլն զանգ ‘
Հաջորդ հոդվածը‘Եւս մի ինքնասպանության փորձ Կիեւյան կամրջից’