‘Խմբագրական. Սերժի հանրահավաքային ֆոբիան’

2341

Եթե երկու բառով բնութագրելու լինենք Սերժ Սարգսյանի իշխանության գործելաոճը, ապա, անկասկած, բառերից մեկը պիտի լինի լեգիտիմությունը: Լեգիտիմության պակասի ֆոբիա: Թերեւս՝ այսպես կարելի է ախտորոշել Սարգսյանի գործելաոճը:

Ակնհայտորեն, Սերժ Սարգսյանի իշխանությունը լուրջ, խորը եւ մասնագիտական վերլուծության ու մի ահռելի նյութի թեմա է,  ինչ-որ առումով՝ նաեւ յուրատիպ՝ տեղայնացման նրբությունները հաշվի առնելով: Սերժն, օրինակ, չի խորշում, երբ իրեն քննադատում են ընդհանրապես, նա նույնիսկ հատուկ սազանդարներ ունի, որոնք կարող են անձնական «քֆուրների» ու վիրավորանքների աստիճան քննադատել նրան: Բա՛յց:

Բայց Սերժն ունի Ռուբիկոն, որը չի կարելի անցնել: Նրա լեգիտիմությունը: Ընդունիր նրա լեգիտիմությունը, անվանիր նրան նախագահ (կամ թեկուզ՝ գործող նախագահ) եւ քննադատիր նրան՝ որքան սիրտդ կամենա: Կարեւորը՝ քննադատությունը երբեք ու երբեք չառնչվի նախագահական կեղծված ընտրություններին: Այդ հարցում Սարգսյանի սրտի լարերը միանգամից նրբանում են, զի իր ամենամեծ կռիվը հենց սկզբի՝ ընտրված լինել-չլինելու հետ է: Եւ ի վերջո, չմոռանանք, որ ի սկզբանե՝ ընտրություններն էին, հետո նոր՝ սխալ, անարդյունավետ, հանցավոր քաղաքական գործունեությունը՝ այս կամ այն ոլորտում: Երբեմն, անշուշտ, դժվար է պատկերացնել, որ մարդը կարող է այդքան իջնել ու թույլ տալ (նույնիսկ՝ ֆինանսավորել), որ իրեն ասեն ամենավերջին բառերը, բայց, որ «քֆուրն» այդ առնչվի միայն ու միայն հետընտրական շրջանին: Իհարկե, Սարգսյանը, նախագահական ծանր բաճկոնին հարմար թեկնածուացու չլինելով հանդերձ՝ ինքն էլ հասկանում է, որ ինչպես շինության ամրության գրավականը հիմքն է, այնպես էլ՝ նախագահի «ամրության» գրավականը ընտրված լինել-չլինելու հանգամանքն է: Ընտրություններն են, ուրեմն, հենց այդ հիմքը, որին պետք է երբեք չդիպչել, ոչ մի պարագայում: Իսկ, ահա, պատուհանները, տանիքը, վարագույրները քննադատելը նույնիսկ խրախուսվում է՝ ժանրի կանոնները չխախտելու առումով: Եւ զարմանալի չէ, որ արդյունքում ունենք քաղաքա-լրատվական Սոդոմ-Գոմոր, երբ դաշտի մի զգալի հատվածի համար՝ ընդդիմադիր լինելու մասին թուղթը տալիս են սարգսյանական գրասենյակներից մեկից:

Հենց այդ պատճառով էլ Սերժը բնական սարսափ ունի ամեն տեսակ քաղաքական միավորումներից եւ հատկապես՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՑ: Որովհետեւ ցանկացած քաղաքական միավորում ու հանրահավաք արդեն իսկ ձեռնոց է՝ նետված Սերժի իշխանության փխրուն կայունությանը:

Ցանկացած քաղաքական միավորում ու հանրահավաք (այն էլ՝ միասնական) մարտահրավեր է Սերժի սրբություն սրբոցին՝ լեգիտիմությանը, իշխանության հիմքին, Ալֆային ու Օմեգային, ցանկացած հանրահավաք արդեն իսկ հետհաշվարկի մեկնարկ է նշանակում նրա համար, սեփական թիմի փխրունագույն կայունության փորձություն, քաղաքական դաշտում մենակ մնալու անհերքելի փաստի հրապարակային ցուցադրություն: Մի խոսքով, հանրահավաքը, այն էլ՝ միասնական, Սերժ Սարգսյանի բոլոր քաղաքական ֆոբիաների մի հավաքատեղի է, եւ հետեւաբար՝ պետք է ամեն ինչ անի՝ իրեն նետված մարտահրավերը ժամկետից շուտ չեզոքացնելու համար: Դե, գոնե պետք է չնչին հույս ունենա:

Ու հենց այդ ու միայն ա՛յդ վախերով են պայմանավորված այն բոլոր հայտարարությունները, վերլուծությունները, ասուլիսները, նույնիսկ՝ սոցցանցային ստատուսները, որտեղ Սերժ Սարգսյանի նախագահ լինելը կասկածի տակ չդնող, բայց նրան ազատ «քֆուր տվող» պսեւդոընդդիմադիրները, ընդդիմության ընդդիմադիրները, ընդդիմությունից հիասթափվածները կանխապես հայտարարում են, թե՝ բա չիմացաք, «բան էլ  չի լինելու», «սաղ սութ ա», «իզուր գնալու եք՝ հիասթափվեք, էս գլխից մի՛ էլ գնացեք», «էդ սաղ ռսների սարքածն ա (նախկինում՝ Արեւմտյան գունավոր հեղափոխության նոր անվանումը), որ ձեզ Մաքսային տանեն (կարելի է կարծել, թե ՄՄ-ին միանալու մասին հայտարարությունը ոչ թե Սերժն է արել, այլ ընդդիմությունը):

Այսինքն, հանրահավաքը դեռ տեղի չունեցած՝ Սերժենք հրապարակ են նետել անձնական օգտագործման ե՛ւ հրետանին,  ե՛ւ այրուձին, ե՛ւ նետաձիգներին, ե՛ւ նույնիսկ մի քանի ժամկետանց բաբաններ, որոնք պիտի, իրենց կարճ խելքով՝ հանրահավաքից առաջ քանդեն ոգեւորության պատը եւ «տապալեն» հանրահավաքը:

Բայց դե, ոնց որ հենց էս դեպքի համար լինի ասված՝ երկու ահը մի մահ է:

Հոկտեմբերի 10-ին՝ բոլորս դեպի Ազատության հրապարակ:

Քրիստինե Խանումյան

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ի և դաշնակիցների օդանավերը հարվածում են ԻՊ-ի դիրքերին Սիրիայի տարածքում’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Չի բացառվում, որ Իրաքում թուրք պատանդները փոխանակվել են գրոհայինների հետ’