‘Խմբագրական. «Ցմահ»-ների հաղթարշավը շարունակվում է ‘

1959

Երեկ Հայաստանի նկարիչների միության համագումարն էր: Թե ինչպիսի «համուհոտով» է ընթացել այս միջոցառումը, լրատվամիջոցները մանրամասն անդրադարձել են: Հայտնի է նաև, որ նախագահ է ընտրվել Կարեն Աղամյանը, որը մինչ հերթական ընտրությունն արդեն իսկ 15 տարի անընդմեջ ղեկավարում էր այս կառույցը: Իսկը` թանկագին Լեոնիդ Իլյիչ:

Առաջին անգամ չի գրվել, որ սովետմիության վախճանից հետո անկախություն ձեռք բերած հանրապետություններում դեռևս գոյատևող այս ստեղծագործական միությունները կորցրել են իրենց երբեմնի դերն էլ, նշանակությունն էլ, ազդեցությունն էլ և վերածվել անհասկանալի, գորշ խմբակների, որոնց ներկայացուցիչների գերակշիռ մասը շարունակում է անդամակցել համապատասխան միությանը` իներցիայի ուժով, իսկ փոքրամասնությունն, անկասկած, ինչ-որ շահեր է հետապնդում, հակառակ դեպքում` այդպիսի ջերմեռանդությամբ չէր կառչի մեծ ու փոքր աթոռներից:

Անկախություն ձեռք բերած հանրապետություններից որ մեկն ինչպիսի նորամուծություններով է փորձում երկարացնել այս սովետմնացուկի կյանքը` իր խնդիրն է: Իսկ ահա Հայաստանում ոչ միայն չեն փորձում կույր աղիքի վերածված այս կառույցներին թարմ շունչ հաղորդել, այլև տարեցտարի  սրանք ավելի ու ավելի են «կատարելագործվում»` կարծես անընդհատ հիշեցնելու համար, որ սովետմիություն կոչվածի մահվան մասին հասարակության պնդումները մի քիչ չափազանցված են:

Հայաստանում առաջադեմ օրենքներ են գրվում, հաստատվում են, հետո, իհարկե, ամեն քայլափոխի կոպտորեն ու լկտիությամբ ոտնահարվում են այդ նույն օրենքները, բայց արտաքուստ` թղթի վրա այդ փոփոխությունները, այնուամենայնիվ, կատարվում են, և հասարակությունը գեթ հույս է փայփայում, որ մի օր ի՛նքը կընտրի իր երկրի իշխանությանը, և իր ընտրած իշխանությունն անշունչ թղթերին կենդանություն կհաղորդի:

Իսկ ահա ստեղծագործական միություններում երբեք ու ոչինչ չի փոխվում: Նույնիսկ մեր այս անօրեն պետության մեջ երկրի նախագահները երկու անգամից ավելի ընտրվելու իրավունք չունեն, իսկ ահա այս «կանտորաներում» (միակ բացառությունը ՀՀ կոմպոզիտորների միությունն է. մեծ դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, նրանց վերջապես հաջողվեց «վաստակած հանգստի» ուղարկել Ռոբերտ Ամիրխանյանին) նախագահի աթոռին նստողը «ցմահի» կարգավիճակ է ձեռք բերում. այս կողմերում թանկագին Լեոնիդ Իլյիչի գծած ճանապարհից չեն շեղվում` ընտրվում են ու ընտրվում, քանի դեռ բերաններում շունչ կա:

Թվում է` ազատ մտածողության, անկախ կեցվածքի, ըմբոստության ակունքները հենց այս ստեղծագործական միությունները պետք է լինեին: Թվում է` երկիրը փոթորկող անարդարությունների դեմ հենց այս միությունները պետք է ընդվզեին: Զուր հույսեր են: Երբեմն-երբեմն ինչ-որ բողոքի ձայներ, իհարկե, լսվում են, բայց պատճառը կա՛մ որևէ մրցանակի համար գզվռտոցն է լինում, կա՛մ նյութական ակնկալիքը:

Միով բանիվ, այս միությունների ա՛յս տեսքով գոյատևումը ձեռնտու է միայն հանցագործ իշխանություններին. երբ պետք լինեն` կօգտագործեն, իսկ եթե պետք չեն լինի` թող գլուխները կախ գոյություն քարշ տան ու ոտքի տակ չընկնեն:

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» նախաձեռնության սոցիալական հոլովակը’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ Համանախագահները Ղարաբաղում գյուղատնտեսությունից բացի այլ հարցեր էլ են քննարկել’