‘Խմբագրական. Փրկել մեկ կյանք՝ փրկել աշխարհը. Մայդան-Ազատության հրապարակ ‘

2230

Մարտիմեկյան սպանդին (գնդակահարվեց առնվազն տասը քաղաքացի) ականատես եղած ակտիվ քաղաքացիների մի մասը վանկարկում է. «Ո՜ւր է մեր Մայդանը, ո՜ւր է մեր Մայդանը»: Եւ նրանց սիրտն այնտեղ է՝ Կիեւի փողոցներում, Մայդանում, որտեղ բռնապետական իշխանությունը գնդակահարում է ազատության համար պայքարի ելած քաղաքացիներին, որտեղ արյուն է հեղվում: «Ո՜ւր է մեր Մայդանը. ահա սա է պայքարը». վանկարկում են անգամ նրանք, ովքեր` հենց իրե’նք հնարավորություն ունեին Հայաստանում Մայդան ձեւավորել եւ ժողովրդին տանել Բաղրամյան 26: Մայդան են տենչում սոցիալական ցանցերում ակտիվ քաղաքացիներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, Մայդան են տենչում ու սրտի կսկիծով ժամ առ ժամ հաղորդում Կիեւում արձանագրված նոր սպանությունները` 1 զոհ, 2 զոհ, 10 զոհ, 20 զոհ, 70 զոհ… 1 կյանք, 2 կյանք, 10 կյանք, 20 կյանք, 70 կյանք… 1 աշխարհ, 2 աշխարհ, 10 աշխարհ, 20 աշխարհ, 70 աշխարհ…

Ու անխոս, բոլորիս սիրտն էլ ցավում է Մայդանի համար, Ուկրաինայի ժողովրդի համար, եւ միաժամանակ` մենք, որ ինքներս տեսել ենք սեփական մայրաքաղաքի կենտրոնում հեղվող համաքաղաքացիների արյունը, սգում ենք այն մարդկանց մահը, ովքեր զոհվում են Կիեւում՝ իրենց ազատության համար:

Բայց Կիեւը Երեւանից հեռու է, եւ մենք այստեղից միայն պայքարն ենք տեսնում, ու որքան էլ սգանք զոհված ուկրաինացիների մահը, երբեք ու երբեք չենք զգալու այն, ինչ զգում են զոհերի ընտանիքները, հարազատները: Բայց չէ՞ որ Կիեւում արյուն է հեղվում. ուկրաինացին հեղում է մեկ այլ ուկրաինացու արյունը: Իշխանությունները կրակում են սեփական երկրի քաղաքացիների վրա, եւ արդեն ոչ ոք չգիտե, թե որքան ջուր կտանի այս խմորը, ու դեռ որքան արյուն է հեղվելու:

Եվ ահա այս ամբողջ քաոսի ֆոնին ոմանք այստեղից Կիեւ՝ մեր Մայդանն են տենչում: Մայդան, որտեղ պայքարում են, բայց ո՛չ Մայդան, որտեղ արյուն է հեղվում: Մայդան՝ ռոմանտիզացված, Մայդան՝ միֆականացված, բայց ո՛չ Մայդան՝ իրական, բայց ո՛չ Մայդան այսօրվա, որտեղ սպանում են ու սպանում:

Ու արդեն ժամանակն է, որ Մայդան տենչացողները վերջապես տան այդ հարցի պատասխանը` ի՞նչ տեսակ Մայդան են տենչում իրենք: Մայդան, որ իրակա՞ն է, որտեղ արյու՞ն է հեղվում, թե՞ Մայդան՝ առանց արյան ու զոհերի: Խուսանավելու ճաապարհ այլեւս չկա, եկել է հարցերին շիտակ պատասխանելու ժամանակը: Եթե Մայդան, ապա առանց արյան: Այլ բանական ճանապարհ ուղղակի չկա:

Մենք մեր Մայդանն ունենք այստեղ՝ Ազատության հրապարակում: Մարտի մեկին ՀՀ քաղաքացիները Մայդանը կայացնելու հնարավորություն ունեն: Եւ նաեւ ընտրություն՝ ինչպիսի Մայդան: Տասը հազարը պետք է լինի՝ քսան հազար, քսանը՝ հիսուն հազար: Խաղաղ Մայդանի ճանապարհները տանում են դեպի Ազատության հրապարակ, եւ բոլորը, ում սիրտն իրապես Մայդան է ցանկանում, բոլորը, ում սիրտն իրապես իշխանափոխություն է տենչում, բոլորը` ովքեր իրապես փոփոխություններ են ցանկանում, բոլորը` ովքեր երկրից հեռանալու որոշում են կայացրել, բոլորը` ովքեր հիասթափվել են, բոլորը` ովքեր հուսահատվել ու վհատվել են, բոլորը` ովքեր վախենում են, բոլորը` ովքեր քաղաքական ապաշխարման կարիք ունեն, բոլորը` ովքեր այլեւս իշխանությունների 5000 դրամը մերժելու որոշում են կայացրել, բոլորը` ովքեր իրենց խաբված ու հարստահարված են զգում, բոլորը` ովքեր այլեւս կորցնելու ոչինչ չունեն, եւ նրանք` ովքեր կորցնելու շատ բան ունեն, բոլորը` ովքեր չեն կորցրել իրենց հույսը, բոլորը` ովքեր պատրաստակամ են, բոլորը` ովքեր սպասում են նշանի, եւ նրանք, ովքեր այլեւս ոչնչի չեն սպասում, բոլո՛րն այդ օրը պետք է լինեն Ազատության հրապարակում:

Ազատության հրապարակը կարող է դառնալ ձեր, մեր բոլորիս երազանքների Մայդանը, բայց դրա համար բոլորս պետք է լինենք այնտեղ: Առանց՝ «իսկ ինչո՞ւ այն ժամանակ ամեն գնով մինչեւ վերջ չգնացին» մեղադրանքների: Այսօրվա Մայդանն աչքներիս առաջ է: Մայդանն անշուշտ, ժամանակային առումով կարող է ավելի շուտ հաղթել, քան դա անում ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս: Բայց չէ՞ որ կարեւորը նաեւ մեր նպատակների իրականացման տարբերակի ընտրությունն է: Ամեն գնո՞վ էիք ցանկանում 2008-ի մարտի 1-ին հասնել իշխանափոխության: Նաեւ ձե՞ր կյանքի գնով: Առանց դրա էլ՝ առնվազն տասը մարդու կյանք խլեցին մեզանից, առնվազն տասը մարդու արյուն թափեցին: Առանց դրա էլ` այդ ծանր կորստի բեռան տակ դեռ կքած ենք քայլում: Առանց դրա էլ առնվազն տասն ընտանիքից խլեցին իրենց աշխարհը… Եւ մի՞թե տասը մահը բավարար չէր հասկանալու համար, որ անարյուն պայքարն այլընտրանք չունի: Անգամ եթե անարյուն ճանապարհն ավելի երկար ու դժվարին է:

«Փրկիր մեկ կյանք, եւ դու կփրկես աշխարհը» (Թալմուդ):

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ-ը առաջնահերթություն տվեց «մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովին’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. Վաշինգտոնը չի աջակցում Յանուկովիչի հրաժարականի պահանջին ‘