‘Խմբագրական. Քաղաքակիրթ մարդկությունը եւ բիրտ իրականությունը’

2719

Մերձավոր Արեւելքի քրիստոնեական համայնքներն այսօր, հենց այս պահին, դաժան օրեր են ապրում: Համեմատությունը մեր եւ Մերձավոր Արեւելքի մյուս քրիստոնյա ժողովուրդների՝ տարատեսակ դավանությունների ասորիների, նաեւ՝ ղպտիների միջեւ, ցույց է տալիս, որ չնայած բոլոր կորուստներին, որ ունեցանք մեր պատմության հատկապես վերջին հարյուրամյակում, չնայած նույնիսկ ցեղասպանության, մեր դրությունը որակապես տարբեր է, եւ տվյալ դեպքում տարբերությունը մեր օգտին է: Մենք, չգիտես ինչու, սիրում ենք մեզ համեմատել աշխարհի հզորների հետ, բայց մեր իրական դիրքը՝ պատմական, աշխարհագրական եւ քաղաքական՝ Մերձավոր Արեւելքի քրսիստոնյա ազգերից մեկը լինելն է, եւ այդ չափով էլ պետք է չափենք մեր ունեցած-չունեցածը: Վերոբերյալ համեմատությունը ք*** սրտի մխիթարանք չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ, ավելի մանրամասնելու դեպքում՝ լուրջ ուղերձներ է պարունակում. մեր դրությունն այսօր իրոք անհամեմատ լավ է եւ կարող է է՛լ ավելին լինել, եթե վերջապես կարողանանք ճիշտ կողմնորոշվել, բայց, մյուս կողմից էլ՝ այդ համեմատությունը հիշեցում է, թե ի՛նչ եւ ինչպե՛ս կարող է լինել, եթե վերջնական անցում չկատարենք համայնքայինից դեպի պետական մտածողություն:

Այլեւս չի՞ կրկնվի

Եթե դեռ մի քանի սերունդ առաջ մենք ընդամենը մեկն էինք Մերձավոր Արեւելքի քրիստոնյա բազմաթիվ համայնքներից, որոնց հիմնական քաղաքական զբաղմունքը այս ու այն տեղ աղերսագրեր գրելն էր, ապա այսօր, մի քանի սերնդի ջանքերի շնորհիվ՝ ունենք հայաբնակ հայրենիք, պետություն, բանակ, ինչ-որ չափի միջազգային դիրք եւ կշիռ: Սա այն ամենն է, ինչի մասին Մերձավոր Արեւելքի մյուս քրիստոնյա ժողովուրդները, պիտի ասեինք՝ կերազեին, բայց իրականում նույնիսկ երազել չեն կարող, քանզի այսօրվա դրությամբ նրանց երազանքի առավելագույնը կարող է լինել ամենատարրական ապահովությունն ու ամենատարրական ազատությունը՝ կրոնական-մշակութային ինքնավարության համեստ շրջանակներում:

Շատ կարեւոր հանգամանք, որը պետք է նկատի ունենանք եւ բաց չթողնենք՝ լուսավորյալ եւ առաջադեմ համարվող մեր դարում (նկատի ունեմ 20-21-րդ դարերը՝ միասին վերցված) Մերձավոր Արեւելքի քրիստոնեությունը ոչ միայն վերածնունդ, նոր ծաղկում չունեցավ, հինավուրց ազգերը ոչ միայն վերելք եւ բարգավաճում չվերապրեցին, այլեւ, մեծ հաշվով՝ անշեղ անկում ունեցան (եթե հաշվի առնենք հիմնական միտումը, այլ ոչ թե ժամանակավոր վայրիվերումները): Պատմությանն անծանոթ մեկին կարող է թվալ, որ «մութ անցյալում»՝ իսլամական միջնադարում, Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների վիճակն ավելի վատ էր, քան այսօր: Իրականությունն այլ է. չնայած իսլամական պետությունների տիրապետությունը, մեղմ ասած, հեռու էր իդեալից, բայց 19-րդ դարում Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում եւ այլուր քրիստոնյա բնակչությունն անհամեմատ ավելի բազմաքանակ էր եւ անհամեմատ ավելի ապահով ու անվտանգ էր, քան հետագայում եւ մանավանդ՝ այսօր: Դրա պատճառների ներկայացումը դուրս է մեր այս նյութի նպատակից, կարեւոր է միայն ամենայն ուշադրությամբ արձանագրել այս փաստը:

Ինչ վերաբերում է հենց այսօրվան, ապա կարելի է ասել, որ Մերձավոր Արեւելքի քրիստոնեությունն այսօր մոտ է հոգեվարքի՝ պատերազմներ, հալածանքներ, ահաբեկումներ, արտագաղթ, տեղահանման եւ ոչնչացման վտանգ՝ իրավիճակ, որի համեմատ ոչ թե հեռավոր, այլ մերձավոր իսկ անցյալը երանելի դրախտ պետք է թվա: Ի դեպ, սա վերաբերում է ոչ միայն Սիրիայի եւ Իրաքի ասորիներին, նաեւ՝ ղպտիներին, որոնք չնայած համեմատաբար ապահով են այժմ, բայց միայն՝ շնորհիվ բանակի դիկտատուրայի, այլեւ, ինչպես տեսնում ենք, երբեմնի ծաղկուն հայ համայնքներին՝ նույն այդ երկրներում: Ուրեմն՝ նրանք, ովքեր այսօր էլ հույսը դրել են մարդկության առաջադիմության, «այսօր այլեւս հնարավոր չէ»-ի, «աշխարհն այսօր անդառնալիորեն փոխվում է»-ի եւ նման բաների վրա, եթե նրանց բավարար չէ այն փաստը, որ հենց հայերիս ցեղասպանությունն իրականացվեց ոչ թե մութ միջնադարում, այլ իրեն ամենաառաջադեմն ու լուսավորյալը հռչակած դարում, թող տեսնեն, որ այն, ինչ այսօր կատարվում է Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների հետ, անխուսափելիորեն լինելու էր եւ մեր ճակատագիրը, եթե չունենայինք այսօր թեկուզ այս փոքր եւ խնդիրներով լի պետությունը: Ավելին, թող ոչ ոք հույս չունենա, որ այսօր «այլեւս» հնարավոր չէ այն, ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ. հենց այսօր, երբ մենք հրճվում ենք Հռոմի պապի եւ առաջադեմ մարդկության հայանպաստ դիրքորոշումներով, բոլորիս աչքի առաջ, իրականում՝ ո՛չ միջնադարյան իսլամում, ո՛չ էլ նույն 20-րդ դարում իսլամ աշխարհում երբեք չտեսնված բարբարոսությամբ եւ դաժանությամբ, քաղաքակիրթ Եվրոպայում մեծացած եւ «մուլտիկուլտուրալիզմի» ու «հանդուրժողականության» դասեր սերտած «ջիհադիստների» կարեւոր մասնակցությամբ ոչնչացվում են Մերձավոր Արեւելքի քրստոնեական վերջին օջախները, նաեւ՝ համամարդկային մշակույթի կարեւորագույն հուշարձանները:

Ե՛րբ եւ ինչպե՛ս այս գործընթացները կկասեցվեն, եթե կասեցվեն՝ պարզ չէ, բայց փաստ է, որ առայժմ ոչ միայն չեն կասեցվում, այլեւ, ըստ համառորեն շրջանառվող լուրերի, հովանավորվում են քաղաքակիրթ մարդկության ընկերությունը վայելող որոշ պետությունների կողմից, ինչպես նաեւ փաստ է այն, որ նույնիսկ մի օր կասեցվելուց հետո հետեւանքների զգալի մասն այլեւս անշրջելի է լինելու, հատկապես քրիստոնյա փոքրամասնությունների առումով (ինչպես որ Օսմանյան կայսրության պարտությունն Առաջին համաշխարհայինում, այլեւս ետ չդարձրեց ոչ ցեղասպանվածների կյանքը, ոչ էլ նույնիսկ՝ հայրենիքի կորցրած հատվածները): Ո՛չ, կներեք, Հռոմի պապը՝ սպիտակ ձիու վրա, ո՛չ ԵԽԽՎ-ի ու ԵՄ-ի «խաչակրաց» բանակը, ո՛չ էլ որեւէ այլ մեկն «առաջադեմ մարդկությունից», շատ մեծ ցանկության դեպքում էլ, չեն կարող փոխել այս իրավիճակը: «Առաջադեմ մարդկության» հայաստանյան մասնաճյուղի զգայուն հոգիները գուցե հուզման պահեր ապրեն, կամ էլ թշիկները մի պահ ամոթից ու վրդովմունքից շիկնեն, բայց Մերձավոր Արեւելքի քրիստոնեությունը դեռ հույս ունի եւ մի քանի տարի գոյատեւել է շնորհիվ ….. Իսլամական հեղափոխության պահապանների իրանական կորպուսի եւ ընդհանրապես՝ Իրանի, նաեւ՝ Ռուսաստանի դիրքի՝ սիրիական եւ իրաքյան հարցերում:

Տեկտոնական ուժերը եւ գլոբուսի ապագան

Այսքանից աստիճանաբար պարզվում են այն ուղերձները, որոնք կարեւոր են մեզ համար: Նախ՝ երկրորդականն առաջնայինից տարբերելու խնդիրը: Պայմանական 100 տարի անց աշխարհի ճնշող մեծամասնությունը ճանաչելու է Հայոց Ցեղասպանությունը, իսկ պայմանական 1000 տարի անց, կարող ենք վստահ լինել, այն հաստատապես ճանաչելու են նաեւ Թուրքիայում կամ այնտեղ, ինչը լինելու Թուրքիայի փոխարեն այդ ժամանակ: Կարող ենք նաեւ չկասկածել, որ նույն ժամանակ աշխարհը վրդովմունքով հիշելու  եւ ոգեկոչելու է Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների, ասենք՝ 2012-15 թթ. ցեղասպանությունը: Աշխարհում այսօր ինչն է մոդա՝ ցեղասպանություններ ոգեկոչելը: «Դա այլեւս երբեք չպետք է կրկնվի», ասելու է Եվրախորհդարանի մի իմաստուն պատգամավոր, «Իսլամական խալիֆաթը պետք է առերեսվի սեփական պատմության հետ»՝ կոչ է արվելու  խաղաղասիրական մի ՀԿ-ի սեմինարի ժամանակ: Բոլորը խելոք-խելոք տմբտմբացնելու են իրենց դնչիկները եւ ծափիկ-ծափիկ են տալու:

Այս ամենն ինքնին լավ է, սակայն առաջնային խնդիրը, որը մեզ պետք է հուզի, դա չէ, այլ այն, թե արդյո՞ք պայմանական վերցված 100 եւ 1000 տարի անց լինելո՞ւ է հայերով բնակեցված Հայաստան եւ հայկական պետություն, որը թեկուզ ոչ բավարար, բայց առաջնային հիմքն է հայերիս անվտանգության եւ բարեկեցության՝ այս տարածաշրջանում: Իսկ այն, որ «100 եւ 1000 տարի անցը»՝ որպես երկրագնդի վրա վերջապես դրախտի եւ հազարամյա արքայության հաստատման շրջան պատկերացնելն առնվազն հանդուգն եւ անմիտ է՝ հուսամ, հասկանալի է, թեկուզ նախորդ շարադրանքից:

Մերձավոր Արեւելքի իրադարձությունները նաեւ ուղերձ են նրա մասին, որ որեւէ տարածաշրջանային կայունության եւ համեմատական անվտանգության շրջան անվերջ չէ՝ ամենաամուր եւ ծանոթ թվացող համակարգերը կարող են կործանվել հաշված տարիների, եթե ոչ ամիսների ու նույնիսկ շաբաթների ընթացքում: Տոտալ, քաոտիկ անկայունության մեծ օղակը շատ մոտ է մեզ՝ միայն Թուրքիան եւ Իրանն են բաժանում մեզ Ասորիքից եւ Միջագետքից: Ընդ որում՝ երկուսն էլ՝ Թուրքիան եւ Իրանը, ամեն մեկն՝ իր ձեւով, ներգրավված են սիրիական եւ իրաքյան ճգնաժամերի մեջ, եւ կանխատեսելի չէ, թե ի՛նչ կերպով այդ ներգրավվածությունը մի օր կարող է ազդել նաեւ այդ պետությունների կայունության վրա: Հարեւան Վրաստանում գտնվող, չեչենաբնակ Պանկիսի կիրճն այսօր դարձել է դեպի Մերձավոր Արեւելք իսլամիստ գրոհայինների հավաքագրման կարեւոր կետ՝ շնորհիվ «Իսլամական պետության»՝ այդ տարածքից դուրս եկած հայտնի հրամանատարներից մեկի գործոնի: Մեզ վրա իրավիճակն առայժմ անդրադառնում է այնքանով, որքանով վերաբերում է հայկական համայնքներին եւ Հայաստանում ապրող փոքրաթիվ ասորիներին:

Հարատեւ չեն ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային համակարգերը: Ցայսօր որեւէ միջազգային կարգ չի եղել անվերջ, չի լինելու նաեւ այսօրվանը: Ընդհանրապես՝ մեր տիպի ազգերն անկախություն են ստանում կամ կորցնում միջազգային կարգի կամ էլ տարածաշրջանային մեծ ճգնաժամերի համեմատաբար կարճատեւ պահերին: Մեր ամբողջ պատմությունը՝ սկսած Արտաշիսյաններից մինչեւ 1991, դրա վկայությունն է՝ կա՛մ օգտվել ենք միջազգային կարգի մեծ վերադասավորումներից եւ անկախացել, կա՛մ տուժել ենք նույնից եւ կորցրել անկախությունն ու հաճախ նաեւ հայրենիքի մասերը: Եթե միջազգային կարգի մեծ փոփոխությունները ամեն տվյալ պահի մեր վերահսկողությունից դուրս են, ապա նման իրավիճակներին պատրաստ լինելը՝ օգուտով կամ գոնե առանց կորուստների դուրս  գալը, զգալի չափով մեր ձեռքում է: Քանի դեռ քիչ թե շատ կայուն է միջազգային այսօրվա համակարգը՝ ուժերի քիչ թե շատ ճշտված եւ դանդաղ փոփոխվող հարաբերակցությունը հիմնական համաշխարհային ուժերի միջեւ, եւ քանի դեռ տարածաշրջանային մեծ անկայունությունը չի ներքաշել իր մեջ մեր անմիջական հարեւաններին, մենք, որպես պետություն, լավ կամ վատ՝ կգոյատեւենք՝ նույնիսկ այսօրվա մեր ներքին չափազանց խնդրահարույց իրավիճակը հաշվի առնելով: Բայց խնդիրն այն է, թե ի՛նչ է լինելու ճգնաժամային անխուսափելի պահին՝ ուժերի հավասարակշռության ոչ թե դանդաղ, այլ ակնթարթային, հեղափոխական փոփոխությունների փուլում, երբ լուծվում են ազգերի ճակատագրերը տասնամյակների, հարյուրամյակների կտրվածքով, իսկ երբեմն էլ, բառիս բուն իմաստով, կյանքի եւ մահի հարց է դրվում: Հենց այդ հարցի առումով է կարեւորվում մեր համեմատաբար կայուն ներկան, դրա միտումները՝ ներքին եւ արտաքին հարաբերություններում: Համեմատական կայունության շրջանում կուտակված դրամագլխով ենք ներկայանալու մեծ ճգնաժամի պահին, որը կարելի է համեմատել յուրահատուկ աճուրդի հետ, ուր կշռվում է ամեն ազգի, պետության, հասարակության իրական ներուժը եւ որոշվում, թե դրանցից որոնք են արժանի շարունակել իրենց կյանքը եւ ի՛նչ ձեւով: Ներքին խնդիրների առումով, պարզ է, որ մի գին ենք ունենալու այդ աճուրդում, եթե այսօրվա ճահճից դեպի զարգացում դուրս գանք, եւ ա՛յլ է լինելու գինը, եթե այսօրվա, մեծ հաշվով՝ անբան ու դատարկ ընթացքը շարունակենք՝ վատնելով եղածը եւ չստեղծելով նորը: Ինչ վերաբերում է արտաքին հանգամանքներին, ապա մեր տեղը գլուբուսում (այն գլոբուսում, որը նույնարմատ է մեր իմաստունների կողմից այդքան սիրված՝ գլոբալ բառին) չի փոխվելու (գոնե այնքան ժամանակ, մինչեւ դանդաղորեն գործող տեկտոնական ուժերը տասնյակ միլիոնավոր տարիներ անց անճանաչելիորեն չփոխեն այսօրվա քարտեզի ծանոթ դասավորությունը՝ փակելով Միջերկրականը եւ վերածելով այն նոր մի Լեռնաշխարհի, իսկ Հայաստանը մղելով եւ ճզմելով դեպի հյուսիս՝ է՛լ ավելի բարձրադիր դարձնեն): Դա նշանակում է, որ մեզ հարեւան են դառնալու ոչ թե Վատիկանը, Բելգիան կամ Կալիֆորնիայի հայաշատ եւ անհոգ ծովափերը՝ լի գայթակղիչ տեսարաններով, այլ մնալու են այն ազգերն ու պետությունները, որոնք հարեւան են կամ հարեւանի հարեւան են մեզ այսօր, հետեւաբար՝ նրանց հետ ենք գործ ունեալու, եւ նրանց հետ ենք հարցերը լուծելու՝ մեծ ճգնաժամերի պահերին, հնարավոր է՝ լիովին միայնակ մնալով:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիները Սերժ Սարգսյանին չսպասեցին, գնացին կառավարության մոտ. Առավոտ’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են շփման գիծը հատած զինծառայողին’