‘Խմբագրական. Քայլ՝ տրոյական ձիով. քանի՞ անգամ սայթաքենք նույն տեղում’

3452

Զարմանալի է, բայց միևնույն պարզունակ իշխանական տեխնոլոգիաները կարող են տարիներ շարունակ, առանց էական փոփոխությունների, հաջողությամբ կիրառվել, և մեր հասարակությունը պատրաստ է ամեն անգամ խաբվել դրանց: Թվում է, թե ձեռք բերված փորձը պետք է ավելի ուշադիր դարձնի մեզ, բայց փորձն ինքնին զրո է՝ առանց իմաստավորման: Ինքներս մեզ այդքան «բիթի» և «շուստրի» համարող հայաստանցիներս մանկական միամտությամբ սայթաքում ենք նույն տեղում՝ նմանվելով երեխաների, որոնք մեկ անգամ վառվելով կրակից՝ չեն խրատվում, քանի որ չեն կարողանում ընդհանրացնել կրակ երևույթը՝ ամեն «առանձին» կրակ, ասենք՝ լուցկու կրակ, կրակայրիչի կրակ, գազի կաթսայի կրակ՝ պատկերացնելով որպես նոր երևույթ, այլ ոչ թե միևնույն երևույթի տարբեր դրսևորումներ:

Հարակարծություն է, բայց հենց մեր «բիթիությունը»՝ «սաղ սութ ա, ապեր», «սաղ ջոգած ա», «բոլորն էլ նույնն են», «սաղ խաղ ա», մեր իրական միամտության լավագույն դրսևորումն է. խաբվում ենք այնտեղ, ուր ամեն բան մաքուր և սկզբունքային է թվում, և խաղեր ու դավադրություններ փնտրում այնտեղ, ուր դրանց հետքն իսկ չկա: Պատճառը, կարծես թե, պարզ է: Կենցաղային «բիթիությունը» խելքի նախնական ցածր դրսևորումն է, որ հարգի է պարզունակ, անքաղաքակիրթ համայնքներում, ուր խորամանկությունն ու բանականությունը դեռ իրարից առանձնացված չեն: Ասենք՝ Ոդիսևսը հոմերոսյան պոեմներում բանականության մարմնավորումն է, բայց մեծ հաշվով նա, մեր տեսակետից՝ բավականին միամիտ «խորամնակության» կրող է: Քաղաքական պարզունակ տեխնոլոգիաներին՝ մերօրյա ոդիսևսյան տրոյական ձիերին չխաբվելու համար շատ բան պետք չէ՝ ընդամենը ամենապարզ արիստոտելյան տրամաբանություն՝ առանց չափից ավելի «բիթի» լինելու մանկական հավակնությունների: Եվ իրոք, մի պահ հիշեք ոդիսևսյան խորամանկության թագն ու պսակը՝ տրոյական ձին. արդյո՞ք մեզանից որևէ մեկը կարող էր խաբվել նման պարզունակ մանկական խորամանկությամբ: Բայց տարիներ շարունակ խաբվում ենք հենց այդպիսի պարզունակ «տրոյական» քաղաքական տեխնոլոգիաներով:

Հատկապես Սերժ Սարսգյանը սիրում է երկու-երեք միապաղաղ, տարեցտարի, նույնիսկ արդեն կարելի է ասել՝ սերնդե-սերունդ կրկնվող տրոյական ձիու քայլերով կառավարել համակարգը: Իհարկե, այն հեռավոր ժամանակաշրջանից, երբ այսօրվա ոչընտիրը դիրք գրավեց հայաստանյան քաղաքական վերնախավում, «ազատ-անկախ» մամուլ տեխնոլոգիան մեծ առաջընթաց է ապրել, կատարելագործվել է, բայց մեծ հաշվով՝ միայն քանակական աճի հաշվին. առանցքը միևնույնն է: Ավելորդ չէ հիշել, որ դեռևս Լևոնի ժամանակ նախարար լինելով՝ Սերժ Ազատիչը հովանավորում էր ընդդիմադիր համարում ունեցող որոշ թերթեր (գոնե այդպես էին խոսում): Հետագա տարիներին նրա առջև, բնակաբանար, ավելի լայն դռներ բացվեցին, իսկ իսկական հեղափոխություն «ազատ մամուլի» դաշտում տեղի ունեցավ արդեն արագ համացանցի շրջանում՝ վերջին մի քանի տարվա մեջ: Բայց հիմքե՜րը, հիմքե՜րը հո՛ Լևոնի օրոք էին դրվել, հիմնական հղացքը նույնն է մնացել, պարզապես աննախադեպ ծավալների է հասել:

Նույնն առավել ևս վերաբերում է «գեղամյան-դալլաքյան» («դհոլ») և «ախք» («հաճախորդ») նույնքան պարզունակ տեխնոլոգիաներին: Կարելի է ասել, որ սրանք Սերժի կառավարման մեթոդի տրոյական երեք ….կետերն են (կետ՝ կենդանի իմաստով՝ ձիուց սահուն կերպով անցանք կետի): Զարմանալի չէ՞, որ սրանց վրա խաբվում են քյարթն ու մտավորականը, ինտելեկտուալն ու քաղաքացիական ակտիվիստը: Իհարկե, մի մասը ոչ թե անկեղծորեն խաբվում է, այլ պարզապես նրանց տակն էլ մի «բան» կա: Բայց խաբվողների մեծ մասն ամեն դեպքում անկեղծ է: Խաբվելու պատճառները գուցե տարբեր են՝ քյարթը խաբվում է, որովհետև իրեն բոլորից «բիթիի» տեղ է դնում, ավանդական հայ մտավորականը՝ որովհետև մտածում է ճարտասանական, այլ ոչ թե բանական ստորոգություններով, այսինքն՝ աշխարհում տեսնում է խոսքեր և ճարտասանական հնարքներ, այլ ոչ թե պատճառահետևանքային կապեր, մոդայիկ ինտելեկտուալը՝ որովհետև մտածում է կարդացածով, այլ ոչ թե կենդանի փորձով, իսկ քաղաքացիական ակտիվիստն էլ՝ որովհետև բոլոր լավ ու բարի բաների կողմնակից է, բայց չի ուզում հասկանալ, որ լավ ու բարիին հասնելու համար միայն ցանկությունը քիչ է: Բայց պատճառները, տվյալ դեպքում՝ այդքան էլ էական չեն, և կարող են նաև այլ լինել:

Շատերն են բողոքում, որ չեն հասկանում քաղաքական գործընթացներից, որ է՛լ չեն իմանում, թե ում կարելի է հավատալ, որ ամեն անգամ, հերթական ազնիվ թվացող երևույթի հերթական մերկացումեից հետո, ամեն ինչից և և ամեն բանից հիասթափվում են…..: Հենց այս «պատեպատ» տալու մոտեցումը վկայությունն է իրականության նկատմամբ հանգիստ, հստակ, տրամաբանական մոտեցման և փորձը գիտելիքի վերածելու հասարակական կարևոր մեխանիզմի բացակայության: Իրոք, ի՞նչ է անում առողջ բանականությամբ օժտված մարդը, եթե ոտքը մի երկու անգամ պատահական խփում է քարին: Հո չի՞ հիասթափվում կյանքից, բնությունից, քարերից, արարչությունից, երկրից….: Ո՛չ, պարզապես քայլելուց ավելի ուշադիր է լինում և փորձում է հասկանալ՝ ո՛ր դեպքերում և ո՛ր քարերի նկտամամբ պետք է ավելի զգույշ լինել: Նույնն էլ այստեղ է: Եթե մի քանի անգամ «ռաստվում» ես քաղաքական տհաճ երևույթի, ապա առողջ բանականության հակազդեցությունը ոչ թե վախն ու հիասթափությունն է, այլ իրավիճակից խուսափելու նպատակով դրա մեխանիզմի վերլուծումն է:

Իհարկե, մեր հասարակության տարբեր շերտերը, որոնք շարունակաբար խախտվում են միևնույն իշխանական որոգայթներից, հիմար չեն: Բայց կարելի է ասել, որ մեր համակարգչի մեջ ներդրված չէ այն համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս վերլուծել տարրական քաղաքական իրավիճակները: Համակարգիչն ինքը կարող է շատ լավն ու հզորը լինել, ունենալ մեծ հիշողություն, արագ աշխատող պրոցեսոր, բայց կոնկրետ գործ անելու համար անհրաժեշտ են համապատասխան ծրագրեր: Մարդը, սակայն, համակարգչից տարբերվում է նրանով, որ որոշ դեպքերում կարող է սեփական ուժերով ներմուծել անհրաժեշտ ծրագրերն ինքն իր մեջ՝ փորձը գիտելիքի վերածելու միջոցով:

Իրավ, որոշ իմաստով՝ չկա ավելի պարզ բան, քան քաղաքական իրավիճակների վերլուծումը, այն էլ՝ մեզ նման «պստիկ» համակարգերում, և իզուր ենք բողոքում, թե բան չհասկանալով՝ անընդհատ հիասթափվում ենք: Համենայն դեպս, նրբությունները մի կողմ թողած՝ քաղաքական իրավիճակներն ավելի բարդ չեն, քան բազմաթիվ գործողություններ, որոնք առանց դժվարության կարողանում ենք իրականացնել մեր առօրյայում: Եվ առավել ևս մեծ բարդություն չի ներկայացնում Ազատիչի տրոյական զինանոցի երկու-երեք քայլերի տարրական մեխանիկան հասկանալը և ոչ թե ամեն անգամ փաստից հետո հերթական «դհոլից», «հաճախորդից» կամ ազատ մամուլից «հիասթափվելը», այլ դրանք կանխավ իմանալն ու կուտը չուտելը: Բերենք ընդամենը մեկ պարզագույն մեթոդի օրինակ, որպեսզի մեր ասածն ավելի նյութականացվի:

Ասենք՝ եթե ընդդիմադիր դիրքերից հանդես եկող որևէ մեկին իշխանության վերահսկողության տակ գտնվող մամուլը տևական մի շրջան որևէ կերպ «չի կպնում» կամ, առավել ևս՝ չեզոք կամ դրական դիրքերից է ներկայացնում նրա գործունեությունը, ապա երևի թե բարդ չէ կռահել, որ այդ մեկն իշխանության կողմից առնվազն չի դիտվում որպես իրական վտանգ ու մարտահրավեր, որքան էլ հասարակության մի մասն ասի, թե «հալալ ա նրան», «բոլորին տռաս ա հանում»: Իսկ  հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր իշխանությունը խփում է ոչ միայն անմիջական կամ առաջնային, այլև, մեծ հաշվով՝ ցանկացած, նույնիսկ թուլացած վիճակում գտնվող ընդդիմախոսներին, ապա ավելի ճիշտ կլինի ասել, որ տվյալ ընդդիմադիրի գործունեությունը կա՛մ ձեռ է տալիս իշխանությանը, կա՛մ էլ երկուսը համագործակցության ինչ-որ ձևաչափ են գտել: Դե իսկ նրբությունների մեջ խորանալ ցանկացողները կարող են նաև փորձել հաշվարկել, թե մեր ընդդիմադիրը իշխանական կոնկրետ որ թևի հետ է գործակցում: Սա այնքան պարզագույն մեթոդ է, որ նույնիսկ ամոթ է դրա մասին խոսել: Բայց արի ու տես, որ հայաստանյան պայմաններում սա գրեթե էզոթերիկ՝ ընտրյաներին հասու գիտելիքի հավասար մի բան է: Ինչո՞ւ: Բո՞ւթ է մեր ժողովուրդը, կամ միգուցե այսօրվա ԶԼՄ-ի բարդ աշխարհո՞ւմ չի կարողանում կողմնորոշվել: Վերջինը գուցե մի փոքր արդարացում լիներ, բայց այստեղ էլ բարդ չէ կողմնորոշվել: Պարզապես պետք է մտածել, թե այս երկրում քանի՞ փողի աղբյուր կա, և որքանով են այդ աղբյուրները կենտրոնացած, որպեսզի հնարավոր լինի իրապես անկախ մամուլի միջոց պահել: Իսկ ավելի «քյասար»՝ բոլոր ԶԼՄ-ները, որոնք չեն կապվում այս կամ այն ոչ իշխանական քաղաքական ուժի հետ, այս կամ այն ձևով վերահսկվում են իշխանության կողմից՝ անմիջականորեն կամ «պայմանագրային» ինչ-որ հիմքերով: Եվ բացարձակ կապ չունի՝ տվյալ ԶԼՄ-ն արմատական դիրքերի՞ց է արդյոք քննադատում  իշխանությանը, թե՞ չափավոր, կամ միգուցե բաց իշխանամե՞տ է: Նույնն, ի դեպ, այսօր նաև ֆեյսբուքում է, որը նույնպես հեղեղեված է «ծակ»  ընդդիմադիրներով, բայց դրա մասին առանձին կխոսենք:

Հիմա՝ վերջը ի՞նչն է խանգարում մեզ այս կարգի պարզունակ մեթոդներով ստուգել իշխանության պարզունակ իսկ տեխնոլոգիաները: Թվում է, թե մոլորակի վրա չկա որևէ մեկը, ով մտավոր արատներ չունենալով՝ այսքանը չկարողանա ինքնուրույն հասկանալ: Փաստ է, սակայն, որ մենք մտավոր արատներ չունենք, բայց չենք էլ նկատում տարրական իրողությունները: Պատճառն ասացի՝ մեր մտածողության համակարգչի «ինստալյացիոն» բացերն են: Նախ՝ հասարակական հարաբերություններում կողմնորոշվելու համար առաջնորդվում ենք ամեն ինչով՝ բացի սառը բանականությունից՝ էսինչին ճանաչում եմ կամ իմ հորոխպոր բաջանաղն է ճանաչում, ախր շատ լավ տղա է, էս ինչը սկզբունքային է երևում, էս ինչը լավ է խոսում: Լրիվ լուրջ, եթե ուշադիր նայեք՝ սա է հասարակական կարծիքի հիմքը ոչ միայն լայն զանգվածների, այլև հասարակականապես ակտիվ անձանց մոտ՝ անձնական համակրանք և հակակրանք, «ինտուիցիա», «քնարական զեղումներ»: Երկրորդ՝ մենք ոչ մի կերպ չենք կարողանում ընկալել, որ բաց, բոլորին մատչելի աղբյուրներում պարունակվում է ավելի քան բավարար չափի տեղեկություն բոլորի համար բոլորի մասին՝ նկատի ունենք, իհարկե, հասարակական դաշտը: Մեզ թվում է, թե մի բան իմանալու համար պետք է անպայման բանավոր, անձնական «ինֆորներ» ունենալ: Մինչդեռ համացանցային այդ դարում չկա և չի կարող լինել որևէ գաղտնիք որևէ  հրապարակային անձի մասին որևէ տառաճանաչ մարդու համար, իհարկե, եթե խոսքն այն պարզ, տարրական մակարդակի մասին է, որից խոսում ենք:

Ուրեմն, խնդիրը միայն մեր դիտակետերն են: Այսինքն՝ սխալ տեղից ենք փորձում տեսնել երևույթը, սխալ տեղ ենք կանգնում: Եթե մի փոքր փոխենք դիրքը, ապա ծառերի հետևից արևը շատ հստակ կերևա, և նույնիսկ կարճատեսներն այն կնկատեն: 

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 27-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘ԱնՏԻԿՈմարին՝ նոր դեղ տառաճանաչ մոծակների դեմ. Մամուլ’