‘Խմբագրական. «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ». երիտասարդ թոշակառուն և կյանքի դասերը’

3098

Մարդիկ կան, որոնց նույնիսկ կյանքի դառը փորձը ոչինչ չի սովորեցնում, չի ստիպում վերագնահատել անցած ուղին: Նաև՝ գործիչներ կան, որոնք նույնիսկ ամենաբարձր պաշտոններ զբաղեցնելուց և ապա պաշտոնաթող լինելուց հետո, միևնույն է, այդպես էլ ներքուստ չեն կարողանում հասնել իրական քաղաքական առաջնորդի մակարդակի, որը ենթադրում է սովորական առօրեականից տարբեր աշխարհընկալում: Ինչպես երևում է՝ հենց այդպիսի մարդկանց և այդպիսի գործիչների շարքից է Ռ. Քոչարյանը, ինչի թարմ ապացույցն է «Քոչարյանական ժամանակը» փաստագրական ֆիլմը՝ ցուցադրված «Կենտրոն» հեռուստատեսությամբ Քոչարյանի 60-ամյակի առթիվ: Տվածս գնահատականները մերկապարանոց հայտարարություններ չեն, ոչ էլ պատահական, ինքնանպատակ «կպնոցի» են. եթե ոչինչ չիմանայինք Քոչարյան գործչի մասին, միայն այդ մեկ ֆիլմի դիտումը բավական է թվում վերոբերյալ գնահատականները հնչեցնելու համար, ինչի հիմնավորումները կփորձեմ ցույց տալ ստորև:

«Ես աւերակացն ո՞ւմ թագաւորեմ»

Նախ՝ չտեսածների համար երկու խոսքով՝ ֆիլմի մասին: Սովետական քարոզչության վատագույն ավանդույթներով նկարահանված մի ֆիլմ է դա, որի հեղինակներին թվում է, որ եթե իրենց հերոսին ներկայացնեն միակողմանի դրական՝ շրջանցելով կնճռոտ և խնդրահարույց հարցերը, կամ այնպես ներկայացնեն, կարծես տվյալ մարդը գործել է անապատում մեն-մենակ՝ ո՛չ նախորդներ է ունեցել դրական ավանդով, ո՛չ իսկ իրեն ժամանակակից գործակիցներ, ո՛չ էլ ժառանգորդներ է թողել, ապա դրանով կհամոզեն դիտողին, թե ինքը վերջապես տեսավ ու գտավ ազգի փրկչի եզակի տիպարը: Բնականաբար, նման պարզունակ քարոզչությունը նույնիսկ լավ ռեժիսուրայի դեպքում, ի վերջո, անարդյունավետ է, մանավանդ՝ եթե խոսքը դեռ կենդանի գործչի մասին է: Բայց սա, մեծ հաշվով, ֆիլմի հեղինակների և նրանց հերոսի խնդիրն է, մենք անցնենք առաջ:

Ֆիլմի ուղերձը շատ հստակ է և ծանոթ՝ նախորդ տարիների քարոզչությունից: Քոչարյանը, նմանվելով ավանդազրույցի Արտավազդին, թագավորում է ավերակների վրա՝ ժառանգելով քանդած և ավերված երկիրը ապաշնորհ կառավարիչներից, որոնք, բացի դրանից, նաև պատրատվում էին հանձնել Ղարաբաղը, որովհետև ի զորու չէին ապահովել տնտեսական աճ: Նա դեռ իր վարչապետ նշանակվելու պահից վճռականորեն փոխեց իրավիճակը, փրկեց և վերաշինեց, ծաղկեցրեց Հայաստանը: Վերաշինման այդ գործում ոչ միայն նախորդ իշխանությունը ոչ մի ավանդ չուներ, այլև Քոչարյանի կառավարման ընթացքում եղած և ոչ մի անձ, դատելով ֆիլիմից, ոչ մի ներդրում չի ունեցել: Միայն մեկ տեղ դրական խոսքով հիշատակվում է Անդրանիկ Մարգարյանը:

Սև կատուն՝ մութ սենյակում

Ուշագրավ են նաև Վազգեն Սարգսյանի հիշատակումները ֆիլմում: Նա միայն մեկ անգամ է ակտիվ դերում հանդես գալիս՝ գովաբանում է Քոչարյանի վարչապետությունը: Մնացած հատվածներում հիշատակվում է միայն այն դեպքերում, ուր հնարավոր չէ նրա անունը շրջանցել՝ 1998-ի հեղաշրջում, հետո 1999-ի խորհդարանական ընտրություններ, որտեղ, ֆիլմը դիտողի համար միանգամայն անսպասելի կերպով՝ Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանի հետ միասին, գլխավորում է ընտրություններին հաղթող «Միասնություն» դաշինքը (թե ոնց և որտեղից հայտնվեց այդ քաղաքական միությունը՝ ֆիլիմից պարզ չէ, որովհետև մինչ այդ դիտողն իմանում էր միայն Քոչարյանի մասին): Նույնքան անսպասելի տեղի է ունենում 1999-ի հոկտեմբերի 27-ը, ինչի արդյունքում, ըստ ֆիլմի հեղինակների՝ Քոչարյանը կորցնում է իր մարտական ընկերոջը, բայց, չնայած ծանր պայմաններին՝ կարողանում է երկիրը դուրս բերել ճգնաժամից: Ֆիլմում չկա տեղի ունեցած ողբերգական դեպքերի վերլուծման ոչ մի փորձ, նույնիսկ ակնարկ՝ պարզ չէ, թե ինչ տեղի ունեցավ և ինչո՞ւ: Միայն իմանում ենք, թե չգիտես ինչու՝ երկրում ինչ-որ ծանր կասկածանքների մթնոլորտ էր տիրում, և որոշ՝ անանուն ուժեր (պետք է ենթադրել՝ նախկին իշխանավորները) փորձում էին այդ անհասկանալի, երևի թե մոգական կասկածանքի մթնոլորտն ավելի սրել: Կրկին ոչ մի վերլուծություն, պատճառաբանություն չի տրվում՝ ամեն բան կարծես տեղի է ունենում ինչ-որ մեկի երազում, երազի կանոններով, ուր հաջորդող դեպքերի միջև պատճառահետևանքային կապը բացատրելի չէ:

Միայն թե մեկ ակնարկով ֆիլմի հեղինակները կարծես «մատնում են» իրենք իրենց: Պարզվում է, որ այդ ժամանակ կարիք կար «ջիփավոր երկրապահների» հախից կտրուկ գալու, բայց Քոչարյանն ընտրում է ոչ թե այդ՝ կտրուկ, այլ ավելի աստիճանական ճանապարհը և ի վերջո հաղթող է դուրս գալիս կասկածամիտների, «անպատասխանատու հայտարարություններ անողների» (կադրում երևում են հոկտեբերի 27-ի զոհերի հարազատների դեմքերը) և «ջիփավոր երկրապահների» նկատմամբ: Մնում է միայն կռահել, թե այդ ինչպե՞ս կամ ինչո՞ւ Քոչարյանի «մարտական ընկերոջ» ստեղծած կազմակերպությունը՝ «Երկրապահը», հանկարծ վերածվում է «ջիփավորների» ինչ-որ խմբի, որոնք դավեր են նյութում և կասկածանքների գիրկն ընկնում, և որոնց կարիք կար սանձելու, իսկ նույն «ընկերոջ» բարեկամներն անպատասխանատու հայտարարություններ են անում: Արդյո՞ք միայն «որոշ ուժերի» մութ գործունեությունը բավարար պատճառ էր, թե՞ ինչ-որ այլ բան կար:

Այստեղ մի բան եմ ուզում շեշտել: Ես չեմ ուզում և չեմ պատրաստվում այս պահին վերհիշել Հոկտեմբերի 27-ի հետ կապված վարկածները, ոչ էլ կոմպետենտ եմ համարում ինձ մանրամասն վերլուծելու այդ թեման (սա այն հարցը չէ, որին արժե մոտենալ առանց բազմակողմանի և մանրամասն, հիմնարար ծանոթության՝ զուտ հրապարակախոսական մոտեցմամբ), բայց քոչարյանական քարոզչության ամենաթույլ կետն այս հարցում ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ, փաստորեն՝ այսօր, մնում է հենց այն, որ այդ քարոզչությունը նույնիսկ փորձ չի անում պատասխանել ցանկացած մտածող և անշահագրգիռ մարդու գլխում ծագող պարզ հարցին՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ Հոկտեմբերի 27-ից հետո Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի բոլոր մերձավորները՝ բարեկամներն ու զինակիցները, հանկարծ «շեղվեցին» և «զոհ» դարձան «կասկածանքի մթնոլորտի»: Բացատրել դա միայն մութ ուժերի դավերով, նույնիսկ եթե ընդունենք, որ այդպիսիք եղել են, նշանակում է ոչ մի բացատրություն չունենալ, որովհետև մութը հենց նրանով էլ մութ է, որ անտեսանելի, անհասկանալի և անբացատրելի է: Եվ հենց այս չբացատրվածությունն էլ, ի դեպ, միայն ուժեղացնում է «կասկածանքը»՝ լուրջ փաստարկի վերածվում հօգուտ «կասկածամիտ» վարկածի:

Քաղաքական պատմություն՝ առանց քաղաքականության

Ֆիլմի շարունակությունը գրեթե զուրկ է քաղաքական որևէ ասելիքից՝ խոսվում է միայն տնտեսական աճի և դիվանագիտական հաջողությունների մասին: 1999-ից հետո, կարծես, որևէ քաղաքական իրադարձություն երկրում տեղի չի ունեցել՝ ո՛չ մի ընդդիմություն, ո՛չ մի հանրային դժգոհության ալիք, շրջանցվում են 2003-ի նախագահական ընտրությունները, 2004-ի ապրիլի դեպքերը, վերջապես՝ ո՛չ մի խոսք 2007-2008-ի՝ խորհդարանական ընտրությունների, ներիշխանական պայքարի, ժառանգորդի խնդրի, իշխանության փոխանցման, 2008-ի ընտրությունների, Մարտի մեկի մասին: Համաձայնեք՝ որքան էլ կարևոր լինեն տնտեսական հարցերը, շինարարությունը, դիվանագիտությունը, այնուամենայնիվ՝ հնարավոր չէ խոսել քոչարյանական ժամանակների մասին և չանդրադառնալ նաև այդ թեմաներին՝ թեկուզ քոչարյանական տեսակետից: Նմանապես անհասկանալի է մնում, թե ինչ եղավ Քոչարյանի թողած «փայլուն» ժառանգության հետ հետագայում՝ նրա պաշտոնավարման ժամկետից հետո, երբ իշխանությունը ստանձնեց նրա ևս մեկ «մարտական» ընկեր՝ Սերժ Սարգսյանը, որը ֆիլմում հիշատակված է մեկ անգամ՝ որպես 1998-ի հեղաշրջման մասնակից: Միայն թե իմանում ենք, որ, էլի՛ չգիտես ինչու՝ այսօր թերթերը բացասական գծերով են անդրադառնում Քոչարյանին: Պարզ չէ, թե դրանք ի՛նչ թերթեր են, արդյո՞ք միայն ընդդիմադիր, թե՞ նաև իշխանական, և ինչո՞ւ են այդքան վատ անդրադառնում՝ էլի՞ մութ ուժերն են մեղավոր, թե՞ կան այլ հարցեր: Հաշվի առնելով, որ իրականում խոսքը ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխանամետ մամուլի մասին է, անհասկանալի է մնում ֆիլմի հեղինակների լռությունը «հետքոչարյանական ժամանակների» մասին: Եվ հենց այստեղ էլ մոտենում ենք վերջապես հիմնական խնդրին՝ ոչինչ չհասկանալու, չվերարժևորելու, ադմինիստրատորից իրական քաղաքական առաջնորդի վերածվելու անկարողության խնդրին:

Մեկ անգամ էլ արձանագրենք հիմնական քաղաքան ուղերձը՝ ազգի փրկիչ Քոչարյանը եկել է նախորդ իշխանության կողմից ավերակների վերածված երկիր, վերաշինել և ծաղկեցրել է այն միայնակ՝ առանց որևէ մեկի գործակցության և հաղթահարելով մութ ուժերի, կասկածամիտների, անպատասխանատուների և ջիփավորների դավերը:

Այսպիսով, պետք է ենթադրենք, որ ֆիլիմի հերոսը շարունակում է ապրել անցյալով՝ իր հիմնական կռիվը տալով անցյալի դեմ, երևի թե՝ գոհ լինելով ներկայից և վստահ՝ ապագայի առումով: Նորույթ չէ, որ քոչարյանական քարոզչությունը միշտ ինքնահաստատվել է անցյալի հաշվին՝ կիրառելով «Քոչարյանը ժառանգեց ավերած երկիրը և ծաղկեցրեց այն» թեզը: Նորույթ կարելի է համարել այն, որ այս «պայքարը» դեռ այդքան արդիական է 60-ը բոլորած գործչի համար, կարծես նա մնացել է դեռ չինքնահաստատված այն երիտասարդ գավառացին, որը բախտի քմահաճույքով տիրեց Հայաստանի «գահին»: Քարոզչական այս տեխնոլոգիան ունի իր ծագումը, հոգեբանական և քաղաքական բացատրությունն ու հետևանքները:

Օտ Իլյիչա դո Իլյիչա (Իլյիչից Իլյիչ)

Ծագմամբ՝ այն սովետական է: Եթե վերհիշենք սովետական անցյալը, ապա ՍՍՀՄ ամեն նոր առաջնորդ (չհաշված կարճատև ղեկավարածներին) իր իշխանությունը հաստատում էր ի հաշիվ իր անմիջական նախորդի, թեպետ այդ նոր առաջնորդը հենց նախորդի թիմից էր, դրա մի մասն էր կազմում էր: Ամեն նոր սովետական առաջնորդի օրոք «պարզվում էր», որ նախկին առաջնորդը եղել էր վատն ու անհաջողը, նրա շրջապատը փչացած և հակասովետական անձինք էին, և միայն ինչ-որ հրաշքով նոր առաջնորդ դարձածն էր կարողացել պահպանել իր՝ «պարծիային» հավատարիմ դիմագիծը: Այսպես, դեռևս Ստալինը, չնայած Լենինի հիշատակին ձեռք չտվեց, բայց վերացրեց Լենինի օրոք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած գրեթե բոլոր անձանց, Լենինի բոլոր զինակիցներին հռչակեց դավաճան՝ ոչնչացնելով նույնիսկ նրանց հիշատակը՝ քաղաքական հայհոյանքից զատ: Ստալինի հաջորդ Խրուշչովի օրոք պարզվեց, որ սխալն ու վատը հենց ինքը Ստալինն էր, իսկ ապա հերթով նաև նրա հիմնական զինակիցները՝ Մոլոտովը, Կագանովիչը, Մալենկովը և մյուսները, չնայած որ ինքը Խրուշչովը հարազատ մասնիկն էր ստալինյան կառավարության: Խրուշչովից հետո, երբ իշխանությունը զավթեց Բրեժնևի խումբը, «պարզվեց», որ այս անգամ արդեն Խրուշչովն էր սխալ և անարժան ղեկավար: Գորբաչովի ժամանակ «իմացանք» նույնը Բրեժնևի մասին, որով և ՍՍՀՄ պատմության էջը փակվեց: Ավելորդ է ասել, թե որքան վնասակար ավանդույթ էր սա պետության համար, որի պաշտոնական պատմությունն անընդհատ վերաշարադրվում էր ըստ ամեն հերթական առաջնորդի պատվերի՝ վերածվելով ծաղր ու ծանակի առարկայի՝ մտածող մարդկանց համար, և դուռ բացելով ամեն տեսակ պատեհապաշտների առջև, որոնք ինչ չափազանցությամբ որ գովերգում էին ամեն տվյալ պահի ղեկավարին, նույն չափազանցությամբ էլ «գցում» էին նրան հաջորդ փուլերում:

Նենգության ասպետները

Սովետական քարոզչությունը, եթե այսքան անխնա էր յուրայինների նկատմամբ, ապա ոչ յուրային նախորդների նկատմամբ, բնականաբար, պակաս նիհիլիստական մոտեցում չէր ցույց տալիս: Այսպիսի նիհիլիստական մոտեցում էր տիրում, օրինակ, Հայաստանի Առաջին Հանրապետության նկատմամբ, որն անվանվել էր «դաշնակցական» (կարծես երկիրը կամ պետությունն իրենք իրենցով արժեք չեն, այլ դրանց նկատմամբ վերաբերմունքը պայմանավորվում է իշխող քաղաքական ուժի նկատմամբ վերաբերմունքով): Ընդամենը 2 տարի, ծանրագույն պայմաններում գոյատևած անկախ Հայաստանի նկատմամբ սովետական քարոզչությունն ինքնահաստատվում էր բարդույթավորված շնականության (ցինիզմի) ողջ զինանոցն օգտագործելով, ինչը մտածող և իր երկիրը սիրող մարդու մոտ, բացի սիրտխառնոցից՝ ոչինչ չէր կարող առաջացնել: Պատերազմից, կոտորածներից, սովից ավերված մի փոքրիկ Հայաստան անընդհատ համեմատվում էր տնտեսական վերելք ապրող, կուշտ և անծայրածիր ՍՍՀՄ-ի հետ, կարծես կարելի է դրանք ընդհանրապես համեմատել, էլ չասած այն մասին, որ նույն 1918-21 թթ.-ին սովետական Ռուսաստանը պակաս ավերակ և սովյալ վիճակում չէր: Բոլշևիկները եկան ու երկիրն ավերակներից հանեցին՝ ասում էր սովետական քարոզչությունը՝ մոռանալով, որ 1921-ին հետևած առավել խաղաղ ժամանակներում և Ռուսատանի օգնությամբ երկիրն ավերակներից չէին հանի միայն հատուկ ապաշնորհները, և չգիտակցելով իսկ, որ եթե չլիներ Առաջին Հանրապետությունը, չէր լինի և փրկության առարկա՝ սովետական Հայաստանը: Այսպես քանդվում էր ժառանգական կապը պետության պատմության երկու տարբեր փուլերի միջև:

Ինչպես տեսնում ենք, կաղապարը շատ ծանոթ է, և նույն նենգ քայլը ցայսօր էլ կիրառվում է 90-ականների պատերազմող, կայսրության փլուզման ավերակների տակ մնացած, դժվար օրեր ապրող Հայաստանի նկատմամբ, որի պայքարը եթե չլիներ, չէին լինի և այսօրվա «քարոզիչները»: Քանդում են այն պետության հիմքերը, որի ղեկավարներն են հավակնում լինել. սա արդեն աններելի հանցանք է՝ անկախ անձնական բոլոր հանգամանքներից, որովհետև պետությունը, բացի ամենից, հասարակական հոգեբանություն է, և եթե հասարակությունը իր մաքառման և դժվարության օրերը չգիտակցի որպես հերոսական ջանքի շրջան՝ նրա անկախությունը միշտ էլ հարցականի տակ կմնա:

Ի դեպ, սովետական այս ավանդույթը անկախ Հայաստանում խախտվեց միայն մեկ անգամ՝ նույն 90-ականների սկզբին: 1990-ից ի վեր, երբ Հայաստանում իշխանության եկան նոր ուժերը, Սովետական Հայաստանի նկատմամբ զուտ ժխտողական, նիհիլիստական, դրա ժառանգության դրական մասը հերքող, պաշտոնապես հովանավորվող քարոզչություն մեզանում չեղավ (այլ բան է, որ մասնավոր մակարդակում նման դրսևորումներ, բնականաբար, չէին կարող առաջ չգալ), և սա՝ չնայած նրան, որ այդ դեպքում գայթակղությունն առավել մեծ պետք է լիներ, քանի որ ոչ թե սոսկ կառավարություն էր փոխվել, այլ՝ հասարակարգ:

Նիհիլիզմի ծնունդը անօրինակարգության ոգուց

Ինչո՞ւ այդպես: Ինչո՞ւ, մի դեպքում՝ նհիլիզմ, բարդույթավորված ցինիզմի անզուսպ ինքնահաստատում, իսկ մյուս դեպքում՝ կշռադատված, պետական շահը գերակա համարող դիրքորոշում: Պատճառը բավականին պարզունակ է: Նախորդ իշխանության հաշվին ինքնահաստատվում են սովորաբար օրինակարգության պակաս զգացող վարչակարգերը (իհարկե, հաշվի չենք առնում ծայրահեղ դեպքերը, երբ նախորդ իշխանությունը կարող է լինել, ասենք, նացիստական կամ նման հակամարդկային մի վարչակարգ): Սովետական առաջնորդները միշտ էլ ունեցել են օրինակարգության որոշակի խնդիր, քանի որ նրանց առաջին դեմք լինելու կարգավիճակը սովորաբար ամրագրված չի եղել սովետական սահմանադրությամբ և հաճախ կրել է ոչ ֆորմալ բնույթ: Խնդիրն այն է, որ սովետական սահմանադրությունը նախատեսել է երկրի ոչ թե միանձնյա, այլ կոլեգիալ կառավարում, բայց փաստացի՝ ՍՍՀՄ-ը ղեկավարվել է ՍՄԿԿ առաջին կամ գլխավոր քարտուղարների կողմից, ինչը երկրի գերագույն օրենքով նախատեսված չի եղել: Իշխանության փոխանցման և ժառանգման կարգը մեկ փաստացի առաջնորդից մյուսին նույնպես որևէ կերպ օրենքով ամրագրված չի եղել, այլ ձևավորվել է ավանդույթի ուժով: Սովետական առաջնորդներից՝ Ստալինը, Խրուշչովը, Բրեժնևը պետության փաստացի առաջին դեմքեր են դարձել կուլիսային ինտրիգների, դավերի, նաև հեղաշրջումների միջոցով: Բնական է, որ օրինակարգության այդ պակասը նրանք պետք է լրացնեին համապատասխան քարոզչությամբ: Ի դեպ, եթե փորձենք այս համակարգի նմանը գտնել պատմական այլ փուլերում, ապա պետք է, թերևս, հիշենք Հռոմեական և Բյուզանդական կայսրությունները, ուր օրենքով նախատեսված և փաստացի իշխանության միջև խզում կար, ինչպես նաև իշխանության ժառանգման և փոխանցման կարգերը հստակ սահմանված չէին, որով օրինակարգության հարցը մշտապես սուր էր, ու հաճախ ամեն նոր գերագույն իշխող կամ իշխողների խումբ պետք է ինքնահաստատվեր նախորդների հաշվին՝ սևացնելով դրանց:

Անկախ Հայաստանում, ի տարբերություն ՍՍՀՄ-ի կամ Հռոմեական կայսրության, օրինակարգության խնդիր չպետք է որ առաջանար, քանի որ սահմանադրությամբ նախատեսված պետության գլուխը համապատասխանում է նախագահի պաշտոնին, և այդ պաշտոնը զբաղեցնող անձինք էլ փաստացի առաջնորդում են երկիրը, այսինքն՝ սահմանդարական և փաստական վիճակների միջև խզում չկա: Բայց իրականում գիտենք, որ ե՛ւ Քոչարյանի, ե՛ւ Սարգսյանի օրոք նախագահի պաշտոնը զբաղեցրած անձինք ունեն օրինակարգության խնդիրներ՝ հայտնի պատճառաբանությամբ: Իհարկե, երկուսն էլ ժխտել և ժխտում են, որ ունեն կամ ունեցել են օրիանակարգության խնդիր: Բայց ահա նրանց կողմից հովանավորված քարոզչությունը մատնում է այն հանգամանքը, որ երկուսն էլ իրականում գիտակցում են, որ այդպիսի հարց կա, որ իրենք լիովին օրինակարգ իշխողներ համարվել չեն կարող, քանզի երկուսն էլ փորձում են ինքնահաստատվել իրենց նախորդներին «գցելու» միջոցով, որի կապն օրինակարգության խնդրի հետ արդեն տեսանք:

Հետաքրքրիր է, որ եթե քոչարյանական քարոզչությունն աշխատում էր միայն մեկ նախորդ՝ Տեր-Պետրոսյանի իշխանության դեմ, ապա Սերժ Սարգսյանի քարոզչությունն աշխատում է միանգամից իր երկու նախորդների դեմ՝ մռայլ գույներով ներկայացնելով ոչ միայն Տեր-Պետրոսյանի, այլև Քոչարյանի ժամանակները (իհարկե, Սերժը դա անձամբ չի անում, ինչպես և Քոչարյանն անձամբ չէր ներգրավվում այդ խաղի մեջ, բացի ծայրահեղ մի երկու դեպքերից, բայց բոլորս էլ գիտենք, թե ում կողմից են հովանավորվում համապատասխան հրապարակումները): Համապատասխան ժանրի դասական կանոնների քարոզչական այս «կինոյի» համար ոչ մի նշանակություն չունի, որ նույն Սերժը զբաղեցրել է պետական ամենաբարձր դիրքերը թե՛ 90-ականներին, թե՛ 2000-ականներին, այսինքն՝ անքակտելի մասն է կազմել այն վարչակարգերի, որոնք սև գույներով են ներկայացվում նրա հովանավորած քարոզչության կողմից: Սովետական օրինակներով տեսանք, որ դա ոչ միայն խանգարող հանգամանք չէ, այլև նույնիսկ՝ խրախուսող և անհրաժեշտ: Ուշագրավ է նաև, որ Սերժ Սարգսյանը, կարծես հասկանալով խաղի կանոնները, այսինքն՝ կռահելով, որ իր որևէ հաջորդ, նույնիսկ՝ եթե դա լինի իր ամենամերձավոր զինակիցը կամ ազգականը, «կինոյի» սցենարին համապատասխան, ստանձնելով իշխանությունը, պետք է «գցի» իր նախորդին՝ անկախ իր անձնական ցանկությույից իսկ՝ առարկայական օրինաչափությունների բերմամբ, որոշել է փոխել խաղի կանոնները և ժառանգորդ նշանակելու փոխարեն՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով պահպանել իշխանությունն իր ձեռքում 2018-ից հետո:

«Դադեստանի մենոգի խրատ» (դատողություններ հոգու խրատական)

Զարմանալի է, բայց այս պարզ խրատը կարծես չի ըմբռնել Քոչարյանը: Վերջին տարիների ընթացքում նա սեփական փորձից պետք է որ հասկանար, թե իր քարոզչության հիմքում դնելով իրեն նախորդող իշխանության ձեռքբերումների ժխտումն ու ինքնահաստատումն՝ ի հաշիվ անցյալի սևացման, նա մի փոս է փորել, որի մեջ հենց ինքն է ընկել, որովհետև նույն մարդիկ, որոնք իր պաշոտնավարման ժամանակ բարձրացնում էին իրեն և գցում նախորդներին, այժմ նույն ջանասիրությամբ բարձրացնում են այսօրվա ոչ օրինակարգ նախագահին, և գցում իրենց նախկին «բարձրացյալին»: Իսկ Քոչարյանը շարունակում է անձնուրաց պայքարել անցյալի դեմ այնպես, կարծես ցայսօր էլ նույն ինքնահաստատման խնդիրն ունի՝ ի հաշիվ անցյալի, ինչ ուներ 1998-ին: Դրա համար էլ ասում ենք՝ մարդիկ կան, որոնք դասեր չեն քաղում, և գործիչներ կան, որոնք այդպես էլ չեն հասունանում իրական առաջնորդի մակարդակի՝ նույնիսկ՝ եթե բարձրագույն պաշտոնների են հասնում:

Ի վերջո, պետք է փաստենք, որ Քոչարյանի գովքն անող «ֆիլմ, ֆիլմ, ֆիլմը» իսկական թոշակառուի կինո էր՝ ուղղված անցյալին, անատամ, երկչոտ՝ բազմաթիվ խնդրահարույց թեմաներից խուսափող, քաղաքականապես տհաս:

Քոչարյանի «նախագահության» շրջանում տեղի է ունեցել Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող երկու արյունալի իրադարձություն՝ Հոկտեմբերի 27-ը և Մարտի 1-ը: Երկու դեպքն էլ անմիջականորեն շոշափում էին նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի պատասխանատվության ոլորտը: Առաջինում սպանվել էին երկրի բարձրագույն իշխանավորները, երկրորդ պարագայում իշխանությունն ինքը խախտել էր սահմանադրական կարգն ու հետընտրական խաղաղ բողոքի նկատմամբ գործադրել էր բռնություն՝ ներգրավելով նաև ՀՀ զինված ուժերը: Եվ եթե «ֆիլմ, ֆիլմ, ֆիլմը» Հոկտեմբերի 27-ին անդրադարձել էր բուլվարային թերթին հատուկ բամբասանքային ու փաստազուրկ, «դավադրությունների տեսության» պարզունակ սխեմաներով, ապա, Մարտի 1-ն ընդհանրապես բացակայում էր: Միգուցե նաև այն պատճառով, որ այդ պարագայում դավադրությունների տեսությունն էլ չէր փրկի: Այս դեպքում փաստագրվածն անհամեմատ ավելի շատ էր:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն և Պուտինը պայմանավորվել են կրակի դադարեցման մասին. Ուկրաինական կողմը հաստատում է, ռուսականը՝ հերքում’
Հաջորդ հոդվածը‘ԱԱ-2014-ի կրկնությունը և «Սկաուդրա Աձուրայի» նոր կյանքը (տեսանյութ)’