‘Խոսնակ. ՊՆ-ը առայժմ ընթացք չի տալիս կամավորների բազմաթիվ դիմումներին’

1591

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի ֆոնին հայկական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվում Արցախում կամավորական ջոկատների կազմավորման մասին: Ըստ մամուլի, ԼՂՀ տարբեր շրջաններից ավելի քան 100 կամավորականներ են մեկնել սահման՝ աջակցելու Պաշտպանության բանակին:

iLur.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ռազմական ղեկավարությունը համընդհանուր զորահավաք անցկացնելու մտադրություն չունի, իսկ Արցախում կամավորական ջոկատների կազմավորումը ամենեւին չի նշանակում, որ կանոնավոր բանակը թերանում է իր պարտականությունները կատարելիս:

«Վերջին մի քանի օրերին բոլորս տեսնում ենք, թե ինչպես է հայկական բանակը կատարում հակառակորդի կողմից պարտադրված խնդիրը: Ակնհայտ է, որ մեր ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը լիովին բավարարար է՝ արժանի հակահարված տալու դիվերսիաներին», — նշեց խոսնակը:

Նրա խոսքով, կամավորական ջոկատներ կազմավորվում են բացառապես ԼՂՀ տարածքում, որտեղ արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի, այս կամ այն ժամանակահատվածում զինվորական ու մարտական ծառայություն է անցել: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ապա, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ՊՆ-ը կամավոր ծառայության անցնելու վերաբերյալ բազմաթիվ դիմումներ է ստացել: «ՊՆ-ը առայժմ ընթացք չի տալիս այդ դիմումներին, որովհետեւ Զինված ուժերի ներուժը ավելի քան բավարար է՝ հակառակորդի դիվերսիաները հետ մղելու համար», — ասաց նա:

Մյուս կողմից, Հովհաննիսյանը նշեց, որ ՊՆ-ը ողջունում է կամավորների ակտիվությունը, ինչը, ըստ խոսնակի, «խորհրդանշում է մեր ժողովրդի միասնականությունը»:

Վերջին շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նկատելիորեն ակտիվացել են հակառակորդի դիվերսիոն գործողությունները: Դրա հետեւանքով հայկական կողմից զոհվել են 5, վիրավորվել՝ 7 զինծառայողներ, մինչդեռ ադրբեջանական բանակը ունեցել է 25 զոհ եւ ավելի քան 30 վիրավոր: 

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը սոցիալական ցանցերում իր պահվածքի համար «Բարսելոնա»-ից նկատողություն է ստացել’