‘Խորհրդարանի կեսը, եթե ոչ ավելին, միլիոնատերեր են. Արամ Մանուկյան’

1523

Մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանի քառօրյայի երրորդ օրը: Ներկա է 110 պատգամավոր: Շարունակվում են Իշխան Զաքարյանի կողմից ներկայացրած՝ Վերահսկիչ պալատի 2011 թվականի հաշվետվության վերաբերյալ պատգամավորների ելույթները: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իր ելույթում հիշեցրել է, որ մինչև 2006 թվականը Վերահսկիչ պալատը հանդիսանում էր ԱԺ մարմին, և ԱԺ-ն իրավունք ուներ անվստահություն հայտնել Վերահսկիչ պալատի նախագահին, ով նստում էր ԱԺ-ում՝ ունենալով ֆինանսական մուտքերի ու ելքերի վերահսկողական ֆունկցիա: 
«Ցավոք սրտի, 2006-ից Վերահսկիչ պալատը  զրկվեց ԱԺ-ի վերահսկողական ֆունկցիայից, այժմ այն բաժանված է երկու մասի. նախագահն առաջարկում է, պառլամենտը նշանակում և հաստատում է, իսկ գործադիրը՝ ղեկավարում: Այսօր այս կառույցը պաշտպանված չէ և չի կատարում իր գործառույթները»,- ասել է Արամ Մանուկյանը՝ շեշտելով, որ հաշվետվության մեջ իսպառ բացակայում էր «կոռուպցիա» բառը՝ չնայած այն բանի, որ ՀՀ-ն գտնվում է կոռուպցիոն շատ բարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում:
«Վերահսկիչ պալատի հիմնական նպատակը կոռուպցիոն երևույթների վերահսկումն է, բացահայտումը և արդյունքները պառլամենտին ներկայացնելն է: Իսկ, ահա, իրականում մենք դա չենք տեսնում: Այն կառույցներում, ուր գրանցվում է կոռուպցիայի բարձր ցուցանիշ, Վերահսկիչ պալատը ստուգումների իրավունք չունի, քանի որ չունի պաշտպանության երաշխիք»,- նշել է նա՝ հավելելով, որ պատճառներից մեկը այն է, որ խորհրդարանի կեսը, եթե ոչ կեսից ավելին, միլիոնատերեր են ու զբաղվում են գործարարությամբ, ինչն արգելված է օրենքով: Այդ պատճառով այս կամ այն բնագավառը վերահսկելն ու ստուգումներ անցկացնելը կարող է կաշկանդել պատգամավորներին:

Պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ նշել է, թե քանի որ ԱԺ–ն  որևէ որոշում ընդունելու լիազորություն չունի, և այս քննարկումները իրավական հետևանք չեն առաջացնելու, ուստի անհրաժեշտ է ճշտել, թե ԱԺ–ն սահմանադրական և օրենսդրական ինչ միջոցներ կարող է ձեռնարկել՝ խնդրի մեջ պարզություն մտցնելու նպատակով։

Նախորդ հոդվածը‘Ո՞վ է Հայրապետյանի հարցրազրույցի իրական հեղինակը’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ է պատահել Հայաստանի հավաքականին’