‘Կազիմիրով. ՄԱԿ ԱԽ բանաձևերի չկատարումը չափազանց սայթաքուն թեմա է, առաջին հերթին՝ հենց Բաքվի համար’

952

Պաշտոնական Բաքուն վերջին տարիներին մշտապես արծարծում է Հայաստանի կողմից ՄԱԿ անվտանգության խորհրդի` ղարաբաղյան հակամարտությանն առնչվող 4 բանաձևերի չկատարման թեման, սակայն դա չափազանց սայթաքուն թեմա է, առաջն հերթին՝ հենց Ադրբեջանի համար: Հունիսի 20-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի կողմից նախկին համանախագահող Վլադիմիր Կազիմիրովը:

«ՄԱԿ առաջին բանաձևն ընդունվել է հայկական ուժերի կողմից Քելբաջարի գրավումից հետո` Ադրբեջանի նախաձեռնությամբ: Դրանից հետո Ռուսաստանը, ԱՄՆ, Թուրքիան և Իտալիան, որը նախագահում էր Մինսկի խորհրդաժողովում, պաշտոնապես  հարցում հղեցին բոլոր կողմերին, թե արդյո՞ք նրանք պատրաստ են դրա կատարմանը: Երևանն ու Ստեփանակերտը դրական պատասխանեցին: Բաքվից այդպես էլ պատասխան չստացվեց: Եվ այդպես՝ բոլոր 4 բանաձևերի պարագայում», — ասել է Կազիմիրովը:

Նրա համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը ենթադրում է, առաջին հերթին, հրադադարի ռեժիմի հաստատուն ամրագրում, ինչն այսօր չափազանց դժվար գործ է թվում Ադրբեջանի նախագահի կողմից մշտապես զենք ճոճելու պայմաններում: «Կրտսեր Ալիևը գործում է հոր պատվիրաններին հակառակ: Չէ՞ որ ժամանակին Հեյդար Ալիևը փաստաթղթերից մեկում հստակ ձևակերպել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով», — հիշեցրել է ռուսաստանցի դիվանագետը:

Նախորդ հոդվածը‘Այսօր Ծաղկաձորում կընթանա ՀՀԿ փակ նիստը. ՀՀԿ-ականները տեղյակ չեն, թե ինչ հարցեր են քննարկվելու’
Հաջորդ հոդվածը‘Ոչ իշխանական ուժերը դեմ են Կուտակայինի նախագծին. Կողմ է միայն ՀՀԿ-ն’