‘Կաժոյան. Ադրբեջանական կողմը հրաժարվում է դիպուկահարներին դուրս բերել շփման գծից’

917

Այն, ինչ Ադրբեջանը միջազգային ամբիոններից հնչեցնում է ողջ աշխարհին, չի կարելի է համարել ճշմարտություն, քանի որ դա ստի մշտական հոսք է հակահայկական ռասիստական հռետորությամբ: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նիստի ընդհանուր քննարկումների ընթացքում հայտարարել է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՈ գծով գլխավոր քարտուղար, ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի ղեկավար Վահրամ Կաժոյանը:

«Ինչ կարելի է սպասել մի երկրից, որի նախագահը բարձրաձայն հայտարարում է, որ ողջ աշխարհի հայերն Ադրբեջանի թշնամիներն են: Վստահ եմ, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ այլատյացության դրսևորում, ինչն օրենքով պատժելի է, գոնե քաղաքակիրթ աշխարհում, որին ես պատկանում եմ և որը մենք միշտ ներկայացնում ենք»,-ընդգծել է նա:

Կաժոյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը միակ պետությունն է աշխարհում, որը պարծենում է իր աստղաբաշխական ռազմական ծախսերով: Միևնույն ժամանակ նա նշել է, որ պաշտոնական Բաքուն ինքն իրեն հակասում է, մի կողմից խաղաղ երկխոսության և հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչեր է անում, իսկ մյուս կողմից` երկրի նախագահը հայտարարում է, որ երբեք թույլ չի տա, որպեսզի Հայաստանը միանա որևէ քաղաքական, տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային նախագծերի, և հետագայում էլ կշարունակվի մեկուսացման քաղաքականությունը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, բայց, չնայած հրադադարի վերաբերյալ համաձայնագրին, որն 1994 թվականին Ադրբեջանն ստորագրել է ԼՂՀ փաստացի ղեկավարության հետ, դիպուկահարների կրակահերթերն ադրբեջանական կողմից շարունակվում են, ինչի արդյունքում զոհվում են ինչպես զինվորներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: Ադրբեջանական կողմը հրաժարվում է դիպուկահարներին դուրս բերել շփման գծից»,-ընդգծել է Կաժոյանը:

Միևնույն ժամանակ Կաժոյանը գտնում է, որ ծանոթանալով ադրբեջանական կողմից պարբերաբար հնչեցվող հայտարարություններին, կարելի է գալ մեկ, ակնհայտ, եզրակացության, որ դա մի պետություն է, որտեղ ծաղկում են ռասիզմը և այլատյածությունը: Նա օրինակ է բերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սեպտեմբերի 18-ի հայտարարությունը, որտեղ նա կիրին հանդես է եկել միլիտարիստական ռիտորիկայով և հայտարարել, որ Ադրբեջանի ազգային դրոշը պետք է ծածանվի Շուշիում և Խանքենդիում (Ստեփանակերտ), և որ ադրբեջանցիները պետք է շարունակեն ապրել իրենց պատմական հայրենիքում` Էրիվանի խանությունում և Զանգեզուրում: «Թույլ տվեք հարգելի Ասամբլեային պարզապես պարզաբանել, որ այս բոլոր աշխարհագրական անունները հայկական են և մտադրաբար խեղաթյուրվում են Ադրբեջանի կողմից: Էրիվանը դա Երևանն է` անկախ Հայաստանի մայրաքաղաքը, մի երկրի, որը հանդիսանում է ՄԱԿ-ի հպարտ անդամը: Ինչ է սա, եթե ոչ ագրեսիվ-միլիտարիստական այլատյացության դրսևորում»,-եզրափակել է Կաժոյանը: 

Նախորդ հոդվածը‘Բժշկության գծով Նոբելյան մրցանակակիրները հայտնի են’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’