‘Կանադայի հայ համայնքը հասա՞վ իր նպատակին’

1760

Կանադայի հայոց թեմի առաջնորդի ընտրության հետ կապված վեճը կարծես թե հանգուցալուծվեց: Թեմական առաջնորդ ընտրված Տեր Արեն աբեղա Ճեպեճյանը հրաժարվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից: Հիշեցնենք, որ թեմի առաջնորդի ընտրությունները տեղի էին ունեցել այս տարվա մայիսի 24-26-ը: Տեղեկացնում է Հրապարակը: 

Ձայների 23/24 հարաբերակցությամբ առաջնորդ էր ընտրվել Տեր Արեն աբեղա Ճեպեճյանը: Սակայն այդ ընտրությունները եւ ընդհանրապես թեմակալ առաջնորդի փոփոխությունը մեծ դժգոհություն էին առաջացրել համայնքում: Կանադահայությունը պահանջում էր անփոփոխ թողնել Բագրատ Սրբազան Գալստանյանին եւ պնդում էր, որ թեմի նոր առաջնորդի քվեարկության արդյունքները կեղծված են: Մոնրեալահայությունը նույնիսկ լուռ բողոքի ակցիաներ էր իրականացնում թեմի առաջնորդի փոփոխության պատճառով: Թերեւս չդիմանալով ճնշմանը, Տեր Արեն աբեղա Ճեպեճյանը հրաժարվել է ստանձնել իր ծառայությունը: «Որպեսզի համայնքում նորից խաղաղություն ու համերաշխություն վեահաստատվի, եւ համայնքը չգնա պառակտման, Տեր Արեն աբեղա Ճեպեճյանը հրաժարվել է ստանձնել թեմակալ առաջնորդի պաշտոնը»,-մեզ հետ զրույցում, մեկնաբանելով Ճեպեճյանի հրաժարականը, ասաց Մայր Աթոռի մամուլի պատասխանատու Տեր Վահրամը:

Նա նաեւ հայտնեց, որ նոր ընտրությունների հստակ ժամկետ դեռեւս չկա: Գարեգին Բ կաթողիկոսը Կանադայի թեմում ժամանակավոր ծառայության է նշանակել Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, որը կվարի թեմի ընթացիկ գործերը, եւ թեմական խորհրդի հետ միասին կկազմակերպեն թեմի թեմական պատգամավորական 31-րդ ժողովը, որի ընթացքում պիտի կայանան Կանադայի հայոց թեմի առաջնորդի նոր ընտրությունները: 

Նախորդ հոդվածը‘ՖԱՖ-ը պահանջում է բացահայտել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի չկայացման հետ կապված բոլոր հանգամանքները’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը վերջապես խոսեց իր տրանսֆերի շուրջ բարձրացած աղմուկի մասին’