‘ՖԱՖ-ը պահանջում է բացահայտել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի չկայացման հետ կապված բոլոր հանգամանքները’

1186

Հայ երկրպագուների ՖԱՖ ղեկավար խորհուրդը այսօր հայտարարությամբ անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Վերջին օրերին թեժ քննարկման թեմա է դարձել Հենրիխ Մխիթարյանի` Լիվերպուլ տեղափոխվելու գործընթացը:

Տուրք չտալով շահարկումներին, և բացառապես ցանկանալով երկրպագուների և ՖԱՖ-ի անդամների համար լույս սփռել իրականության վրա, ՖԱՖ-ի ղեկավար խորհուրդը ցանկանում է այս հարցի վերաբերյալ հստակ պատասխան և պարզաբանում ստանալ ՀՖՖ-ից, քանզի որոշ տեղեկությունների համաձայն, Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի որոշակի մասնաբաժնի իրավունքը պատկանում է ՀՖՖ-ի նախագահին կամ նրա հետ ուղղակիորեն կապված անձանց կամ կազմակերպությունների: Կարելի է, թերևս, ենթադրել, որ ՀՖՖ-ն չի կարող տեղեկացված չլինել մեր ազգային հավաքականի առաջատար խաղացողներից մեկի տրանսֆերային գործընթացի կամ դրա ձախողման իրական պատճառների մասին:

ՖԱՖ-ը պահանջում է, որպեսզի բացահայտվեն Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի չկայացման հետ կապված բոլոր հանգամանքները: Տվյալ պահին տեղեկությունները խիստ իրարամերժ են, և նախքան միանշանակ դիրքորոշում հայտնելը, ՖԱՖ-ն ակնկալում է պաշտոնական պարզաբանում ՀՖՖ-ից:

ՖԱՖ-ն իր պատմության 6 տարիների ընթացքում չի ենթարկվել սադրանքների և միշտ առաջնորդվել է առողջ տրամաբանությամբ: ՖԱՖ-ն ապաքաղաքական է և մնալու է այդպիսին: Շահարկման ցանկացած փորձ՝ ի սկզբանե դատապարտված է ձախողման: ՖԱՖ-ին քաղաքական պիտակ փակցնելու ցանկություն ունեցողներին խորհուրդ ենք տալիս նվազագույն ինտերնետային որոնմամբ հասկանալ այս շարժման առաջացման տրամաբանությունը, ինչպես նաև` ներկայիս կարգավիճակը, կառավարման ձևը և այն անձնական զոհողությունը, որի գնով ՖԱՖ-ի բազմաթիվ անդամներ անմնացորդ նվիրվել են մեր ազգային հավաքականներին երկրպագելու հաճախ դժվարին գործին:

Հիշեցնում ենք, որ ՖԱՖ-ը Հայաստանում առ այսօր միակ ֆան-շարժումն է, որը տարբեր ժամանակներում կարողանալով պահպանել իր չեզոքությունը` հանդես է եկել բազմաթիվ հայտարարություններով, կարիքի դեպքում` բողոքի բացահայտ ակցիաներ է կազմակերպել թե ՀՖՖ-ի, թե հավաքականի մարզչական շտաբի դեմ, կարիքի դեպքում` ներգրավվել կառուցողական երկխոսության նրանց և այլ սուբյեկտների հետ: 

ՖԱՖ-ն այսօր ՀՖՖ-ից չի ստանում ազգային հավաքականի խաղերի տոմսեր: ՖԱՖ-ի համագործակցությունը ՀՖՖ-ի հետ ներկայումս ընդհատված է:

ՖԱՖ-ը միշտ եղել և մնալու է ինքնուրույն և ապաքաղաքական կառույց, նվիրյալ և հավատացող երկրպագուների շարժում»:

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկը գեներալներին. Ինչպե՞ս պատահեց, որ մեր իշխանությունները հանկարծ հիշեցին վաղուց անտեսված արժեքները’
Հաջորդ հոդվածը‘Կանադայի հայ համայնքը հասա՞վ իր նպատակին’