‘Կանադացի պատգամավորն օդանավակայանում է մոռացել կարևոր փաստաթղթեր’

1065

Փաստաթղթերը, որոնք մանրակրկիտ տեղեկատվություն են պարունակել Կանադայի արտաքին քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև՝ որոնց մեջ եղել են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի զեկույցների նախագծեր, մի քանի ժամ մնացել են Օտտավայի օդանավակայանի սպասասրահում. կանադական խորհրդարանի՝ պահպանողական կուսակցությունից պատգամավոր Շերիլ Գալանտը փաստաթղթերով այդ թղթապանակը մոռացել է այնտեղ:

 Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 28-ին: Փաստաթղթերը գտել է Կանադայի մշակույթի նախկին նախարար Շեյլա Կոպսը, որը նույն օրը, նույն օդանավակայանից մեկնելիս է եղել գործուղման: Ըստ Կոպսի՝ փաստաթղթերում եղել են երեք զեկույցների նախագծեր, որոնք վերաբերում են Աֆղանստանին, թևավոր հրթիռներին, Հյուսիսային Կորեային և Ռուսաստանին: Նշվում է, որ այդ զեկույցներն իրականում գաղտնի չեն, դրանք կարելի է ընթերցել ՆԱՏՕ-ի կայքում:

Կոպսը հայտարարել է, որ փաստաթղթերը հանձնել է Գալանտին՝ ընդգծելով, որ «հարկավոր է ավելի զգույշ լինել, հատկապես՝ ՆԱՏՕ-ի փաստաթղթերի հարցում»:

Ի դեպ, կանադացի քաղաքական գործիչներն առաջին անգամ չէ, որ այդքան անզգույշ են վարվում արժեքավոր փաստաթղթերի հետ: Մասնավորապես՝ արտաքին գործերի նախկին նախարար Մաքսիմ Բեռնիեն հրաժարական տվեց այն բանից հետո, երբ կարևոր փաստաթղթեր էր մոռացել ընկերուհու տանը, փոխանցում է newsru.com-ը:

 

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիում տեղի է ունեցել թեթև թմրանյութերի օրինականացման կողմնակիցների ցույց’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա հունիսի 7-ին’