‘Կառավարական ճգնաժամ Իտալիայում. Վարչապետը հրաժարական է տվել, խորհրդարանը ցրվել է’

900

Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն երկրի խորհրդարանը ցրելու մասին հրամանագիր է ստորագրել` կառավարական ճգնաժամի պատճառով: Նախարարների խորհրդի որոշմամբ նոր խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն 2013 թ. փետրվարի 24-25-ին: Նախորդ կառավարական ճգնաժամը Իտալիայում տեղի էր ունեցել մոտ մեկ տարի առաջ՝ 2011-ի նոյեմբերին, երբ ծանր տնտեսական իրավիճակի համատեքստում «Ազատության ժողովուրդ» խորհրդարանական ամենախոշոր խմբակցության առաջնորդ, վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ստիպված եղավ հրաժարվել իր պաշտոնից: Արդյունքում՝ կուսակցական կառավարության փոխարեն երկիրը սկսեց ղեկավարել, այսպես կոչված՝ «տեխնիկական» նախարարների պալատը, որն առաջնորդում էր Եվրոպայում հայտնի տնտեսագետ Մարիո Մոնտին:

Դեկտեմբերի 8-ին Իտալիայի կառավարությունը փակուղում հայտնվեց այն բանից հետո, երբ «Ազատության ժողովուրդ» խմբակցությունը խորհրդարանական երկու պալատներում հրաժարվեց  քվեարկել նախարարների կաբինետին վստահություն հայտնելու հարցով ՝ ցույց տալով, որ այլևս չի պատրաստվում աջակցել «տեխնիկական կառավարությանը»: Ստեղծված իրավիճակում Մարիո Մոնտիին այլ բան չէր մնում, քան հեռանալ զբաղեցրած պաշտոնից և ճանապարհ բացել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ՝ Երևանի Մանթաշյան փողոցում (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանը թույլատրել է «Հանարդնախագծի» շենքի նկուղային հարկի շինարարությունը’