‘Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հրանտ Բագրատյանի ևս մի նախագծին, թեև ի սկզբանե որոշել էր հավանություն տալ’

999

Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Հատկանշական է, որ կառավարության կայքում տեղադրված որոշման նախագծում նշված էր, որ որոշվել է հավանություն տալ նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, սակայն ֆինանսների նախարար Վաչե Գաբրիլյանն այսօր հայտարարեց, թե որոշումը փոխվել է:

«Նախնական կարծիքը, որը դրվել էր շրջանառության, հավանություն տալն էր, սակայն առաջնորդվելով այս ոլորտի կարգավորիչ Կենտրոնական բանկի կարծիքով՝ առաջարկում ենք մերժել տրամաբանությունը, քանի որ որոշակի խնդիրներ են առաջացել հասկացությունների մեջ: Մասնավորապես, պարոն Բագրատյանի հիմնական մտահոգությունն այն է, որ աշխատավորական կոլեկտիվները և կազմակերպությունները, ձեռնարկությունները կարողանան նմանատիպ ֆոնդեր ստեղծել, և որպեսզի մուտքը ազատ լինի: Այստեղ պետք է տարբերակել կենսաթոշակային սխեմա, կենսաթոշակային ֆոնդ և կառավարիչ խնդիրները: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ստեղծել կամավոր կենսաթոշակային ֆոնդ, ապա նա կարող է դա անել նաև 10 միլիոն դրամով, 20 միլիոն դրամով, այսինքն՝ փոքր ֆոնդերի ստեղծման տեսակետից օրենսդրական սահմանափակում չկա»,- ասաց Վաչե Գաբրիլեյանը:

Բագրատյանն առաջարկում էր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար կանոնադրական կապիտալի նվազագույն չափերը նվազեցնել, մասնավորապես՝ պարտադիրի համար՝ 500 միլիոն դրամի, իսկ կամավորի համար՝ 200 միլիոն դրամ, համապատասխանորեն՝ 100 և 50 միլիոն դրամի:

Այսօր կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել Հրանտ Բագրատյանի ներկայացրած մեկ այլ նախագծի ևս:

Նախորդ հոդվածը‘Խոսրով Հարությունյանը Գանգամ սթայլ է պարում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է արտահերթ նստաշրջան անցկացնել’