‘Կառավարությունը հաստատեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագիրը’

901

Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը: Այն ներկայացրեց աշխատանքի և սոցիալաական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ծրագրի նպատակն է` իրականացվող միջոցառումների շնորհիվ ժողովրդագրական բացասական միտումների կանխումն ու իրավիճակի կայունացումը:

Նախատեսվում է, որ 2013թ. շարունակվի երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան նյութական խրախուսման տարբերակված մոտեցումը՝ միանվագ նպաստի չափը պահպանելով 430.000 դրամ:

Որոշման մեջ նշվում է, որ վերջին 23 տարիներին Հայաստանում ծնունդները նվազել են շուրջ երկու անգամ: 1990-ին hանրապետությունում ծնվել է 79 882, իսկ անցած քսանամյակի ընթացքում ամենաբարձր ցուցանիշը եղել է 2010-ին, երբ ծնվել է 44 825 երեխա:

Եթե 1995-ին արդեն ծնունդների թիվը կտրուկ նվազել էր՝ հասնելով 48 960-ի, և հետագա տարիներին պահպանել նվազման միտումը՝ ընդհուպ մինչև 2001թ., ապա նկատվում է աճ, և 2009-2011 թթ. ծնունդների ցուցանիշը գրեթե մոտենում է 1995 թվականի ցուցանիշին:

Կառավարությունը ծնելիության ցածր ցուցանիշը պայմանավորող գործոններից մեկը համարում է ամուսնությունների` դեռևս ոչ բավարար մակարդակը: Եթե 1990թ. ամուսնությունների քանակը կազմում էր 28 233, ապա 2000թ. այն նվազելով՝ հասավ 10 986-ի, այնուհետև այն սկսեց աճել՝ 2011թ. հասնելով 19 706-ի։

Որոշման մեջ նշված են նաև այլ վիճակագրական տվյալներ, մասնավորապես, գործազրկության, մահացության գործակցի վերաբերյալ:

Ծրագրի մասին մանրամասն կարելի է կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Սահակաշվիլի շարասյունը քարկոծվել է. Իվանիշվիլին բնակչությանը կոչ է արել զերծ մնալ սադրանքներից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը դադարեցրել է աշխատանքը օրենսդիր մարմնում’