‘Կառավարությունը մտադիր է $600 միլիոնով նոր ջերմաէլեկտրակայան կառուցել’

1062

«Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայան կառուցել: Ծրագիրը մոտ 600 մլն ԱՄՆ դոլար ներդրում կպահանջի, կառավարության այսօրվա նիստում հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Զախարյանի խոսքով` հիշյալ կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել ամբողջությամբ ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ակնկալում է կառավարության աջակցությունը մի շարք հարցերում:

«Խոսքը գազի երաշխավորված ծավալների մատակարարման ու անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև` կայանների կառուցման նպատակով համապատասխան հողատարածքների հատկացման հարցում աջակցության, հարկային արտոնությունների, բարձրավոլտ էլեկտրական գծերից օգտվելու նախապատվության, էլեկտրաէներգիայի անարգել արտահանման իրավունքի և այլնի մասին է»,- ասել է նախարարը:

Զախարյանը նշել է նաեւ, որ ժամանակակից գազատուրբիններով աշխատող էլեկտրակայանները բավականին արդյունավետ են:

Իր հերթին Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ծրագրի իրականացման արդյունքում արտադրված էլեկտրաէներգիան արտահանվելու է:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքական ուժեր և բանակ. հերթական թարս վարունգը Սերժ Սարգսյանի համար’
Հաջորդ հոդվածը‘Եզդիների բողոքի ակցիան անցել է լարված մթնոլորտում (ֆոտոշարք)’