‘Կառավարությունը չկարողացավ բանավոր պատասխանել Արամ Մանուկյանի հարցին (տեսանյութ)’

1936

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց՝ կապված ջրային ռեսուրսների հետ: Նա նշեց, որ Հայաստանում կա 79 ջրամբար, որոնց ամբողջ ջրային ծավալը մոտ 1 մլրդ խմ է, որից 750 մլն խմ-ն Հայաստանի սեփականությունն է, իսկ 270-ը՝ Թուրքիայի հետ համասեփականություն: Նրա խոսքով, այս ջրամբարների մեջ Սպանդարյանի ջրային ծավալը 267 մլն խմ է, Տոլոսինը՝ շուրջ 100 մլն խմ, Շանգն ու Անգեղակոթը՝ մոտ 375 մլն խմ, որը կազմում է Հայաստանի ամբարված ջրային պաշարների կեսից ավելին: Ապա Արամ Մանուկյանը մեջբերեց Հայաստանի ջրի ազգային ծրագրից երկու հոդված: Մեկում նշվում է, որ պետական ջրային համակարգի հատուկ նշանակության ցանկում կան 30 ջրամբարներ, որոնց թվում նաեւ Սպանդարյանի եւ Տոլոսի ջրամբարները: Բացի դա, նույն ծրագրում Հայաստանի ջրային համակարգերի դասակարգում բաժնում նշվում է, որ ջրի ազգային ծրագիրը սահմանում է, որ պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են եւ ենթակա չեն մասնավորեցման: «Այս օրենքները անքան հստակ են ու ակնհայտ ու ակնհայտ է ձեր՝ օրենքների շրջանցումը, որ դուք պետական նշանակության, ռազմավարական, ամբարված ջրամբարները ձեւակերպել եք որպես գույք, տվել եք մասնավոր կազմակերպությանը, որն էլ այն վաճառքի է հանել որպես գույք: Եւ տվել եք այդ վաճառքի իրավունքը, այո, Որոտանի մասին է խոսքը: Ընդ որում, նույն գործընթացը եղել է Ձորագետի հետ կապված: Հարց՝ ո՞վ է պատասխան տալու օրենքների խախտման համար»,- հարցրեց Մանուկյանը: Ի պատասխան կառավարությունից որեւէ մեկը ամբիոնին չմոտեցավ, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ կառավարությունն առաջարկում է հարցը փոխանցել գրավոր, եւ իրենք կպատասխանեն գրավոր: 

Նախորդ հոդվածը‘«Ոսկե ծիրանը» հայտարարում է Հայոց Ցեղասպանության թեմայով սցենարական մրցույթ’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիների բողոքի ցույցին միացան Արծվիկ Մինասյանը և Լևոն Զուրաբյանը’