‘Կառավարությունը վերջին 1 տարվա ընթացքում մսխել է պահուստների 1/4-ը ‘

1430

Հայաստանի միջազգային պահուստները վերջին մեկ տարվա ընթացում նվազել են շուրջ $500 մլն-ով կամ մեկ քառորդով՝ հասնելով 2009-ի մարտից ի վեր ամենացածր մակարդակին՝ 1,537 մլրդ դոլար:

Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած աղյուսակի, ՀՀ արտարժութային պահուստները վերջին մեկ տարվա ընթացքում շարունակաբար նվազել են, իսկ միայն նոյեմբերի ընթացքում ԿԲ-ը դրամի փոխարժեքը պահելու նպատակով միջազգային պահուստներից ծախսել է 124 միլիոն դոլար: Պետք է ակնկալել, որ դեկտեմբեր ամսվա տվյալներն ավելի «տպավորիչ» կլինեն:

Այնուհանդերձ, ինչպես հայտնի է, նոյեմբերի երկրորդ կեսից սկսած` դրամի անկումը դարձավ անկասելի, եւ դեկտեմբերի առաջին կեսի աննախադեպ վայրիվերումներից հետո այժմ փոխարժեքը «հանգրվանել է» $1-ը 460 դրամի սահմաններում:  

Հայտնի է, որ 2003-ին Հայաստանի ոսկու պաշարի ամբողջական վաճառքից հետո մեր երկիրը միջազգային ռեզերվներ է պահում միայն արտարժույթով՝ ԱՄՆ դոլարով: Ընդ որում, 2009-ի մարտին՝ դրամի ավելի քան 20 տոկոս արժեզրկումից հետո վերջին հինգ տարիներին պահուստները մնացել են համեմատաբար կայուն մակարդակի վրա՝ 2 մլրդ դոլարի սահմաններում եւ, ինչպես նշեցինք, կտրուկ նվազել են վերջին մեկ տարվա ընթացքում:

Չհետեւելով բազմաթիվ առաջատար տնտեսագետների եւ ընդդիմադիր գործիչների հորդորներին` այն մասին, որ դրամի արհեստական արժեվորումը լուրջ ռիսկեր է պարունակում եւ արգելակում է տնտեսության զարգացմանը, Կառավարությունը եւ Կենտրոնական բանկը շարունակում էին բարձր պահել փոխարժեքը եւ միայն վերջին ամիսներին ստիպված եղան պետական պահուստներից հսկայական միջոցներ ծախսել՝ մոտենալով ԱՄՀ սահմանած ռիսկային գոտուն:

Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի սահմանած չափորոշիչների, պետական պահուստների ապահով մակարդակը պետք է հավասար լինի տվյալ պետության ներմուծման վերջին 3,5 ամսվա ցուցանիշին: 2013-ի տվյալներով՝ Հայաստանի ներմուծման տարեկան ծավալները հավասար են $4,4 մլրդ, 3,5 ամսվա կտրվածքով՝ շուրջ 1,284 մլրդ դոլար:  Այսինքն, շարունակ դրամի կուրսը բարձր պահելու նպատակով դոլարային պահուստային ֆոնդից ներարկումներ կատարելով՝ իշխանությունները դրա ծավալները մոտեցրել են ռիսկային գոտուն, որից այն կողմ տնտեսությանը լուրջ վտանգներ են սպառնում՝ պակասում կամ սպառվում են բիզնեսին սպասարկող վարկային միջոցները եւ պետության՝ արտաքին ու ներքին պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ միջոցները:

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին գործադիր իշխանությունը հռչակել է արտահանմանը միտված քաղաքականություն: Իշխանության ներսում, իհարկե, ծանոթ են տնտեսագիտության այն տարրական բանաձեւին, որ արտահանումը խթանելու համար անհրաժեշտ է թուլացնել ազգային արժույթը: Սակայն, Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կաբինետները, ի հեճուկս այս տրամաբանության,  հետեւողականորեն ամրապնդել են դրամը միայն ծայրահեղ իրավիճակում (2009-ի մարտին եւ 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերին)` ստիպված լինելով դրամն «ազատ անկման» ուղարկել: Բայց այս դեպքում էլ դրամի կտրուկ անկումը հանգեցրեց անկառավարելի գնաճի եւ բնակչության առանց այդ էլ ցածր կենսամակարդակի անկման:  

Մի շարք փորձագետների գնահատականով` դրամի արհեստական արժեվորման (կամ արժեզրկումը արհեստականորեն զսպելու)՝ գործող իշխանությունների քաղաքականությունը իրականում մեկ նպատակ ունի՝ ավելացնել ներկրող մենաշնորհատերերի շահույթները:

Բանն այն է, որ Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը (եթե ոչ` հիմնականը) արտերկրից՝ մեծամասամբ Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերտներն են, որոնք, որոշ հաշվարկներով, տարեկան պետական բյուջեի չափին են հասնում: Ոչճգնաժամային շրջանում այս գումարով բավարարվում են ներկրողների արտարժութային կարիքները: Արտաքին ոչ բարենպաստ միջավայրի պայմաններում, երբ ռուսական տնտեսության աճը դանդաղում է, իսկ ռուբլին սրընթաց անկում է  գրանցում, համապատասխանաբար բարակում է դեպի Հայաստան  հոսող արտարժութային «առուն», ինչը «դոլարային ծարավ» է առաջացնում ներկրող մենաշնորհատերերի մոտ: Եվ քանի որ Հայաստանում խոշոր մենաշնորհատերերը սերտաճած են իշխանությանը, ֆորմալ քաղաքական իշխանությունը ներկրողների ծարավը փորձում է հագեցնել՝ պետական պահուստների հաշվին ահռելի գումարներ ներարկելով: 

Արդյունքում՝ սասանվում է երկրի ֆինանսական համակարգը, տուժում է բիզնեսը եւ տնտեսությունն` ընդհանրապես:

Իզուր չէ, որ դրամի ջղաձիգ վայրիվերումների գագաթնակետին նախորդ շաբաթ` անհասկանալի նպատակներով Կառավարություն էր այցելել խոշոր ներկրող մենաշնորհատեր, քրեա-օլիգարխիկ համակարգի հենասյուներից մեկը՝ Սամվել Ալեքսանյանը: Թե ում հետ է հանդիպել եւ ինչ հարցեր է քննարկել Ալեքսանյանը կառավարությունում՝ կարելի է գուշակել, որովհետեւ լրագրողների հարցերին գործարար պատգամավորն այս անգամ էլ պատասխանեց իր լայնարձակ ժպիտով:  

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկոն` Ս.Սարգսյանին. Չես ուզում, չէ՞, ելույթ ունենալ. Սարգսյանի հերթական խայտառակությունը Մոսկվայում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը հանդիպել է «Շախտյորի» իր նախկին խաղընկերոջը՝Սելեզնյովին(տեսանյութ)’