‘Կառավարությունը ցանկանում է ՎՊ պաշտոնյաներին զրկել կարծիք հայտնելու իրավունքից. «Ժողովուրդ»’

1297

«Ժողովուրդը» գրում է, որ կառավարության առաջիկա նիստի օրակարգում օրենսդրական սկանդալային նախագիծ է ներկայացվել։ Խոսքը «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, որտեղ ՎՊ պաշտոնյաների համար նվաստացուցիչ դրույթներ են առաջարկված։

Օրինակ՝ «ՎՊ պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաև եզրահանգումներ՝ ՎՊ կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ»։

Ըստ նախագծի՝ նման գնահատականներ ու եզրահանգումներ արգելված են ներառել նաև ՎՊ տարեկան հաշվետվության մեջ։ Այլ կերպ ասած, կառավարությունը ցանկանում է ՎՊ պաշտոնյաներին զրկել կարծիք հայտնելու իրավունքից, դարձնելով այդ գերատեսչությունն անլեզու մարմին։

«Այս նախաձեռնությունը պատահական չէ. վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզապես վրեժ է լուծում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից՝ ՎՊ վերջին տարեկան հաշվետվության սկանդալային քննարկումների համար։

Հիշեցնենք, որ ՎՊ-ն սկանդալային բացահայտումներ էր կատարել Տ. Սարգսյանի «սիրելի» ոլորտներում, ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հրապարակավ նախատեց ՎՊ նախագահին»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Գառնու տաճարի մոտ սրճարանի կառուցմանը դեմ են նաև տուրօպերատորները. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի իշխանությունները շարունակում են ջայլամային քաղաքականությունը. «168 ժամ»’