‘Կառավարությունը փորձում է մաքրել նոր օֆշորային սկանդալի հետքերը’

1818

Կառավարությունը օգոստոսի 22-ին «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ  Հայաստանի տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ պայմանագիր կնքեց:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ն գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում՝ օֆշորային գոտում: 

Այս փաստն արձանագրված էր կառավարության համապատասխան որոշման նախագծում:

 

Պարզվում է, որ խնդրի վերաբերյալ մեր երկու հրապարակումներից հետո կառավարությունը «խմբագրել է» ավելի վաղ հրապարակված որոշման նախագիծը, որտեղ ներկայացված էին «Անակլիա» ընկերության հետ համաձայնագրի հիմնադրույթները:

Այժմ ներդրողի կոնտակտային տվյալների մեջ բացակայում է Վիրջինյան կղզիներում գրանցված լինելու մասին գրառումը: Փաստաթղթի խմբագրված տարբերակում բերված է միայն ընկերության Լոնդոնի հասցեն:

Սրանով իսկ կառավարությունն է՛լ ավելի է խորացնում կասկածները, որ $600 միլիոնանոց գործարքի մեջ մեղմ ասած, մութ կետեր կան:

Իր նախորդից օֆշորային գործարքներ կնքելու փորձառությունը ժառանգած կառավարությունը, սակայն, չի հասցրել ամբողջովին մաքրել Վիրջինյան օֆշորի հետքերը: Կառավարության հրապարակած փաստաթղթում, անգամ այս միջամտությունից հետո, անզեն աչքով երեւում է, որ «Անակլիա» ՍՊԸ-ն կասկածելի ծագում ունի: Այսպես, ներդրողի կայքէջ տողում նշված է http://www.britishecopower.com/ հասցեն (որպես ներդրողի փոխկապակցված անձ): Այս հասցեով անցնելիս պարզ է դառնում, որ վեբկայքը չի գործում, որովհետեւ վճարված չէ դոմեյնի վարձը:  Ուշագրավ է, որ  «.com» տիրույթում դոմեյնի վճարը կազմում է տարեկան ընդամենը 5-10 դոլար:

Կառավարության օգոստոսի 14-ի նիստին, երբ ընդունվեց ԳԷԿ կառուցելու վերաբերյալ որոշումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց «նման կառույցի անհրաժեշտությունը մեր երկրի համար և նշեց, որ դա ոչ միայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, այլև ՀՀ կառավարության խնդիրն է»:

Փաստորեն, կառավարությունը 600 մլն դոլարի ներդրման «հույժ կարեւոր» պայմանագիր է կնքում մի ընկերության հետ, որը ի վիճակի չէ անգամ իր կայքի սպասարկման համար վճարել տարեկան 10 դոլար:

Նախորդ հոդվածը‘Բատիստուտան խնդրել է բժշկին անդամահատել ոտքերը’
Հաջորդ հոդվածը‘Ռունին Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր ավագն է’