Կասյանով․ «Բալթյան պետությունները կլինեն հաջորդ թիրախը»

493

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կարող է տևել մինչև երկու տարի, իսկ Ռուսաստանի անցումը դեմոկրատիայի և այլ երկրների հետ հարաբերությունների վերականգնումը կարող է տասնյակ տարիներ խլել։

Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը։

«Իհարկե, պետք է նաև անցկացվի «ապապուտինացման» գործընթաց։ Եվ դրա համար մի տասը տարի պետք կլինի, որպեսզի դա արվի, և քաղաքակիրթ աշխարհի հետ վստահության տարրեր ստեղծվեն ու ամրապնդվեն, առաջին հերթին՝ Եվրամիության երկրների հետ, որոնք մեր բնական գործընկերներն ու հարևաններն են»։

Կասյանովն ասել է, որ ինքը, ինչպես և շատերը, չի հավատացել, որ իսկապես պատերազմ կսկսվի։ Բայց հիմա, նրա կարծիքով, Վլադիմիր Պուտինը կորցրել է կապը քաղաքական իրականության հետ։

«Կարծում եմ՝ բալթյան պետությունները հաջորդ թիրախն են լինելու, եթե Ուկրաինան պարտվի։ Պուտինի խրախուսմամբ՝ համակարգը շատ ավելի ցինիկ, շատ ավելի կոշտ է սկսել գործել, քան նույնիսկ Խորհրդային Միության վերջին շրջանում էր։ Այո, դա, ըստ էության, «ԿԳԲ-ական համակարգ» է՝ հիմնված կատարյալ անօրինության և անպատժելիության վրա»։

Կասյանովը Պուտինի օրոք առաջին վարչապետն է եղել 2000-2004 թթ․։ Ժամկետի ավարտին նրա հարաբերությունները նախագահի հետ վատացել էին, և վարչապետի պաշտոնը թողնելուց հետո նա անցել էր ընդդիմության շարքերը։ Հունիսի սկզբին Կասյանովը հեռացել է Ռուսաստանից՝ կյանքի և ազատության նկատմամբ մտավախությունների պատճառով։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՈւկրաինայի գլխավոր դատախազություն․ Պատերազմի սկզբից զոհվել է 288 երեխա
Հաջորդ հոդվածըՈւնևոր ռուսաստանցիները հեռանում են երկրից