‘Կարեն Անդրեասյան. Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում սպասումները չարդարացրի’

1425

Հայաստանի արդեն նախկին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել, որտեղ մասնակիորեն անդրադարձել է նաեւ իր հրաժարականի պատճառներին:

Անդրեասյանը մասնավորապես, նշել է.  

«Ես գիտեմ, որ ինձնից այսօր շատերն ակնկալում են միայն մեկ բան՝ կարճ ու կոնկրետ՝ հրաժարականիս պատճառը: Վերջին օրերին ես լսեցի այդ պատճառի մասին մի շարք ողջամիտ բացատրություններ, բայց նաև մի քանի ցնդաբանություններ: Հրաժարականի պատճառը բազմաշերտ է և շատ բարդ է այն ներկայացնել մեկ կամ մի քանի բառով: Բայց ամենակարճն ու հիմնականը հետևյալն է: Եթե 2016 թվականին էլ հենց ես մնայի Օմբուդսմեն, ապա այս կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ: Պատկերացնում եմ չարախոսներին, որ այս տողերից հետո ավելի մեծ կատաղությամբ կսկսեն պախարակել մեր կատարած նախկին աշխատանքը, բայց հուսամ՝ նրանք կփորձեն նաև այլ եղանակներով վաստակել իրենց օրվա հացը: Որպես իրավաբան ակնկալում եմ, որ բոլոր այն օրենքները, որ կընդունվեն այս տարի որպես նոր Սահմանադրության հետևանք, կլինեն իրապես մարդակենտրոն և  հօգուտ մարդու իրավունքների կլուծեն այն հարցերը, որոնց կարգավորումը ներկայիս Սահմանադրությունը բաց է թողել:

Որպես լավատես. Հուսով եմ, որ իմ զավակները կմեծանան այնպիսի Հայաստանում, որտեղ անքննելի իրականություն կդառնա օրենքի առջև բոլորի հավասարությունը, իսկ իմ որդիների զինվորական ծառայությունը կանցնի առանց թշնամական գեթ մեկ կրակոցի:

Վերջապես, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում սպասումները չարդարացրի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով: Շնորհակալություն եմ հայտնում այն բազմաթիվ մարդկանց, ովքեր ինձ օգնեցին ստանձնել, իսկ այնուհետև կատարել մարդուն օգնելու այս մեծ առաքելությունը, և ովքեր այս հինգ տարիներին ինձ հետ անցան բոլոր փորձությունները»:

 

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է Միրզոյան-ֆեստը՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ հրթիռների փորձարկման պատճառով’