‘Մեկնարկել է Միրզոյան-ֆեստը՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ’

1300

Հունվարի 15-ից մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին։

Միրզոյան-ֆեստի բացման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել են Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար, Խաչատուր Մարտիրոսյանի «Զարթոնք» սիմֆոնիկ պոեմը և Կոնցերտ-ֆանտազիան ջութակի և նվագախմբի համար (մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան)։ Ի դեպ, վերջին ստեղծագործությունը Խաչատուր Մարտիրոսյանը նվիրել է հենց Սերգեյ Խաչատրյանին, և այն կատարվում էր առաջին անգամ։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորել է այն փաստը, որ աշխարհի լավագույն երաժիշտներից մեկը՝ Սերգեյ Խաչատրյանը, ցանկություն է հայտնել կատարել ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործություն։ «Շատ է խոսվում այն մասին, թե պետք է հնչեցնել ժամանակակից կոմպոզիտորների գործերը, ցավոք, շատ քչերն են դա անում։ Սերգեյը երաժշտի այն տեսակն է, որ ինչ ասում է, ինչին հավատում է, ինչով ապրում է, կարող ենք տեսնել նրա գործում»,- ասել է Սմբատյանը։

Խաչատուր Մարտիրոսյանը նշում է, որ ստեղծագործությունը սկսել է գրել մոտ 10 տարի առաջ։ Ըստ կոմպոզիտորի՝ ծավալային և ժամանակակից ռիթմերի առումով հագեցած գործ է, և ինքը պատկերացրել է, որ այն պետք է կատարի հենց Սերգեյ Խաչատրյանը։ Հեղինակը հիացած է կոնցերտի՝ Սերգեյ Խաչատրյանի ներկայացմամբ։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում կներկայացնի նաև հոբելյանական երեկոներ: Կնշվեն կոմպոզիտորներ Խաչատուր Մարտիրոսյանի 70-ամյա և Վարդան Աճեմյանի 60-ամյա հոբելյանները: 

Նախորդ հոդվածը‘Իրան. Պատժամիջոցների վերացումը նոր էջ է բացում երկրի պատմության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Անդրեասյան. Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում սպասումները չարդարացրի’