‘Կարեն Եսայանի մեքենայի վրա նրա սպանության մեջ մեղադրվողի մատնահետքեր առկա չեն’

1099

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության քրեական գործի չբացահայտված դրվագներից մեկն էլ վերջինիս մեքենայի վրա նախաքննության ընթացքում հայտնաբերված մատնահետքերն են, որոնք, ինչպես պարզ է դառնում հրապարակված դատական նյութերից, կոնկրետ հասցեատեր չունեն, փոխանցում է «Հետքը»:

Նախորդ նիստերի ժամանակ ավտոլվացման կետի աշխատակիցները, ովքեր դատարանում հարցաքննվել էին որպես վկաներ, պատասխանելով կողմերի հարցերին, նշել էին, որ սպանվածի մեքենան դեպքի օրն իրենք շատ լավ լվացել և սրբել են: Դատաքննության ժամանակ նրանք պնդեցին, որ Եսայանի մեքենային դրանից հետո որևէ մեկը ձեռք չի տվել:

Առավոտյան Կարեն Եսայանը եկել և տարել է մեքենան: Ըստ մեղադրանքի՝ Կարեն Եսայանը, մեքենայով դուրս գալով ավտոլվացման կետից, հետագայում իր մեքենան նստած անձի հետ անմիջապես ուղևորվել է այն վայրը, որտեղ էլ և սպանվել է: Դիակը հայտանբերելուց հետո՝ դեպքի վայրում ոստիկանների կողմից տեղազննություն կատարելու ժամանակ, մեքենայի վրա հայտնաբերվել են մատնահետքեր: Ինչպես կարգն է, դրանք ուղարկվել են փորձաքննության:

Պարզվել է, որ մեքենայի վրա հայտնաբերված մատնահետքերը չեն պատկանում ոչ ավտոլվացման կետի աշխատակիցներին, ոչ Կարեն Եսայանին և ոչ էլ ամբաստանյալ Հարություն Սարգսյանին: «Ակնհայտ է, որ դրանք պատկանում են Եսայանին սպանած անձին»,- հայտարարեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Եսայանին սպանել են՝ կրակելով աչքին: Մեքենայի մեջ՝ վարորդի նստարանից աջ գտնվող հատվածում, հայտնաբերվել են արյան հետքեր: Սակայն, ինչպես պնդում է ամբաստանյալի փաստաբանը, իր պաշտպանյալի հագուստի վրա չեն հայտնաբերվել ոչ արյան հետք, ոչ կրակոցի արգասիքներ:

Մանրամասն

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները պահանջում են հրապարակել տեսագրությունները’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինայի նախկին նախագահին նոր մեղադրանք է առաջադրվում’