‘Կարեն և Սոս Ջանիբեկյանները հանդես կգան «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմում (տեսանյութ)’

2769

Վիլյամ Սարոյանի չորս պատմությունները միավորվել են ռեժիսոր Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմում, որը մեծանուն գրողի 105-ամյակին ընդառաջ կհանձնվի հասարակության դատին: «Ամբողջ աշխարհը և բուն իսկ դրախտը», «Մաղադանոսի այգին», «Փասիանի որսորդը», «Ծննդյան տոներից երեք օր հետո» պատմվածքները բավականին փոփոխվել են՝ հարմարեցվելով ֆիլմին, սակայն պահպանվել  է դրանցից յուրաքանչյուրի սյուժետային գիծը:

«Մեք սկսել ենք նկարահանել ֆիլմը ցանկություն ու երազանք ունենալով, որ այն պատրաստ կլինի Սարոյանի 105-ամյակին՝ օգոստոսի 31-ին: Եթե ամեն ինչ լավ դասավորվի, հուսով եմ կհասցնենք»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Զաքարյանը:

«Կիսալուսնի ծովածոցը» երազանքների այն իդեալական քաղաքն է, որը ժամանակից և տարածությունից դուրս  է. «Վայրերը հայկական անուններ ունեն, սակայն դա Հայաստան չէ, դա որևէ տեղ չէ: Դա Կիսալուսնի ծովածոցն է»:

Թեև պատմություններն առանձին  են, չորսն էլ իրար լրացնում են և մի գաղափարի ծառայում: Պատմությունը սկսում են հայր և որդի, ովքեր գնում են գտնելու ճիշտ մարդկանցով ապրող մի վայր, որտեղ ապրելով իրենք էլ կսկսեն ճիշտ ապրել: Հաջորդ  երեք պատմություններում երևում են  այդ մարդիկ: Ֆիլմի վերջում տեսնում ենք, որ այդ մարդկանց ապրած ճիշտ կյանքն անդրադարձել է նաև առաջին պատմության հերոսների վրա և իրենք էլ են ճիշտ քայլեր անում: Այս ամենի շարժիչ ուժը երեխաներն են: Ամենափոքր հերոսը հինգ տարեկան է: Ֆիլմում նկարահանվել են 5-14 տարեկան երեխաներ ու պատանիներ: Նրանց ծնողներին և նրանց հետ առնչվող հերոսներին մարմնավորել են Կարեն Ջանիբեկյանը, Սոս Ջանիբեկյանը, Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Արայիկ Սարգսյանը  և այլք: «Ըստ մեր չափորոշիչների ամենալավ ու անկեղծ դերասաններին ենք ընդգրկել»,- ասաց ֆիլմի ռեժիսորը:

Սյուժեում դերասանները կրկնվում են, նրանք մի ֆիլմում կարող են էպիզոդիկ դեր խաղալ, մյուսում՝ գլխավոր հերոսին մարմնավորել: Օրինակ Սոս  Ջանիբեկյանն աշնան պատմության մեջ հոր՝ Կարեն Ջանիբեկյանի հետ է խաղում:  Ֆիլմում ևս նրանք հայր և որդի են. Կարեն Ջանիբեկայնի դերակատարն աշխատում է բենզալցակայանում, իսկ որդին՝ Սոսի դերակատարը, բարմեն է, ով աշխատանքից հետո  պարբերաբար գնում է հոր մոտ, օգնում նրան, մթերք տանում և վերադառնում քաղաք: Նրա կերպարը զարգանում է  ձմռան պատմության մեջ, որի գլխավոր հերոսը նույն բարմենն է: Գարնան պատմության մեջ էլ Կարեն Ջանիբեկյանն է առանձին հանդես գալիս: 

Ի դեպ, ֆիլմը սկսվում է գարնան պատմությամբ, որը վերջինն է նկարահանվելու: Ստեղծագործական կազմն այժմ սպասում գարնան գալստին:

Այժմ  ստեղծագործական կազմը փորձում է ընտրել ֆիլմի երաժշտությունը. «Բավականին բարդ է: Ուզում ենք այնպիսի երաժշտություն լինի, որը համահունչ է և՛ Սարոյանի խոսքին, և՛ մեր պատկերաշարին: Պարզ, մաքուր և բնական երաժշտություն ենք ոււզում»:

«Կիսալուսնի ծովածոցի» պրոդյուսերը Հովհաննես Գալստյանն է: Նկարահանումները նախատեսում են ավարտել ապրիլի 15-20-ը:


Նախորդ հոդվածը‘ԳԱԼԱ-ի սեփականատերը չընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի դիտորդներին’
Հաջորդ հոդվածը‘Բնական է, չէ՞, որ մտքովս անցավ, թե որտեղ են «վճռականները»’