‘ԿԲ-ի միջամտությունից հետո դրամի արժեզրկման տեմպը աճել է’

1190

ՀՀ Կենտրոնական բանկն արժույթի շուկայում իրականացրած ամենօրյա միջամտությունների ընթացքում այս շաբաթ (դեկտեմբերի 8-12-ը) մասնակից-բանկերին արդեն վաճառել է 30 մլն դոլար` օրական 6 մլն. դոլար: Ինչպես հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքն այդ ժամանակահատվածում 456,63 դրամից բարձրացել է մինչև 470,22 դրամ/դոլար, իսկ նվազագույն սահմանը` 455 դրամից մինչև 469,76 դրամ/դոլար:

Ըստ ՀՀ ԿԲ դեկտեմբերի 8-ի հայտարարության, արժույթի շուկայում հավասարակշռությունը վերականգնելու և արժույթի տատանումները մեղմելու համար մեգառեգուլյատորը մտադիր է մինչև տարեվերջ կատարել ամենօրյա միջամտություններ: Վաճառվող արժույթի առավելագույն ծավալի հայտարարման իրականացվող քաղաքականությունը թույլ կտա նորմալացնել Հայաստանի արժույթի շուկայում ստեղծված իրավիճակը: Իր ամենօրյա ներդրումների մասշտաբները Կենտրոնական բանկը փուլերով կնվազեցնի, մինչև որ հասնի դրամի հավասարակշռված փոխարժեքին: Ի դեպ, առաջին շաբաթվա ընթացքում (դեկտեմբերի 8-12-ը) ամօրյա միջամտությունների ծավալը կազմել է 6 մլն.դոլար:

ՀՀ ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանն օրերս հաղորդել էր, որ ԿԲ մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը և կհետևի ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, որի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, շուկայում կիրականացվեն արժութային միջամտություններ: Նրա ակնկալիքով, ԿԲ-ի այդ քայլը զգալիորեն կմեղմի փոխարժեքի տատանումները, հավասարակշռելով այն կայուն մակարդակում:

Ըստ վերջին տվյալների, դեկտեմբերի 12-ին Հայաստանի արժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամի արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակվում է: Այսպես, հոկտեմբերից մինչև օրս դրամն արժեզրկվել է ավելի քան 15%: Տվյալ պահին փոխանակման կետերում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը կազմում է 464/469 դրամ/$1, եվրոն` 571/588 դրամ/1 եվրո, ռուսական ռուբլին` 8,1/8.75 դրամ/1ռուբլի:

NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում հունիսից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ իրականացվել է $396.5 մլն գումարի արժութային գործարք, իսկ փոխարժեքը բարձրացել է 407,14-ից մինչև 461 դրամ/$1: Ընդ որում, դեկտեմբերի 1-ից հետո բորսայում արտարժույթով գործարքներ գրեթե չեն իրականացվել: Բորսայական գործարքների այդ ծավալից շուրջ $117 մլն բաժին է ընկել միայն նոյեմբերին: Անցած շաբաթ (դեկտեմբերի 1-5) արժութային գործարքների միջբանկային շուկան գրանցեց աննախադեպ մաքսիմում`$59.3 մլն, ձևավորելով փոխարժեքը 442,42 դրամ/$1 մակարդակում, ինչի հետևանքով բորսան, շաբաթն սկսելով $3.5 մլն ծավալով (դեկտեմբերի 1), մինչ օրս դատարկ է:

Ինչպես արձանագրում է «ՀԺ»-ն, ԿԲ-ի իրականացրած աճուրդների 4 օրերի ընթացքում դրամը արժեզրկվել է 1.6 տոկոսով կամ՝ օրական միջինը 0.4 տոկոսով: Բայց դրան նախորդած մեկ ամսվա ամբողջ ընթացքում դրամը արժեզրկվել էր 10 տոկոսով կամ՝ օրական միջինը 0.3 տոկոսով: Իսկ դա նշանակում է, որ ԿԲ-ի կանոնավոր ինտերվենցիաներից հետո դրամի արժեզրկման օրական տեմպը աճել է 33 տոկոսով: Այսքանով կարելի է արձանագրել, որ համենայն դեպս՝ այս փուլում դրամը դեռ չի հասել իր «հավասարակշված» փոխարժեքին:

Նախորդ հոդվածը‘«Հարկային ասպատակություններ»՝ «Անտարես» հրատարակչության դեմ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել’