‘«Հարկային ասպատակություններ»՝ «Անտարես» հրատարակչության դեմ’

1767

Հարկային մարմինները, կարծես թե, շարունակում են տնտեսվարող սուբյեկտներին ընտրողաբար ստուգելու «հին ու բարի» ավանդույթները: Վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգել է սահմանափակել հարկային ստուգումները՝ յուրաքանչյուր օրացուցային տարում մեկով, և դրանից ավել ստուգումներ անցկացնել միայն բացառիկ դեպքերում՝ վարչապետի թույլտվությամբ: Այնուհանդերձ, հարկայինի տեսուչները այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ ստուգման նպատակով այցելել են «Անտարես» հրատարակչություն: «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ՝ հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 10-ին երեք հոգի եկել են հրատարակչության գրասենյակ և առանց պատշաճ հանձնարարագիր ներկայացնելու՝ «ստուգման նպատակով» փաստաթղթեր են պահանջել: 

Մարտիրոսյանը պահանջել է շփվել գրավոր՝ հետագայում փաստեր ունենալու նպատակով: «Ես ասացի՝ դուք գրեք, թե ինչ եք ուզում, մենք գրավոր կպատասխանենք, որպեսզի փաստ լինի որևէ ատյան ներկայացնելու, իսկ դուք միայն բանավոր եք խոսում: Առաջին 15-20 րոպեից հետո ես հասկացա, որ այդ մարդիկ գրական հայերենի հետ խնդիր ունեին, ու ակցենտը տանում էր դեպի փողոց», — պատմել է Մարտիրոսյանը: Այնուհետև նա հրավիրել է «Անտարեսի» փաստաբան Տիգրան Եգորյանին, որի ներկայանալուց հետո էլ դարձյալ հարկային ծառայողները հրաժարվել են համապատասխան փաստաթուղթ ներկայացնել և պատշաճ խոսել: «Ասացի՝ ես հիմա կնկարեմ, ասացին՝ կջնջենք, դու իրավունք չունես, ես ասացի՝ կարո՞ղ եք ցույց տալ օրենք, որ թույլ տա ջնջես, նրանք ոչինչ չէին հասկանում՝ իրավունքի հետ կապված: Տիգրանը ձայնագրիչը դրել էր սեղանին, Վարդան անունով ներկայացուցիչը խլեց, և երբ Տիգրանը փորձեց վերցնել, նա հարվածեց Տիգրանի ձեռքին, ու սկսվեց քաշքշուկը, մոտավորապես 5-10 րոպե տևեց: Այս ընթացքում զանգել ենք իրավապահներին՝ ոստիկանություն, անվտանգության ծառայություն, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ», — նշել է հրատարակչության տնօրենը:

Արդեն այսօր iLur.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նկարագրված դեպքի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին, նույն մարդիկ եկել են «Անտարեսի» գրասենյակ արդեն լրիվ ուրիշ «կերպարանքով»՝ պարկեշտ, փորձել են խոսել գրական հայերենով: «Խոսում էին գրականությունից, թեև հայ գրականության մասին իրենց պատկերացումները, կարծես թե, «Խաչագողի հիշատակարանից» այն կողմ չէին գնում», — նշեց պարոն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ հարկայինի աշխատակիցները շարունակել են պնդել, որ իրավունք ունեն ստուգում անցկացնելու: Ըստ էության, «Անտարեսի» տնօրենի խոսքով՝ հարկայինի աշխատողները չեն սխալվում՝ այն իմաստով, որ օրենքը նրանց իսկապես իրավունք տալիս է ստուգում անցկացնել: «Բայց խնդիրն այն է, որ նույն օրենքը ի՛նձ չի պարտավորեցնում թույլատրել ինձ մոտ ստուգում անցկացնել: Այսինքն՝ օրենքը թերի է», -նշեց Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ սակայն, Հարկային ծառայությունը, իմանալով այդ օրենսդրական բացի մասին, փոխանակ օրենքը փոխելու նախաձեռնությամբ հանդես գալու, օգտագործում է այդ բացը, ընդ որում՝ հընթացս կամայական մեկնաբանություններ տալով, փորձելով «հիպնոսի ու խոսքի ուժով» փաստաթղթեր կորզել:

Ինչ վերաբերում է  նախորդ օրը տեղի ունեցած քաշքշուկի «հանգուցալուծմանը», ապա, Արմեն Մարտիրոսյանի խոսքով, իր ահազանգով ժամանել են ոստիկանության աշխատակիցները և, քանի որ հանրային կարգի խախտում չեն հայտնաբերել, առաջարկել են դիմել հարկային ոստիկանությանը: «Այլ կերպ ասած՝ առաջարկում են ինձ դիմել Իսլամական պետության ղեկավարներին՝ ահաբեկիչներից ինձ պաշտպանելու խնդրանքով», — նշեց «Անտարեսի» տնօրենը:

Ի դեպ, վերջերս «Անտարես» հրատարակչության՝ Նկարիչների միության հետ ունեցած դատական վեճին միջամտել է հարկային ծառայության օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետ Ջհան Հովհաննիսյանը: Բանն այն է, որ Նկարիչների միությունը շուրջ 6 տարի չվճարված պարտք ունի հրատարակչությանը, և «Անտարեսը» որոշել է պարտքը հետ ստանալ դատարանի միջոցով: Ընդ որում, Ջհան Հովհաննիսյանի ղեկավարած կառույցը այս վեճի հետ որևէ առնչություն չունի: Հարկայինի պաշտոնյան գործին փորձել է միջամտել հանուն Նկարիչների միության նախագահի հետ իր բարեկամական հարաբերությունների: Թե որքանով վերջին «հարկային ասպատակությունները» «Անտարեսի» դեմ կապ ունեն այս պատմության հետ, դժվար է ասել: Համենայնդեպս, Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում դժվարացավ մեկը մյուսի հետ կապել, քանի որ, նրա խոսքով՝ այդ կապը հաստատող փաստ, գոնե առայժմ, չկա:

Նախորդ հոդվածը‘Գերման Ավագյանը ներկայացրել է «Ծանոթ դեմքերի քաղաքը» (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ի միջամտությունից հետո դրամի արժեզրկման տեմպը աճել է’