‘Քեմերոն. Թագուհին «մռլտաց», երբ իմացավ Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքները’

1162

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեքշաբթի հայտարարել է, որ Ելիզավետա II թագուհին  ուրախությունից «մռլտացել է», երբ  նրան հայտնել են Շոտլանդիայի հանրաքվեում անկախության հակառակորդների հաղթանակի մասին:

Կառավարության ղեկավարի այս խոսքերը, որ նա արտասանել է ԱՄՆ այցի ժամանակ, հանրության համար նախատեսված չեն եղել, բայց հեռուստալրագրողները պատահաբար ձայնագրել են դրանք: Նրանք նկարահանելիս են եղել Քեմերոնի այցելությունը  գործարար նորությունների Bloomberg գործակալության կենտրոնակայան և նրա զրույցը դրա սեփականատիրոջ՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի հետ:

«Թեթևության զգացումն այդպիսին է,- ասել է Քեմերոնը: — Երբ դու Միացյալ Թագավորության վարչապետն ես ու զանգահարում ես Նորին գերազանցությանն ու ասում. «Ձերդ մեծություն, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ ok է»: Ա՛յ դա տեսնելու բան էր: Թագուհին մռլտաց հեռախոսափողի մեջ, քիչ էր մնում՝ լաց լիներ»,- ասել է Քեմերոնը:

Ինչպես նշում է Times-ը, Քեմերոնի այս արտահայտությունները արարողակարգի կոպիտ խախտում են, «դրանք կարող են վիրավորել միապետին և հարվածի տակ դնել նրա քաղաքական անկողմնակալությունը: Ենթադրվում է, որ վարչապետները պետք է պահպանեն գաղտնիությունը միապետի հետ իրենց բոլոր զրույցների վերաբերյալ»:

Արքայական պալատի ներկայացուցիչը հայտարարել է. «Մենք երբեք չենք մեկնաբանում Նորին գերազանցության և վարչապետի մասնավոր զրույցները»: Իսկ Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդի կարծիքով՝ «Քեմերոնը պետք է ամոթից գետինը մտնի»:

Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԿԳ փոխնախարարը չգիտի՝ քանի աշակերտ կա Հայաստանում, եւ ընդունում է ամոթը’
Հաջորդ հոդվածը‘Ռոուհանի. Իրանը կարող է էներգապաշարների հուսալի աղբյուր լինել Եվրոպայի համար’